Նախարարության աշխատանքը համարում ենք, որ շատ դրական է և արդյունավետ․ «Աստղիկ» ԲԿ ղեկավար

Նախարարության աշխատանքը համարում ենք, որ շատ դրական է և արդյունավետ․ «Աստղիկ» ԲԿ ղեկավար

Երեկվա միջադեպից ու Արսեն Թորոսյանի դեմ արշավից հետո, մեր տեղեկություններով, առողջապահության նախարարությունից այսօր արդեն զանգում պարտադրում են բժշկական հաստատությունների տնօրեններին, որ նրանք նախարարի հասցեին դրական հայտարարություններով հանդես գան։

Hraparak.am-ը հետաքրքրվեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանից, թե իրեն նախարարությունից նման խնդրանքով կամ հանձնարարությամբ զանգե՞լ են, որ նախարարի մասին դրական խոսք ասի, դրական տվյալներ ներկայացնի նրա աշխատանքից։

«Ոչ, ինձ նման զանգ չի եղել, բայց որ ներկայացնելու լինենք, եթե մեզ հարցնեն, դրական ենք ներկայացնելու, որովհետև դրական բաներ շատ ենք տեսնում նախարարության աշխատանքում»,-ասաց Ասատուր Ասատրյանը։

-Օրինակ՝ ի՞նչ դրական բաներ կմատնանշեք, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում նախարարության աշխատանքը։

-Նախարարության աշխատանքը համարում ենք, որ շատ դրական է և արդյունավետ։ Իսկ մնացածը, թե իրենց քաղաքականությունը ոնց է ուրիշ կենտրոններում, մենք դրա մեջ չենք մտնում։

-Իսկ կոնկրետ Ձեր ղեկավարած բժշկական կենտրոնի հետ ինչպե՞ս է համագործակցությունը, օրինակ՝ ֆինանսավորման չափը ավելացե՞լ է։

-Բոլոր կենտրոններին էլ, ես գիտեմ, որ ավելացել է, մերն էլ է ավելացել, մենք էս տարի համարյա քաղաքացիներին մերժումներ չունենք, և պետպատվերի մեջ ընդգրկվող քաղաքացիների շրջանակն է մեծացել, ինչ-որ չափով գնային քաղաքականությունն է բարելավվել, օօնկո ծրագիրն է մտցվել, սրտի անհետաձգելի վիրահատության դեպքերի հետ կապված, եթե էն ժամանակ ոչ դեղապատ ստենտ էինք դնում, հիմա դեղապատ ենք դնում, մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնությունը մեծացավ, էդ ինսուլտների ծրագիրը ներդրվեց, որը շատ թանկ է, բայց պետությունը սկսեց ֆինանսավորել, վերջերս էլ արհեստական բեղմնավորման էդ ծրագրում ֆինանսավորում մտցվեց։ Այսինքն՝ ես վատ բան չեմ տեսնում։ Իսկ էն մնացածը, ինչ կատարվում է, դրա մեջ մենք չենք խառնվում։

-Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին հեռացրեց։

-Էդ մասով մեկնաբանություն չեմ կարող տալ։

-Հասարակությունն այսօր կարծես բաժանվել է երկու մասի՝ մի մասը գոհ է Թորոոսյանի ախատանքից, մյուս մասը մեղադրում է նրան ու պահանջում նրա հրաժարականը, որոշներն էլ նույնիսկ Արմեն Մուրադյանին են հետ կանչում՝ որպես նախարար։

-Մենք բժշկական համալսարանի աշխատանքից էլ ենք գոհ, մենք ունենք ամբիոններ մեզ մոտ, ունենք համատեղ  նախագիծ բժշկական համալսարանի հետ, և կողմնակից ենք,որ լինի երկխոսություն, և էդ երկու կառույցները իրար հետ համագործակցեն, որ առողջապահությունը կարողանա զարգանալ Հայաստանում։ Ես էդպես եմ գտնում։ Ես որևէ մեկի կողմը բռնելու ցանկություն չունեմ, երկուսն էլ կարևոր կառույցներ են առողջապահության համար, և ճիշտ կլինի, որ երկխոսեն, համագործակցեն։ Ես ոչ մեկի մասին վատ բան չեմ կարող ասել։