Վրաց-ուկրաինական թնջուկը

Վրաց-ուկրաինական թնջուկը

Թեեւ ծնվել ու մեծացել եմ Թիֆլիսում (մեզ համար Թիֆլիս էր), սակայն վրաց-ուկրաինական հարաբերություններին պատմական կտրվածքով (նախքան ԽՍՀՄ կազմավորումը) ծանոթ չեմ: Ինչը նորմալ եմ համարում, քանի որ, եթե չլիներ 2003 թվականի վրացական «Վարդերի հեղափոխությունը» եւ 2008-ի վրաց-հարավօսական-աբխազական-ռուսական պատերազմը, մի կողմից, եւ 2004 թվականի ուկրաինական առաջին Մայդանը, 2014-ին՝ ուկրաինական երկրորդ Մայդանը եւ դրան հետեւած՝ Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում պատերազմն ու Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, մյուս կողմից, ապա վրաց-ուկրաինական հարաբերությունների հարցը դժվար թե հետաքրքրեր որեւէ մեկին: Իհարկե, բացառությամբ արխիվային դարակների թղթապանակներ քրքրող եւ դրանցում հետաքրքիր բան փնտրող մեկ-երկու մասնագետի: 

Բայց այդ ամենը տեղի է ունեցել, եւ արդյունքում էլ հետխորհրդային չորս հանրապետություններ միավորող ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) հակառուսական կազմակերպություն է ձեւավորվել: Ու վրաց-ուկրաինական հարաբերություններն էլ դարձել են բարեկամական: Այդ բարեկամության դրսեւորումն էր նաեւ 2008 թվականի պատերազմի վետերան Մամուկի Մամուլաշվիլու եւ նրա հետեւորդ 10 սպաների ստեղծած կամավորականների վրացական գումարտակը, որը դեռեւս 2014-ին կռվել է Դոնբասի ռուս բնակիչների դեմ, իսկ 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմում վերածվել է 700 զինվորականով համալրված Վրացական ազգային լեգեոնի: Այն համարվում է արտասահմանցիներով համալրված ռազմական ամենամեծ միավորումը։

Բայց վրաց-ուկրաինական բարեկամությունը չխոչընդոտեց, որպեսզի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ռուսական ներխուժումից 4 օր անց հայտարարեր, որ իր երկիրը հրաժարվում է միանալ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Եվ այն հիմնավորել է տնտեսական շահերով. դրանց միանալու դեպքում կտուժեին վրացական գինեգործությունն ու զբոսաշրջությունը: Այս երեւույթը ցուցանում է պարոն Ղարիբաշվիլու մոտ վրացական ազգային-պետական շահերի ընկալման բարձր մակարդակի առկայության մասին: Ի դեպ, հակառուսաստանյան պատժամիջոցներին միանալուց հրաժարվելը վարչապետի կողմից կրկին անգամ բարձրաձայնվել է ապրիլի սկզբներին: Եվ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե Վրաստանը միանում է Արեւմուտքի բոլոր ֆինանսական պատժամիջոցներին: Պարզաբանեմ, որ տիկին Սալոմեն ծնվել, մեծացել եւ կրթություն է ստացել Ֆրանսիայում, այնուհետեւ ուսանել է ԱՄՆ-ում, երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում: 2003 թվականին նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան, իսկ մեկ տարի անց Միխեիլ Սահակաշվիլին նրան առաջարկել էր Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնը:

Թեմայից մի փոքր շեղվեմ` նկատելով, որ հայաստանյան որոշ վերլուծաբաններ բարձր են գնահատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե որն է դրա հիմքը: Եթե Զելենսկու հայրենասիրական զեղումներն են, ապա նույն բանը մենք տեսել եւ լսել ենք 2020-ի աշնանը՝ Փաշինյան Նիկոլի կատարմամբ: Ինչը նշանակում է, որ տեսականորեն նույն գնահատականը պետք է տրվեր նաեւ պարտության խորհրդանիշ Փաշինյանին: Եթե պատերազմը դեռեւս չդադարեցնելն է, ապա պետք է հաշվի առնել Ուկրաինայի տարածքը, բնակչության քանակը եւ ըստ այդմ՝ բանակի քանակը, ինչպես նաեւ սպառազինության անընդհատ մատակարարումն Արեւմուտքից: Միաժամանակ չպետք է աչքաթող անենք արեւմտյան ռազմական մասնագետների կողմից ուկրաինական բանակի վերափոխումը 2014-ի պատերազմից հետո, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը ԶՈՒ ԳՇ-ի աշխատանքներում: Եվ որպես վերջին օրինակ՝ արեւմտյան տեղեկատվական մասնագետների ներգրավվածությունը հակառուսական սադրանքներում՝ Բուչա, Կրամատորսկ եւ բազմաթիվ պակաս խոշոր ակցիաներում: 

Եվ որպեսզի պարզ լինի Զելենսկու մակարդակը՝ ներկայացնեմ վերջերս տեղի ունեցած ուկրաինա-վրացական «փոխհրաձգությունը»: Ուկրաինական ռազմական հետախուզության տվյալների հիման վրա Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը եւ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Վրաստանի հասցեին մեղադրանքներ են հնչեցրել, թե իբր պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, մաքսանենգ ճանապարհով երրորդ երկրներից Ռուսաստան են տեղափոխվում Վրաստանի տարածքով։ Ներկայացնեմ ընդամենը երկու պատասխան: «Սա այն դեպքն է, երբ մենք ենք կտրուկ կերպով պահանջում. կա՛մ Ուկրաինայի համապատասխան ծառայությունները ներկայացնում են Վրաստանին վերագրվող զզվելի մեղադրանքների հստակ ապացույցները, կա՛մ հերքում են այդ աբսուրդային պնդումները՝ նույնքան հրապարակայնորեն եւ նույն աղբյուրների կիրառմամբ»,- հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն: 

Զուտ զավեշտի ոլորտից է երկրորդ պատասխանը: «Մեզ ուղղված մեղադրանքներն աբսուրդային են եւ զուրկ տրամաբանությունից։ Եթե խոսքը մաքսանենգության մասին է, ապա ես կուզեի հիշեցնել մի մաքսանենգ ապրանքի մասին, որը կարողացավ անարգել հատել ուկրաինական սահմանը։ Դրա անունն էր Միխեիլ Սահակաշվիլի»,- հայտարարել է նույն կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ասվում է, թե Վրաստանի կառավարության ներկայացուցիչները վստահ են, որ Կիեւից հնչող մեղադրանքներն առավելապես ներքաղաքական բաղադրիչ ունեն, եւ դրանց թիկունքում կանգնած են նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կողմից Ուկրաինա տեղափոխված, ուկրաինական անձնագիր ստացած եւ այժմ այդ երկրի ուժային կառույցներում աշխատող վրացիները։ Ասվում է, որ դա արեւմտյան երկրների հետախուզության դավադիր վարքագծի դրսեւորում է: Հնարավոր է՝ չեմ ժխտում: Բայց եթե այդպես է, ստացվում է, որ Ուկրաինայի կառավարությունը կատարում է ընդամենը խամաճիկի դեր: Եվ հանուն Սահակաշվիլու՝ փչացնում է հարաբերությունները Վրաստանի գործող իշխանության հետ: Միաժամանակ ցավակցում եմ արեւմտյան վերլուծաբաններին՝ հակառուսականության առաջնագիծ Վրաստանին վերադարձնելու նման միջոց որդեգրելու կապակցությամբ: 

Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ, որպես Վրաստանի «դավաճանական» վարքագծի պատասխան, Թբիլիսիից հետ է կանչել իր երկրի դեսպանին: Պարզվում է, նույն հիմքով հետ է կանչվել նաեւ Մարոկկոյում Ուկրաինայի դիվանագիտական առաքելության ղեկավարը: Բայց վրաց-ուկրաինական հարաբերություններում խնդիրներ առաջանալը չի փոխել ԵՄ ղեկավարության վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ: Վրաստանը Մոլդովայի հետ միասին Եվրամիությանն անդամակցելու դիմում էր ներկայացրել մարտ ամսին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից որոշ ժամանակ անց: Հայտն ընդունվել է, եւ Վրաստանին է ներկայացվել կառույցի կազմած պաշտոնական հարցաշարը, որի հիման վրա պետք է որոշվի, թե կարո՞ղ է, արդյոք, Վրաստանը դառնալ Եվրամիության անդամ, եւ եթե այո, ապա ե՞րբ:

Այնպես որ, թեեւ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հակառուսական պատժամիջոցներին, դա չի նշանակում, թե այնտեղ փոխվել է արտաքին քաղաքական ուղղվածությունը կամ էլ խիստ բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Եվ չնայած այն հանգամանքին, որ վերջին 5 տարում 5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ է այցելել Վրաստան, նույն վերաբերմունքն առկա է նաեւ շարքային ռուսաստանցիների նկատմամբ: Դա հերթական անգամ բացահայտվել է վերջերս, երբ արեւմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը լքած՝ տեղեկատվական ոլորտի բազմաթիվ մասնագետներ սկզբում փորձել են հաստատվել Վրաստանում: Նրանք հաշվի են առել մի շարք գործոններ՝ համացանցով տեղեկատվության փոխանակման մեծ արագություն, բարենպաստ եղանակ, եվրոպական հարեւանություն, պատերազմի բացակայություն, ծովափի առկայություն եւ այլն: Սակայն վրացական բանկերում հաշիվ բացելիս նրանց պարտադրել են «ղազագրեր» ստորագրել՝ դատապարտելով ՌԴ ղեկավարությանը, ինչի պատճառով նրանց որոշակի մասը մտքափոխվել եւ տեղափոխվել է Հայաստան: