Փաշինյանի ելույթի մեսիջներն ու կոդային արտահայտությունները

Փաշինյանի ելույթի մեսիջներն ու կոդային արտահայտությունները

Եթե բաց թողնենք երեկվա ելույթի էմոցիոնալ մասը եւ փորձենք զատել լալահառաչ խոստովանությունները, մեղա գալով նորից հանրային սերն ու վստահությունը վերականգնելը եւ նոր մեղքեր գործելու համար մանդատ աղերսելն այն կարեւոր ասելիքից, որը զետեղված էր ՀՀ վարչապետի ելույթում, ապա մի քանի բան պետք է առանձնացնենք ու ընդգծենք։
Առաջինն այն գույժի ավետումն է, թե «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ», եւ «ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները»:

Հաջորդ մեսիջը վերաբերում է նրան, որ ո՛չ նախապատրաստական աշխատանքները, ո՛չ էլ անգամ բուն խաղաղությունը հնարավոր է մեզ բոլորովին էլ խաղաղություն չբերեն, հակառակը՝ «չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել»։ Այնպես որ, ամեն դեպքում՝ պատրաստ եղեք պատերազմի։  Բայց պատերազմի վտանգն ավելի մեծ է, եթե «նույն կետում» կանգնում ենք եւ «գործընթացում որոշակի առաջընթաց» չենք ապահովում։ Իր ասելով՝ իրենք հաշվարկել են ռիսկերը։ Իհարկե, չենք անդրադառնում նրան, թե որքանով են իրենք ունակ ռիսկերը գնահատել՝ կյանքը ցույց է տվել, որ մինչ օր բացարձակապես չեն կարողացել ադեկվատ հաշվարկներ անել եւ գնահատել ռիսկերը։ Բայց անցնենք առաջ․ հաջորդիվ նկարագրում է, թե ինչ է պետք անել, որ Ադրբեջանը չկարողանա փակուղի մտցնել բանակցությունները, եւ այնպես չստացվի, որ անգամ նման պայմանագրի կնքումն ու կնքելու պատրաստակամությունը՝ մեր կողմից, ոչ մի դեր չխաղա, եւ մենք նորից կորուստներ ունենանք։

Դրա համար մենք պետք է «դելիմիտացիայի գործընթացում հիմնվենք Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա»։ Եթե մարդկային լեզվով ասենք՝ Ադրբեջանի՝ մեզ պարտադրած 1970 թվերի քարտեզը, որը Սովետական Հայաստանի պատմության ընթացքում ամենաոչշահեկան քարտեզն է, կամ՝ «գուգլմեպի» ու ջիպիէսի տվյալներն են դրվելու սահմանազատման հիմքում։ Ինչը նշանակում է հրաժեշտ անկլավներին, Գորիս-Կապան ճանապարհին, Նոյեմբերյանի տարածաշրջանի 7 գյուղին եւ այլն։

Ինչ վերաբերում է Արցախին։ Փաստ է, որ Ադրբեջանի 5 սկզբունքներն ընդունել են որպես բանակցությունների հիմք, չնայած դրանք իրականում ուլտիմատում են, եւ առաջին օրերին դրանց հետ կապված առարկություններ ունեին։ Հիմա, ըստ էության, կոտրվեցին ու համաձայնեցին սրան։ Բայց երեկվա ելույթում Փաշինյանը «մի շատ կարեւոր նրբություն» է առանձնացրել․ «Որ եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը»:

Ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանը գոնե թղթի վրա կամրագրի անվտանգության երաշխիքներ եւ անգամ թույլ կտա, որ տարբեր մոնիտորինգային խմբեր ու զորքեր տեղադրվեն, որ հսկեն եւ ապահովեն արցախցիների կյանքի անվտանգությունը, սակայն Արցախի անկախության կարգավիճակին չի համաձայնի, եւ այս հարցը կփակվի։ Երբ դու սկսում ես զիջել ինչ-որ հարցում, դիմացինդ տեսնում է, որ դու պատրաստ ես զիջելու, քո մեջ վախն այնքան ամուր է նստած, որ քո զիջումների ներքին սահմանն արդեն իջել է «պլինտուսից», եւ քեզ կարող են պրակտիկորեն ամեն ինչ պարտադրել։ Բավական է սպառնան նոր պատերազմով, եւ դու զիջելու ես, որովհետեւ կրակից այրվածը մոմին էլ փչում։

Հաջորդ մեսիջը, որ փոխանցում է Նիկոլ Փաշինյանը․ «Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ, ընդհակառակը՝ ավելի խորանա կամ էլ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս է պատճառը, որ մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն՝ միեւնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Այսինքն, կոմունիկացիաների ապաշրջափակման լեգենդն իրականում հյուսված էր մեր զգոնությունը թմրեցնելու համար, եւ արդեն կամաց խոստովանում են, որ Ադրբեջան-Թուրքիա-Նախիջեւան հաղորդակցության ուղիներ ապահովելուց Հայաստանը ոչինչ չի շահելու։

Հակառակը՝ կարող ենք կորցնել, հայտնվել ավելի խոր փակուղում եւ պատերազմի նոր ռիսկեր առաջացնել, ծախսերի մասին էլ չենք խոսում։ ՀՀ վարչապետը կարծում է, որ կարողանալու են «մաքսիմալ ճկունություն» ցուցաբերելով՝ կանխել դա, սակայն ակնհայտ է, որ, նախ՝ իրենք ունակ չեն ճկունության, երկրորդը՝ դիմացինը քո ճկունության վրա թքած ունի։ Եվ երրորդը՝ այս ամենի արդյունքում վտանգներ կան՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականությանը։

Իսկ եթե այս ամբողջ ելույթն ու «զրիցները» մի կողմ դնենք եւ ավելի իրատես լինենք, պետք է հասկանանք, որ ոչ մի փաստաթուղթ չի սահմանափակելու մեր թշնամիների ախորժակը, եւ ոչ մի միջազգային երաշխիք չի ապահովելու մեր անվտանգությունն ու չի կանխելու պատերազմը, եթե ունենք վախեցած, խուճապի մեջ հայտնված իշխանություն, չունենք բանակ եւ սեփական անվտանգության ուժեր, երկակի խաղեր ենք տալիս Արեւմուտքի, Ռուսաստանի եւ մեր հարեւանների միջեւ եւ, վերջապես՝ պատրաստ ենք անվերջ զիջումների, անգամ մեր հայրենիքի ու մեր շահերի հաշվին։

Սվետա Մարտիրոսյան