Ագրեսիվ փոքրամասնության իշխանությունը

Ագրեսիվ փոքրամասնության իշխանությունը

Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու ԱԳ նախարարը վերջին մեկ-երկու ամսում տասնյակ անգամ հրապարակավ հրաժարվել են Արցախից։ Ո՞ւմ են այդ դեպքում ուղղված Հայաստանի բնակչության իրավաչափ հարցադրումները՝ Ալիեւի՞ն, Պուտինի՞ն, Մակրոնին ու Բայդենի՞ն։ Գուցե արտաքին թշնամու կամ բարեկամի վարքը քննելուց առաջ նախեւառաջ պատասխան պահանջենք Եռաբլուր պանթեոնում մեր նահատակների շիրիմներն անարգող իշխանախմբի՞ց։ Մարդիկ, որոնք Եռաբլուր են բարձրանում այնքան հեշտությամբ, որքան ժամանակին Ռադիոտունն էին գրավում, խորհրդարանը պաշարում, դատարանների մուտքերն արգելափակում, առհասարակ՝ վերջին չորս տարում՝ պետական կառավարումը տապալում։

Մեր հանրությունն արդեն հաղթահարե՞լ է հետպատերազմյան շոկը, բարոյական եւ մտավոր դաշտում վերագտե՞լ է իր ուժերը, վերականգնե՞լ է արժանապատվությունը, վերքերն սպիացե՞լ են, որ ամեն ինչ քննարկում է, բացի պատերազմի հետեւանքներից, ասես այն անցած-գնացած մի բան է։ ՔՊ-ի ցինիզմը բավում է այնքան, որ Վեդիում իրենց հաջողությունից արբած՝ տարիուկես հետո կայանալիք Երեւանի ավագանու ընտրության են նախապատրաստվում, այն դեպքում, երբ պատերազմում պարտությունից հետո մոտակա մի քանի տարում առհասարակ որեւէ ընտրության մասնակցելու միտք անգամ չպետք է ունենային։

2018-ի եւ 2021-ի «համեմատաբար ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրությունների արդյունքը, որն այս իշխանությունը սիրում է համեմատել մեկ էլ 1991-ի նախագահական ընտրության հետ, ո՞րն է՝ նախ Արցախի օտարման, ապա ամբողջական հայրենազրկման համաժողովրդական մանդա՞տը։ Գուցե պայմանական «անազատ» ընտրություններն ավելի խելամիտ եւ հեռանկարային հանգրվանի՞ բերեին։ Իրողությունն այն է, որ թե՛ 2018-ի Երեւանի ավագանու, թե՛ 2018-ի եւ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների կեսից պակասը, այսինքն՝ իշխանությունը ձեւավորվել է բնակչության փոքրամասնության քվեով։ Ստացվում է՝ Հայաստանում գործում է փոքրամասնության իշխանություն, որը որեւէ դեպքում իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից իրեն տրված խաղաղության մանդատից խոսելու։

Հայաստանյան ներկայիս հանրույթի կրթական ցենզի պայմաններում գուցե վիճելի, բայց միանգամայն արդարացված կլիներ, վարորդական իրավունքի վկայական ստանալու պես, լրջորեն քննել՝ ովքե՞ր ունեն ընտրական իրավունք, արդյո՞ք նրանք ցավում են երկրի ապագայի համար, կարո՞ղ են ճիշտն ու սխալը զանազանել, պետությունը նրանց համար արժե՞ք է։ Իրավունք ունի՞ Եռաբլուր պանթեոնն անարգողը կամ Արցախի դրոշը պղծողը, որը, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է, որոշելու ՀՀ գիտակից քաղաքացիների հավաքական ապագան։ Ցանկացած հասարակությունում թափթփուկներն ու խոտանը միշտ էլ ավելի շատ են, քան խելամիտ ու ողջախոհ զանգվածը, ինչ է՝ նրա՞նք պիտի որոշեն երկրի ուղեգիծը, ներկան ու ապագան։ Եթե Հայաստանում ձեւավորված լիներ խորքային պետություն, այն թույլ չէր տա արկածախնդիրների պատահական խմբակին փողոցից իշխանության գալ։ Որեւէ առաջադեմ երկրում նման սցենարը բացառվում է։

Ցավոք, ապիկար կառավարման ներկա ընթացքը հուշում է, որ համակարգային ողբերգության այս էջը դեռեւս փակվելու միտում չունի, եւ պետք է պատրաստ լինել՝ կանխելու նոր զիջումները։ Իշխանությունը սեփական կամքով հեռանալու քաջություն չունի, Փաշինյանն իր երբեմնի քաղաքական կուռք Լեւոն Տեր-Պետրոսյանից այդպես էլ չսովորեց ժամանակին հեռանալու արվեստը՝ նույնիսկ առանց հանրային ըմբոստության։ Աղետալի պարտությունը, ամիսներ շարունակ բողոքի ժողովրդական ալիքը, քաղաքացիական պատերազմի վտանգը, բանակի հրապարակային հորդորը, թշնամի պետության նվաստացումները, նոր զիջումների սպառնալիքը՝ ոչինչ նրան չի ստիպում հրաժարական տալ։ 

Բելգիացի գրող Կամիլ Լըմոնյեն իր «Տղամարդու սերը» վեպում մտորում է․ «Մարդը գերմարդկայնորեն ենթարկվում է արգելքները խախտելու հաճույքին։ Նա անում է այն, ինչ արգելված է անել, եւ այդպիսով վկայում է իր ազատությունը։ Եվ այդկերպ նա իրեն Աստված է հաստատում»։ Փաշինյանը վաղուց խախտել է հնարավոր ու անհնար բոլոր կարմիր գծերն ու թերեւս իրեն Աստված հաստատելու ճանապարհին է։

Դավիթ Սարգսյան