Կառավարությունը լեգիտիմացնում է ապօրինի գաղտնալսումը եվ վտանգում բանկային գաղտնիքը
Երբ անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին, «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սաշիկ Սարգսյանը միայն մեկ բանկում 30 մլն դոլար փող ունի, շատերի մոտ անմիջապես հարց ծագեց՝ որտեղի՞ց վարչապետին այդ տեղեկությունը։ Ենթադրեցին, որ բանկերից վարչապետը գաղտնի տեղեկություններ է ստանում։ ԿԲ նախագահ Ջավադյանին մենք հարցրել ենք, թե ով է վարչապետին տրամադրել այդ տվյալները, սակայն ԿԲ նախագահը որեւէ հոդաբաշխ պատասխան չի տվել՝ չգիտի, չի կարող ասել, ինքը չի տվել եւ այլն։
Դրանից հետո կառավարությունը մեկ տարի բզբզում էր, թե ինչ օրենք մշակի, որ էլ Ջավադյանին չխնդրի «տակից» ինչ-որ անձանց բանկային հաշիվները տրամադրել, այլ դա անեն օրենքով։ Եվ լուծումը գտան։ Երեկ կառավարության նիստում արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը զեկուցեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, որով առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննության ժամանակ առանձին դեպքերում հնարավորություն տալ նախաքննական մարմնին՝ ստանալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ առանց սահմանափակման։
Ավելի պարզ ասած՝ նախաքննական մարմնի համար մատչելի դարձնել որպես կասկածյալ եւ մեղադրյալ ներգրավված անձանցից բացի նաեւ այլ անձանց, օրինակ՝ ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար տվյալներ, որ տվյալ անձինք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն։ Այս նախագծով հնարավորություն է տրվելու նաեւ գաղտնալսել վերոնշյալ անձանց՝ նրանց ֆինանսական շարժերի մասին տեղեկանալու նպատակով։ Եվ սա այս նախագծի ամենավտանգավոր հատվածն է։ Այսինքն՝ ում ուզեն, անարգել կարող են գաղտնալսել, նույնիսկ եթե տվյալ անձը քրեադատավարական որեւէ կարգավիճակ չունի։ Վաղը իրավապահները կոռուպցիայի բացահայտման անվան տակ կարող են խցկել ցանկացած մեկին ու գաղտնալսել։ Նախագիծը երեկ բավականին բուռն քննարկվեց, որոշ պաշտոնյաներ իրենց առարկությունները կամ դիտողությունները հայտնեցին գաղտնալսման վերաբերյալ, ոմանք էլ հակառակը՝ կրծքով պաշտպանեցին վարչապետի տեսակետը։
Նիկոլ Փաշինյանը հիշեց մի դեպք, երբ իրենք իմացել են, որ իքս պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձեւով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, որը ձեւակերպված է եղել այլ մարդու անունով։ Այդ գույքը վաճառվել է, եւ հետո գումարը պետք է հանվեր ՀՀ-ից, բայց քանի որ օրենսդրությամբ սահմանափակումներ են եղել, չեն կարողացել դա բացահայտել։ «Այսինքն՝ կա՛մ պետք է մենք շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ, կա՛մ էլ մենք պետք է լուռ հետեւեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ սա ամենակարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից է։
Այստեղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը սովորաբար միակ ընդդիմացողն է լինում նման վտանգավոր նախագծերում եւ երբեք անվերապահ չի ընդունում վարչապետի ասածները, իր մտահոգությունները հայտնեց նախագծի վերաբերյալ, որ եթե վարչապետի բերած օրինակով այդ գործարքը եղել է անկանխիկ՝ բանկային ճանապարհով, ապա օրենքի ընդունումից հետո այն կբացահայտվի, «իսկ եթե կանխիկ եղանակով է լինում, ինստիտուցիոնալ ի՞նչ լուծում են տալիս»։ Ի պատասխան՝ վարչապետն էլ հումոր արեց, թե դրան շատ պարզ բացահայտում կա՝ պետավտոտեսչությունը կանգնեցնում է այն ֆուռը, որով տեղափոխում են փողը, եւ շատ հեշտ բացահայտվում է։
«Հա, շատ լուրջ բան եք ասում, որովհետեւ հակառակ դեպքում մենք գիտե՞ք ինչ ենք անում, ասում ենք՝ բանկային եղանակով մի արեք, կանխիկ արեք, որն ավելի վատ է, ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր է եւ ավելի քիչ բացահայտելի է»,- հեգնանքով նկատեց Մհեր Գրիգորյանը։ Վարչապետը հասկացավ, որ երեւի այն չէր իր ասածը, ու խոստովանեց, թե հումոր է արել։ Ապա լրջացավ՝ նշելով, որ այդ գումարը, եթե նույնիսկ բազմոցի մեջ է պահված, շատ ավելի հեշտ՝ կարելի է խուզարկությամբ գտնել։ Հիմա այս նախագծով կարգավորում են այն, որ եթե իրենք օրենքով իրավասու են «դոշակի» տակ պահված փողը խուզարկությամբ գտնել, ուրեմն պետք է իրավասություն ունենան նաեւ բանկային փոխանցումները բացահայտել։
Այստեղ վարչապետին օգնության հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ փորձելով «սխալ հանել» Մհեր Գրիգորյանին, թե նրա մտահոգությունները կոնկրետ այս նախագծին այնքան էլ չեն առնչվում․ «Այո, պարոն վարչապետ, ինչպես նկատեցիք, մենք ընդամենը այդ անկանխիկի հատվածն ենք կարգավորում, ընդ որում՝ Ձեր բերած օրինակը դրսեւորումներից շատ փոքր դրսեւորում էր բանկային գաղտնիքի անհրաժեշտության»,- ասաց նա։
Տարօրինակ է, բայց այս նախագծի հետ համաձայն էր նաեւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որը, թվում է, առաջինը պետք է շահագրգռված լիներ բանկային գաղտնիքի եւ իրենց փողերը բանկերում պահողների շահերի պաշտպանությամբ, քանզի նման օրենքի ընդունումից հետո բանկային համակարգը կարող է լուրջ վնասներ կրել, եւ մարդիկ հնարավոր է բանկերին ուղղակի այլեւս չվստահեն։
«Կոնկրետ էս օրենքով ես չեմ մտածում, որ մենք որեւէ խոչընդոտ ստեղծում ենք՝ բանկային գաղտնիք ստանալու, կամ էլ նախկինում ունեցել ենք»,- ասաց Ջավադյանը։ Կարճ ասած՝ ինչ մինչ օրս արել են ապօրինի, փաստորեն, այսօր օրինականացնում են։ Եվ դա հասկանում են բանկային համակարգում, որը մեզանում քիչ կայացած համակարգերից է։
«Մենք մի քիչ սովոր ենք, որ դա տենց թեթեւ պրոբլեմ ա՝ ի՞նչ կա որ, կարելի է եւ գաղտնալսել․ չէ, տենց չի՝ գաղտնալսումը, կարծում եմ, պետք է լինի ծայրահեղ, իրավական պրոցեսուալ բարդ գործընթաց, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն ունենան իմ անձնական խոսակցությունը լսել։ Եվ եթե լսում են, որ ես ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան եմ խոսում, ու մյուս կողմը դառնում է հետաքրքիր, պետք է գնան դատարաններով պրոցես անցնեն, ոչ թե միանգամից դա օգտագործեն ապացույց։ Ընդ որում՝ չենք էլ կարող, էս բոլոր գործերը կգնան Եվրոդատարան, ու կպարտվենք»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հեգնեց փոխվարչապետին․ «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում, պարոն Գրիգորյան»։
Ի դեպ, համեմատությունը թեեւ տեղին չէ, սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, երեկ լրացավ մեկ տարին, երբ տարածվեց ԱԱԾ տնօրենի, վարչապետի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված խոսակցությունը։
Կարծիքներ