Երեքը՝ բեմում, չհաշված ռեմարկները

Երեքը՝ բեմում, չհաշված ռեմարկները

Դարձյալ ու կրկին Համազգային թատրոնի նոր ներկայացման մասին, այս դժվար տարում արդեն որերորդ անգամ։ 

Գեղարվեստական ամոքիչ դերակատարում ստանձնած թատերախումբը, դասական ներկայացումներին զուգահեռ, իբրեւ նորություն, փոքրաթիվ հանդիսականի առջեւ հանդես  է գալիս պիեսի թատերականացված ընթերցանության՝ արդեն ընդունելի ու սիրելի ժանրով։ Թատրոնի փոքր բեմում Իսրայել Հորովիցի «Ռեմարկներ» փորձարարական, անսովոր, յուրօրինակ ներկայացումը,  շեքսպիրյան բառերով՝ մի քիչ ավելին էր, քան ընթերցանություն, պակաս, քան ներկայացում։ «Ռեմարկների» դիտումից օրեր անց, սակայն, հանդիսականի մտքում դառնում է լիարժեք ներկայացում, երբ կերպարները դառնում են մտածումի, կարեկցանքի հուշարար, ներկայացման ուղերձը՝ բազմավեկտոր։
Ամերիկայում բնակվող ֆրանսագիր հեղինակի անսովոր՝ ռեմարկներով գրված պիեսի թարգմանիչը Հերմինե Աթանեսյանն է, բեմ հանելու համար դերասանների հետ աշխատել են  բեմադրիչներ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Խալաթյանը։ Դրամատուրգի միակ ռեմարկ-հուշումը հնչում է ամենասկզբում․ «Ռիչարդ՝ 40 տարեկան, Ռութ՝ 30 տարեկան, եւ Ռուդի՝ 20 տարեկան։ Աշուն, օրը երեկոյանում է»։

Փոքր դահլիճում ներկայացում դիտելիս այն զգացողությունն ունես, ասես պատահաբար պատուհանից ներս ես նայում, կամ միայն քեզ են պատմում, ինչպես պատմվածք կարդալիս։ Դերասանների համար առավել բարդ ու ծանր քննություն է՝ խաղալ առանց պատնեշ-բեմահարթակի, կուլիսից հայտնվել հանդիսականին դեմ-հանդիման, երբ դերակատար ու հանդիսական ասես բեմական նույն տարածության մեջ են։ 

Ձեւավորումը մինիմալիստական է․ բազկաթոռ, բազմոց, բար՝ խմիչքներով, չկա չօգտագործվող դեկորացիա։ Դերասանների ռեմարկներից, ինչպես խճանկարի մասեր, հետզհետե երեւակվում է էքստրեմալ սիտուացիան։ Ավիավթարից ծնողների միաժամանակյա մահ, դրան հաջորդած դիակապտություն։

Դատարկ սենյակում առաջինը հայտնվում է Ռիչարդ-Գագիկ Մադոյանը՝ սգո ժապավենը թեւին, վշտի մեջ առավել լուրջ, իր տարիքը զգացող, միայնակ սգակիր։ «Ռիչարդը դեմքն առնում է ափերի մեջ եւ անզուսպ հեծկլտում»․ կարդում է ռեմարկը դերասանը եւ անձայն հեկեկում։ Այնուհետ տուն են մտնում սկզբում Ռութը (Ալլա Սահակյան) իսկ ավելի ուշ՝ կրտսեր քույր Ռուդին (Մարիա Սեյրանյան)։ Միմյանց հետ բացարձակ չեն շփվում։ Այս իրադրության մեջ անգամ խստահայաց Ռիչարդը  քույրերին սաստող հայացքով է շանթում՝ բաց սրունքների, զուգագուլպաները, կրծքկալն ուղղելու պարագայում։

Ալլա Սահակյանի հերոսուհին՝ Ռութը, էլեգանտ, զուսպ ու միաժամանակ պոռթկուն  գեղեցկուհի է, սեւերի մեջ անգամ աչք շոյող, նրբագեղ կիսաշրջազգեստով, բարձրաշխարհիկ տիկնոջ հավաք սանրվածքով։ Սենյակում իրեն զգում է բանտված ու անազատ, հագուստը նետում է ուր պատահի,  ողջ ընթացքում կանգնած է կամ կարճ ընթացք աթոռակի վրա զգաստ նստած, վշտահար, թեւաթափ, զուսպ հեկեկալով։ Ավագ քույրն ու եղբայրն առաջին հայացքից անհասցե զայրույթ ունեն, անհայտ է՝ ճակատագրի՞, թե՞ միմյանց հանդեպ։ 

Ռուդին տուն է մտնում հեւիհեւ, կոտրված ու հուսաբեկ։ Անհնարինության աստիճան դժվար է չմասնակցել ծնողների վերջին հրաժեշտին։ Ավագները մտադիր չեն մխիթարել կրտսերին։ Մարիա Սեյրանյան-Ռուդին մեկ հուսահատ, հուզիչ փորձ է անում՝ զգուշությամբ շոյելու ավագ եղբոր մազերը։ Հայրական ջերմություն զգալու, քրոջաբար մխիթարվելու հույսով։

Ատելությամբ առլեցուն սենյակում լուռ խեղդվում են ոչ միայն հերոսները, այլեւ լուռ ու լարված հանդիսականը։

Անկարեւոր է, թե ինչն է հանգեցրել այս վիճակին, ողբերգականը խտացված այսրոպեականությունն է․ կադրը՝ քարացած, դեմքերը՝ վշտից, ատելությունից, միայնությունից պաղած։ Երկխոսության պակասը բացարձակ չի զգացվում, միմյանց վրա դուռ շրխկացնելու, միայնակ խմելու, խեթ կամ զայրալից հայացք նետելու համար խոսքեր պետք չեն։ Ծնողների նկարի շրջանակի հետ (ճիշտ լուծում էր՝ դատարկ) հարաբերվելն անգամ տարբեր է, ամեն մեկն իր նախընտրելի ծնողն ունի։ Ճիշտ այդպես՝ նաեւ թուլացնող նախընտրելի խմիչքը։

Չեն կարող ապավինել միմյանց, եւ յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի ու միաժամանակ՝ միասին։ Յուրաքանչյուրը գտնում է իր ելքը՝ հեռանալ տնից ու միմյանցից՝ դուռը շրխկացնելով կամ առանց դրա։ Փոքրը, անպաշտպանը, զգայունը, անօգնականը, անմխիթարը ելք է գտնում ինքնասպանությամբ։ 

Դերասանները բարդ խնդրի առաջ էին․ ինչպես խաղալ՝ չխաղալով, տեքստից հեռավորություն պահելով։ Ընտանիքի կրտսերը, քսանամյա ուսանողուհին հուզառատ է ռեմարկների մեջ անգամ, միաժամանակ ռեմարկ էր ներկայացնում ու խաղում, մինչդեռ ընտանիքի ավագները որոշակի «բարիեր», օտարվածություն էին պահում տեքստից, եւ այս տարբերակումն իմաստավորվում է ամենավերջում։ Տեքստից, նաեւ վշտից օտարվածություն պահող Ռիչարդն ու Ռութը հեռանում են, Ռուդին՝ կործանվում։

Ինչպե՞ս միայնակ հաղթահարել ընդհանուր աղետը, անհաղթահարելին։ 
Վերջաբանը զգուշացում է՝ միայնակ հաղթահարումը վերմարդկային է։

Գայանե Մկրտչյան- թատերագետ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ