Գուրգեն Արսենյանը կոչ էր անում՝ միջոցներ ձեռնարկել․ գուցե հենց սա՞ նկատի ուներ

Գուրգեն Արսենյանը կոչ էր անում՝ միջոցներ ձեռնարկել․ գուցե հենց սա՞ նկատի ուներ

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները նախօրեին բոյկոտեցին խորհրդարանի նիստերը՝ հայտարարելով, որ մեկնում են Արցախ եւ Սյունիք՝ հանդիպելու տեղի բնակչությանն ու ժողովրդին արթնացնելու։ Սակայն պարզվեց, որ նրանց մուտքն արգելված է Արցախ, քանի որ ռուս խաղաղապահները նրանց անուններով ինչ-որ ցուցակներ ունեն, որը, ըստ ընդդիմադիրների, տրամադրել են Հայաստանի իշխանությունները՝ Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցված, որ նրանք չկարողանան մուտք գործել Արցախի Հանրապետություն։ Արցախ մեկնած պատգամավորների խմբի մեջ էր նաեւ «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Սա հայոց պատմության ամենախայտառակ էջերից մեկն էր, որովհետեւ, բացի այն, որ մենք պատգամավորներ ենք, ՀՀ քաղաքացին, ըստ էության, չկարողացավ մուտք գործել Արցախ։ Ու էսօր Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հղում է անում իր կողմից ստորագրված էդ կործանարար եռակողմ հայտարարությանն ու մտահոգություն է հայտնում: Էս դեպքում մեր պահանջը ՀՀ իշխանություններից է, որովհետեւ, եթե խախտվում են այդ հայտարարության կետերը, ուրեմն ինքը չի կարողանում էդ պահանջները բավարարել»։

- Իսկ այդ ցուցակները նրա՞նք էին տվել ռուս խաղաղապահներին։

- Նախկինում, երբ Արցախ գալիս էինք, հայկական կողմում երբեք չի եղել, որ անուն-ազգանուններ գրանցեին, անձնագրային տվյալներ, ծննդյան ամսաթվեր վերցնեին, բայց այս անգամ հայկական կողմում հատ-հատ մեր բոլորի տվյալները վերցրին, թե ովքեր են մտնում։ Հետո, երբ մենք հասանք ռուս խաղաղապահներին, իրենք ցուցակներն ունեին։ Ռուս խաղաղապահները, ըստ էության, ոչ մի բացատրություն չէին տալիս, ուղղակի ասում էին, որ իրենց տրամադրել են ցուցակները, որպեսզի մեզ արգելեն մտնել Արցախ։ Թե ով էր տվել, էս մասին խաղաղապահներն ինֆորմացիա չունեին։

- Տարբեր մեկնաբանություններ հնչեցին, որ դուք փորձում եք մեղքը ռուս խաղաղապահների վրայից հանել եւ բարդել Հայաստանի իշխանությունների վրա, մինչդեռ ձեզ արգելողը հենց ռուսներն էին, մյուս կողմից՝ մեր ԱԳՆ-ն է փորձում իր «մտահոգությամբ» մեղքը բարդել ռուս խաղաղապահների վրա, թե իրենք կապ չունեն՝ ռուսները չեն թողել։

- Ես ոչ մեկի վրայից ո՛չ մեղքը վերցնում եմ, ո՛չ էլ մեղքը բարդում եմ ինչ-որ մեկի վրա։ Ես ասում եմ այն, ինչ տեղի է ունեցել․ ռուս խաղաղապահների մոտ կար ցուցակ, իսկ թե ցուցակներն ում կողմից էին տրամադրված, դա դեռեւս պարզ չէ, մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե ով էր տրամադրել, բայց տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրելու, որ դա արված է Ալիեւի եւ Փաշինյանի կողմից համատեղ, որովհետեւ հիստերիայի մեջ էր ընկել մեր Ազգային ժողովը, երբ մենք հայտարարեցինք, որ մեկնում ենք Արցախ։ Դա ակնհայտ էր, չէ՞, չենք կարող հերքել՝ նույն Արսենյան Գուրգենի հայտարարությունները, նույն Արցախի դրոշն ամբիոնից հեռացնելը, բոլորը դրան էին տանում։ Այնպես չէր, չէ՞, որ իրենք շատ հանգիստ վերաբերվեցին մեր՝ Արցախ գնալուն։ Տպավորություն է, որ շուտով Արցախ գնալը կարող է քրեականացվել նաեւ։

- Իսկ դրանից հետո դուք ի՞նչ լուծում գտաք, ո՞ւր գնացիք, որտե՞ղ գիշերեցիք։

- Դրանից հետո մենք գիշերեցինք Գորիսում, հիմա էլ վերադառնում ենք Երեւան։ Թե ինչ ենք անելու, մեր քայլերի մասին կունենանք ժողով ու կորոշենք, թե ինչ ենք անելու։

- Ձեր՝ Արցախ չհասնելը ոմանց կողմից հեգնանքի առիթ դարձավ, թե` ընդդիմությունը հայտարարեց, որ գնում է Արցախ, ու տեղ չհասավ։ Դուք էլ տեւական ժամանակ չէիք ցանկանում, որ այդ ինֆորմացիան տարածվի: Սա ազդե՞ց ընդդիմության հեղինակության  վրա, որ չկարողացաք մտնել Արցախ։

- Ես ցավում եմ, որ եղել է հասարակության ինչ-որ մի հատված, որը հեգնել է նման բանը, որովհետեւ հեգնել են ՀՀ քաղաքացիների՝ Արցախ չմտնելը։ Ինձ թվում է՝ այն մարդիկ, որոնք հեգնում են, կա՛մ իսկապես չեն պատկերացնում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս նախադեպը, այդ «սեւ ցուցակը», կա՛մ ուղղակիորեն ադրբեջանական գիծն են սպասարկում։ ՀՀ քաղաքացին կապույտ անձնագրով չի մտել Արցախ, եւ սա հեգնանքի առի՞թ է հանդիսանում։ Ես չեմ պատկերացնում, որ նման բանը կարելի է հեգնել, անկախ նրանից՝ ընդդիմադիր պատգամավո՞ր է մեկնում Արցախ, թե՞ ցանկացած ՀՀ քաղաքացի։ Իհարկե, ոչ, դա ընդդիմության վրա որեւէ ձեւով չի կարող անդրադառնալ։ Ըստ էության՝ մենք ականատես եղանք այն փաստին, որ ընդդիմությանը նույնքան ատում է ե՛ւ իշխող խումբը, ե՛ւ Ադրբեջանը։