Ֆուտբոլային հրաշքների աշխարհում

Ֆուտբոլային հրաշքների աշխարհում

Բասկետբոլի մրցումներն առաջին անգամ անցկացվել են ԱՄՆ - ում` 1891 թվականին, տափօղակով հոկեյի հայրենիքը` Կանադան, շնորհիվ այդ մրցաձեւի, սկսեց առավել լայն ճանաչում ձեռք բերել 19-րդ դարի 70-ականներին, իսկ, ահա, ֆուտբոլային անդրանիկ ասպարեզը բացվեց 19-րդ դարի կեսերին` Անգլիայում։

Բոլոր այս մարզաձեւերն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները. եթե բասկետբոլի ստուգատեսներում իրենց ավելի վստահ են զգում գերազանցապես բարձրահասակ խաղացողները՝ 210-220 սանտիմետր բոյ քաշած գիգանտները, ապա հոկեյիստները հիմնականում հյուսիսային երկրներից են, իսկ, ահա, ֆուտբոլում, կարելի է ասել, գերիշխում է համեմատական հավասարությունը․ համեմատական, քանզի, անկախ ամեն ինչից, որոշիչ դերակատարում ունի առաջին հերթին գնդակախաղի հասուն, կատարելագործված վարպետությունը, եւ թող զարմանալի չթվա, որ անգլիացիները թեեւ իրավամբ համարվում են պաշտելի խաղի հորինողները, այդուհանդերձ, միայն մեկ անգամ, այն էլ իրենց հարազատ հարկի տակ են կարողացել նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ բրազիլացիներն այդ պատվին արժանացել են 5 անգամ, ընդսմին` մրցակիցներին պատկանող հարթակներում։

Ֆուտբոլը ոչ միայն աշխարհով մեկ տարածված հանրաճանաչ գնդակախաղ է, այլեւ համաժողովրդական արվեստ, ինչու չէ` նաեւ կիրք, մի մրցասպարեզ, որտեղ հակառակորդները ջանում են ցուցադրել հղկված, բացառիկ ունակություններ, գնդակը վարելու տեխնիկական արտասովոր հմտություններ, բարդ իրավիճակներում արագ ու ճիշտ կողմնորոշվելու արտասովոր ձիրք։ Հասկանալի է, որ հենց սա է ապահովում բարձր ցուցանիշները, միաժամանակ հիացմունք պատճառում, գերում միլիոնավոր մարդկանց։ Սակայն, ինչը տարօրինակ է՝ դա ավելի շատ հմայում է ոչ այնքան ֆուտբոլի հայրենիքում, որքան Հարավային Ամերիկայում ու հատկապես Բրազիլիայում։ Այս երկրում, պարզվում է, չկա գոնե մեկը, ով չի մասնակցել գնդակախաղի մրցումներին, լինեն դրանք բակային, փողոցային մրցույթներ կամ ստադիոններ։ Հետաքրքիր է բանիմաց մասնագետ Ժոաո Սալդանյայի բերած համեմատությունը. «Եթե անգլիացի, իտալացի կամ ֆրանսիացի պատանին լուրջ պարապմունքներ է սկսում՝ նախ յուրացնելով պարզագույն ու տարրական բաներ, ապա բրազիլացին ներկայանում է՝ արդեն տիրապետելով գնդակը վստահորեն խաղարկելու հմտությունների, եւ պատահական չէ, որ պրոֆեսիոնալ ակումբ ընդունված ցանկացած նորեկ ունակ է, խաղադաշտի շուրջ պտույտ գործելով, գնդակը երկու ոտքով խաղարկել՝ թույլ չտալով, որ այն դիպչի գետնին...»։

Այո, ֆուտբոլն ուրույն տեսակի արվեստ է, իսկ արվեստում տաղանդն է առանցքային նախապայմանը ու մրցակցի նկատմամբ առավելության հասնելու բուռն ձգտումը, ինչի շնորհիվ էլ լայն ճանաչում են ձեռք բերում։ Հենց սա նկատի ուներ մարզական լրագրող Իգոր Ֆեսունենկոն, ով կես դար առաջ իր հեղինակած «Պելե, Գարինչա, Ֆուտբոլ...» գրքում նկարագրել է, թե ինչպես աղքատ ընտանիքում ծնված Էդսոն Արանտես դո Նասիմենտոն արդեն 8 տարեկանում ստիպված էր փող վաստակել՝ փողոցում մաքրելով քաղաքացիների կոշիկները, սակայն շատ շուտով ու զարմանալի կերպով կտրուկ վերափոխվեց, տարվեց պատանիների սիրած գնդակախաղով, աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց արտասովոր ու նուրբ խաղարվեստ ցուցադրելով ու հասնելով արտակարգ բարձր արդյունքների, ապա եւ ստացավ ֆուտբոլային հրաշք Պելե անունը, դարձավ աշխարհի եռակի չեմպիոն, 20-րդ դարի թիվ մեկ խաղացողը, բրազիլացիների պարծանքն ու հպարտությունը։

Ի դեպ, տեղին է հիշեցնել, թե ինչն է ֆուտբոլային արքան առաջնային համարում խոստումնալից, իսկական հույսեր ներշնչող ապագա վարպետների աճեցման գործում. «Ամենից առաջ, ինչ սովորեցի, դրիբլինգն էր` գնդակը խաղարկելու հնարքները։ Գնդակը վարել, խաբսերի դիմել սիրում ու կարողանում են բոլոր տղաները, սակայն, դրա հետ մեկտեղ, նրանք հաճախ մոռանում են, որ գլխավորը ոչ թե զուտ մրցակցին շրջանցելն է, այլ այդ ամենը որքան հնարավոր է արագ անելը, գրոհելով տարածք շահելը։ Սա պատանի ֆուտբոլիստներին ուսուցանելու առանցքային նախապայման եմ համարում»։

Հարկ է նշել, որ ինքն այդ սկզբունքին հավատարիմ մնաց մինչեւ վերջ, դրա շնորհիվ էլ, իր ակումբային «Սանթոս» թիմում հանդես գալով, կարողացել է զարմանալի արդյունավետության հասնել․ մի անգամ մեկ խաղում խփել է 8 գոլ, չորս խաղում հնգական անգամ է գրավել մրցակցի դարպասը, 18 հանդիպումներում դիպուկ հարվածներ է կատարել չորսական անգամ։ Բնականաբար, նրա կողքին փայլել են ոչ պակաս հմուտ այլ վարպետներ Գարինչան, Դիդին, Սանթոսը, Վավան, Բելինին, Ժիլմարը, Օռլանդոն եւ ուրիշներ, որոնց խաղային ու տեխնիկական բացառիկ հնարամտությունները նպաստել են ազգային ընտրանու առաջընթացին խոշոր ստուգատեսներում։

Խոսելով թվային անսովոր ցուցանիշների մասին՝ անկարելի է շրջանցել եւ այլ վկայություններ։ Ռիոյի «Մարականա» ստադիոնը կարող է ընդունել 200 հազար հանդիսատես, մի փոքր ավելի «համեստ»` 180 հազար նստատեղ ունի Սան Պաուլուի գլխավոր մրցավայրը։ Սակայն բրազիլացիները ռեկորդային են համարում Էրեշիմի ստադիոնը։ Եվ գիտե՞ք, թե ինչու։ Բանն այն է, որ 30 հազար բնակիչ ունեցող այս ավանի մրցատեղին, չզարմանաք, նախատեսված է 45 հազար ֆուտբոլասերների համար։

Իսկ հիմա «չոր թվերից» անցնենք Պելեի անվան հետ կապված բացառիկ միջադեպերին։ Ստացվեց այնպես, որ մի անգամ ֆուտբոլային կուռք «Սանթոս» թիմի հետ մրցելույթների մեկնեց Պերու։ Տեղի ակումբներից մեկի հետ մրցման առաջին կեսից հետո հյուրերը զգալի առավելության էին հասել` հաշիվը 3-0 էր։ Ընդմիջման ժամանակ, քանի որ խաղի ելքը կասկած չէր հարուցում, մարզիչը նպատակահարմար գտավ Պելեին հանգիստ տալ՝ նրան փոխարինելով այլ խաղացողով։ Եվ երբ տղաները վերադարձան ասպարեզ, իսկ Պելեն պատրաստվում էր ջրցանից օգտվել, հանկարծ հանդերձարան ներխուժեցին սույն խաղի կազմակերպիչները․ «Եղբայր հարգելի, այնտեղ` տրիբունաներում այս րոպեներին աներեւակայելի բաներ են տեղի ունենում, հանդիսականները, նկատելով, որ դու չկաս, սկսեցին բուռն կերպով բողոքել, շուրջբոլորը ջարդուխուրդ անել, շատ ենք խնդրում` վերադարձիր...»։ Պելեն էլ, սկանդալին վերջ տալու համար, ստիպված էր վերստին հայտնվել դաշտում...

Էլ ավելի զարհուրելի միջադեպ գրանցվեց Կոլումբիայում։ Բոգոտայի առաջատար թիմերից մեկի հետ «Սանտոսի» հանդիպման տեղացի մրցավարը, պարզվեց, այնքան էլ ազնիվ չէ` նախ անտեսեց դաշտի տերերի բացահայտ կոպիտ խաղը սեփական տուգանային հրապարակում, իսկ մի փոքր անց էլ գոլ գրանցեց, երբ կոլումբիացիները ակներեւ խաղից դուրս վիճակից հավասարեցրին հաշիվը։ Եվ երբ Պելեն զուսպ դիտողություն արեց մրցավարին, վերջինս որոշեց դաշտից հեռացնել նրան։ Հանդիսականների այնպիսի ահավոր դժգոհություն բարձրացավ, որպիսին չի հիշում ֆուտբոլի պատմությունը` տրիբունաներում անասելի իրարանցում սկսվեց, դաշտ էին նետում իրեր, չորս կողմից մրցավարին ուղղված վիրավորական արտահայտություններն անցել էին բոլոր սահմանները։ Իմաստը մեկն էր` ո՞վ իրավունք ունի հանդիսականներին զրկելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հմայիչ խաղին հետեւելու հաճույքից։ Եվ ի՞նչ։

Միջադեպն ավարտվեց նրանով, որ դաշտից հեռացվեց, ըստ էության՝ կարմիր քարտ ցույց տրվեց հենց մրցավարին (նրան փոխարինեց եզրային դատավորը), եւ անակնկալ էր` Պելեն վերադարձավ ասպարեզ։ 

Այսօր ֆուտբոլային խաղարվեստի հեքիաթային բարձունքները շարունակում են գրոհել միմյանց հետ մրցակցության մեջ մտած 34-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, 33-ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին եւ այլ անվանի վարպետներ։ Ի՞նչ նորույթներով են նրանք փորձելու բարձրացնել վարկանիշը, ցույց կտա ժամանակը։ Իսկ Պելեն արդեն 80 տարեկան է, նրա մարզական կյանքն էլ դարձել է պատմություն։ Սակայն ֆուտբոլային արքայի հրաշագործությունների գաղտնիքները բացահայտելու բաղձալի երազանքներն այսօր էլ հանգիստ չեն տալիս միլիոնավոր պատանիների։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ