Չարենցավանի քաղաքապետը ևս վարակվել է կորոնավիրուսով

Չարենցավանի քաղաքապետը ևս վարակվել է կորոնավիրուսով

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը վերջին շրջանում գնալով ավելացել են։ Եվ սա այն դեպքում, երբ Չարենցավանը կարողացել էր բավականին զսպել վիրուսի տարածումն ու նվազագույնի հասցնել դեպքերի աճը։ Հիմա նորից ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, նաև բնակչության անփութության ու լուրջ չվերաբերվելու հետևանքով։ Կորոնավիրուսով վարակվելուց չի խուսափել նաև Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը։ 

Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ վարակվել է։ Ասաց՝ առաջին սիմպտոմներն ունենալուն պես մեկուսացել է տանը, մի քանի օր տանն է մնացել, բարձր ջերմություն է ունեցել, հետո դիմել է հիվանդանոց, ստուգվել է, թոքաբորբ է հայտնաբերվել մոտը։ Բարեբախտաբար, շատ բարդացած վիճակ չի եղել, հիմա նորից տանն է, բուժում է ստանում, արդեն լավի է դառնում։ 

«Էդքան գալիս էին մոտս, խնդրում-աղաչում էի, որ գոնե քթներդ փակեք, դիմակը նորմալ դրեք, չէին լսում։ Հիմա արդեն լավ եմ, բժիշկներն ասացին՝ քանի որ ծխող չեմ, խմող չեմ, օրգանիզմս պայքարել է»,-ասաց Հակոբ Շահգալդյանը։

Հարցին՝ շա՞տ են դեպքերը Չարենցավանում, քաղաքապետն ասաց, որ իր իմանալով՝ դեպքերի աճ կա քաղաքում, իրենց շենքում, օրինակ, բնակիչների մոտ 30 տոկոսը վարակված է։