Զրոյական կետ
Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է լարվածության նոր փուլ: Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու փոխարեն, հարցազրույց է տալիս եւ շարունակաբար հրաժարվում պարտության համար իրեն մեղավոր ճանաչելուց եւ արտահերթ ընտրություններ անցկացնելուց: Փաշինյանի մեկնաբանություններ-արդարացումները նման են իր իսկ հռչակած «100 փաստերին», որոնց դատարկությունն այնքան տեսանելի է, որքան տեսանելի է հայկական կողմի պարտությունը՝ Ղարաբաղի հանձնումը եւ Հայաստանի կապիտուլյացիան:
Նիկոլ Փաշինյանը, որքան էլ ամեն ինչ սկսի իր չարագուշակ «սեփական կետից», իրականում շարունակում է նախկինների կետ-գիծը եւ վարքագիծը: Հրաժարական չտալու համար Փաշինյանն ու նրա թիմը կարող են ունենալ տարբեր պատճառաբանություններ, սակայն չունեն որեւէ արդարացում: Հրաժարական չտալու համար Փաշինյանը կարող է ներկայացնել տարբեր պատճառաբանություններ, սակայն իրական պատճառը մեկն է՝ նրա իշխանատենչությունը:
Քաղաքականության տրամաբանության եւ քաղաքական պայքարի բարոյականության համաձայն, իշխանությունը ստանձնելիս ստանձնում են ոչ միայն այդ իշխանության արտոնությունները, այլ նախեւառաջ պատասխանատվությունը պետության ու հանրության ներկայի եւ ապագայի համար:
Նիկոլ Փաշինյանը իշխանության նշանակությունը սխալ է հասկացել եւ պատերազմում պարտությունից եւ անկախ պետականությունը փլուզմանը դեմ-հանդիման կանգնեցնելուց հետո անգամ սեփական պատասխանատվությունն ընկալում է սեփական կետից: Պետության ու հանրության եւ սերունդների առջեւ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը սեփական զրոյական կետում է հայտնվել-մնացել: Հայտնվել է այնտեղ, որտեղ գտնվում էին Հայաստանն ու Ղարաբաղը 1988թ. ղարաբաղյան Շարժումից առաջ. Հայաստանի անկախ պետականության չգոյության եւ Ղարաբաղի՝ Ադրբեջանի ենթակայության հարաճուն վտանգի գոյության մեջ: Սա հենց այն գոյաբանական վտանգն է, որի մասին պատերազմի օրերին հարցազրույցներ էր տալիս Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը՝ ռազմական գործողություններ կազմակերպելու եւ դիվանագիտությունն աշխատեցնելու փոխարեն:
Միաժամանակ, հետպատերազմական եռամսյա այս շրջափուլը ավելիով վկայում է, որ Փաշինյանը դասեր չի քաղել ոչ միայն իր նախորդների, այլեւ իր իսկ սխալներից: Արդեն զավեշտալի դարձող կադրային քաղաքականությունը եւ դիվանագիտական նշանակումները, որ նա իրականացնում է պատերազմից հետո, ՀՀ արտաքին քաղաքականության շարունակվող չգոյությունը, Հայաստանի սահմանների անվերջ վերաձեւումները, Հայաստանի ռուսականացումը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած բռնապետական աղմկահարույց օրինագիծը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորելու համար սահմանված տուգանքների սահմանաչափով, լրագրողների իրավունքների սահմանափակումներին միտված օրինագծերը, քաղաքական հակառակորդների ձերբակալությունները, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողոի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ պետության կրակելու իրավունքի մասին նախազգուշացումը եւ այլն, եւ այլն, գալիս են վկայելու, որ Փաշինյանի թիմը ոչ միայն համարձակություն չունի նրան հեռացնելու վարչապետի պաշտոնից՝ հանուն Հայաստանի Հանրապետության, այլեւ շարունակում է կատարել Փաշինյանի կամքը:
Հրաժարականից եւ արտահերթ ընտրություններից հրաժարվելով՝ Փաշինյանը պատերազմում պարտված Հայաստանի պետականությունը եւ ներքաղաքական կյանքը հրում է դեպի քաոս: Սա այն զրոյական կետն է, որից ձեւավորվել են քաղաքականության եւ իշխանության մասին Փաշինյանի պատկերացումները: Թեպետ հենց իշխանության պահպանման համար կայունությունը կարեւոր գործոն է, սակայն Փաշինյանի իշխանությունը կարողանում է լիաթոք շնչել միայն խառնակ իրավիճակներում: Քաոսը եւ հակասություններն այն միջավայրն են, ուր Փաշինյանը նախընտրում է գտնվել: Ողջ խնդիրն այն է, որ ոչ միայն նա է այնտեղ գտնվում, այլեւ պետությունն է հրել այդտեղ:
Իրավիճակն ավելի է վերադառնում զրոյական կետ նաեւ այն պատճառով, որ փողոցներում եւ հրապարակներում Փաշինյանի հրաժարականը պահանջող նախկին իշխանություններին հանրության մեծ մասը վերաբերվում է առնվազն վերապահորեն, իսկ ընդհանրապես՝ մերժմամբ: Այս առումով նախկինների՝ 17+ կազմում ՀՀ 1-ին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ միասնական թեկնածու լինելու հանգամանքն անգամ չի բարձրացնում նրանց հանդեպ հանրության վստահության աստիճանը, քանի որ Մանուկյանի հետ են թե՛ ՔՊ-ի նման հանրությանն անհայտ անձինք, թե՛ ղարաբաղյան ծագման ՀՀ նախկին ղեկավարները, թե՛ նրանց խիստ փոխկապակցված անձինք:
Բացի այն, որ իր քաղաքական գործունեության ընթացքում Վազգեն Մանուկյանի ազատական եւ անկախական գաղափարական հայացքները խիստ վերաձեւումների են ենթարկվել, դրան էլ գումարվում է նախկինների քաղաքական ռեւանշի փորձը Մանուկյանի միջոցով. հանգամանքներ, որոնք վախեցնում են առաջին դեպքում՝ հանրության գաղափարական ոչ մեծ հատվածին, երկրորդ դեպքում՝ հանրության մեծ մասին: Որպես հետեւանք՝ Հայաստանի համար նույնքան մեծ վտանգ է շարունակում մնալ թե՛ նախկինների վերադարձը, թե՛ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը: Չնայած այսեւայլ վտանգներին՝ արժանին պետք է մատուցել Մանուկյանին, որ կարողացավ լուրջ անհնազանդություն կազմակերպել ընդդեմ Ղարաբաղի հանձնման եւ այժմ Փաշինյանի հետագա պաշտոնավարումն աստիճանաբար դարձնում է անհնարին: Դա բացառապես Մանուկյանի քաղաքական կարողության արդյունքն է, ոչ այնքան՝ 17+ կազմի:
Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա իշխանությունը չի հանձնի նույնիսկ իր թիմակիցներից որեւէ մեկին, ինչը կարող էր առնվազն ներքաղաքական լարվածությունը հետաձգել եւ արտահերթ ընտրություններով քաղաքական պայքարն ու ներհասարակական լարվածությունը հանգուցալուծել:
Ընդդիմության հավերժ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարում է, թե «սա ներքաղաքական պայքար չէ, այլ հայրենիքի փրկության շարժում»: Մանուկյանը, իհարկե, ճիշտ է՝ հայրենիքը պետք է ազատագրել Նիկոլ Փաշինյանից, նրա իշխանությունից, նախկինների վերադարձի հնարավորությունից, հայ դավաճաններից, որոնք Հայաստանի անկախությունը ձգտում են հանձնել Մոսկվային: Հայրենիքը պետք է ազատագրել Մոսկվայից, Բաքվից եւ Անկարայից միաժամանակ: Միայն դրանց մի մասից ազատագրելով՝ հայրենիքի փրկությունը չի գա, եւ Հայաստանը չի ազատագրվի, այլ կարող է հավերժ մնալ Փաշինյանի զրոյական ողբերգական կետում:
Հայաստանում ընդդիմությունն այդպես էլ մնաց նախկինների հույսին եւ առանց Հայաստանի վերափոխման քաղաքական ծրագրերի: Առջեւում 1921թ. ռուս-թուրքական դավադիր պայմանագրի 100-ամյա տարելիցն է, որի չեղարկումը իրականում պետք է դառնար օրակարգային խնդիր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար: Ընդդիմությունը չի քննարկում անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը չեղարկելու հարցը:
Միաժամանակ, որքան էլ երկարաձգվի Փաշինյանի իշխանությունը, նա մինչեւ այս գարնան ավարտը չի կարողանա պահպանել վարչապետի պաշտոնը:
Հայաստանն այժմ հետպատերազմական հուսաբեկության եւ քաոսի մեջ է: Եվ իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր սցենար միանգամայն հնարավոր է: Փաշինյանի իշխանությունը պտուտակ առ պտուտակ ապամոնտաժում է թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ ժողովրդավարական հաստատությունները:
«Մերժի՛ր Սերժին» կարգախոսով ծավալվող ապրիլյան հեղափոխությունը լուծեց իշխանափոխության խնդիրը, սակայն Հայաստանում քաղաքական վերափոխումների եւ ՀՀ ինքնիշխանության վերականգնման, արդարության եւ օրինականության հաստատման խնդիրն այդպես էլ չլուծեց: Ավելին: Հեղափոխության արդյունքում իշխանության եկած երիտհեղափոխականները, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, փլուզման հասցրին Հայաստանի անկախ պետականությունը եւ Ղարաբաղը հանձնեցին ռուս-ադրբեջանաթուրքական դավադրությանը:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը հրել է դեպի քաոս, հրել է այն սոսկալի զրոյական կետը, որից այն կողմ կա՛մ մինուս անսահմանություն է սկսվում, կա՛մ՝ դանդաղ, բայց հուսալի առաջընթաց, որից այն կողմ կա՛մ հուսաբեկությունն է իշխում, կա՛մ Հայաստանի վերարթնացումը: Հայ ժողովուրդը՝ Հայաստանում եւ Սփյուռքում, պետք է միասնական որոշում կայացնի, թե համաձա՞յն է համակերպվել այս զրոյական կետին, ուր այժմ գտնվում է մեր թանկ հայրենիքը՝ Հայաստանը, եւ միշտ նրա անքակտելի մաս կազմող Ղարաբաղը, թե՞ պատրաստ է Հայաստանը արթնացնել եւ դուրս բերել դանդաղ մահվան այս զրոյական կետից:
Կարծիքներ