«Սեւ կոշիկների, սեւ նասկիների, սեւ շալվարի, սեւ ժակետի, սեւ դեմքի կուլտուրան»

«Սեւ կոշիկների, սեւ նասկիների, սեւ շալվարի, սեւ ժակետի, սեւ դեմքի կուլտուրան»

Քրեական շրջանակներում որպես Արսեն Երևանսկի հայտնի է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանն ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով։ Ըստ «primecrime.ru» կայքին հղում անող news.am-ի (ի դեպ, միևնույն ժամանակ առաջինը հղում է անում երկրորդին, ինչն, իհարկե, տարօրինակ է), նրան ձերբակալել էին 72 ժամով, և դատարանը դիտարկում էր նրա կալանավորման մասին միջնորդությունը։ Երկրորդ տարօրինակությունն այն է, որ նրան ավելի վաղ ձերբակալել էին և հուլիսի 27-ին ազատ էին արձակել: Կամ էլ հուլիսի 27-ի ազատ արձակումը որպես նորություն սխալմամբ կրկնվել է օգոստոսի 9-ին: Ինչևէ, ինձ հետաքրքրողն այստեղ ոչ թե տարօրինակություններն են, այլ այն հարցը, թե ում միջնորդությամբ է ազատ արձակվել քրեական հեղինակությունը: Հուլիսի 27-ի առումով պարզվեց, որ դա արել է դատարանը վերջինիս առողջական խնդիրների պատճառով:  

Սակայն նախքան թեման շարունակելը՝ մեկ-երկու խոսք քրեական ենթամշակույթի վերաբերյալ: Համացանցում որոնում տալով՝ իմացա, որ դեռևս 2020 թ.-ի հունվարի 25-ին ասուլիսի ընթացքում Փաշինյան Նիկոլն անդրադարձել է քրեական ենթամշակույթին: «Մենք ինչու ենք ասում՝ այդ գողական ենթամշակույթի դեմ պայքարենք, որովհետև մենք ուզում ենք սև կոշիկների, սև նասկիների, սև շալվարի, սև ժակետի, սև դեմքի կուլտուրան վերացնենք: Դա հուսահատության կուլտուրա է, դա բռնապետության կուլտուրա է, դա անազատության կուլտուրա», - է ասել է Փաշինյանը: Այնուհետև ավելացրել է, որ ««Իմ քայլը» խմբակցության գործունեությունը ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական գործունեություն է»: Ասուլիսից մեկ ամիս չանցած ուժի մեջ է մտել «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Դրանից երեք ու կես ամիս անց էլ դատախազությունը հայտնել է ՀՀ քրեական օրենգրքի համապատասխան հոդվածներով 5 քրեական գործի հարուցման մասին: Ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված 10 անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Ենթադրաբար, 10 անձանցից մեկը եղել է Արսեն Մկրտչյանը, որը ձերբակալվել էր 2020 թվականի մայիսին:

«Օրենքով գողի» ազատ արձակման համատեքստում վերհիշենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, առողջական խնդրով պայմանավորված, հանկարծամահ լինելը դատարանում: Վերհիշենք նաև հասարակական գործիչ և պետության ռազմա-արդյունաբերական խնդիրներով ակտիվորեն զբաղվող Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը և նրա կրկնակի կալանավորումը: Փաստորեն Նիկոլի կողմից վերը նշված՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «քաղաքակրթական գործունեությունը» վերացվել է՝ երբ Ազգային ժողովում այն փոխարինվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությամբ: Կամ էլ, ինչն ավելի հավանական է, այն հասցվել է իր ավարտին՝ Հայաստանում հաստատվել են քրեական ենթամշակույթին բնորոշ փոխհարաբերություններ: Միայն այդ դեպքում է հնարավոր, որ «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում հատուկ ստեղծված և գործող իշխանությանը 100 տոկոսանոց հնազանդ դատարանը կալանավորման որոշում է տալիս ընդդիմադիր գործիչների և ազատ արձակման որոշում՝ քրեական հեղինակության նկատմամբ:

Եթե այդպես չլիներ, ապա ձերբակալված կամ կալանավորված անձի առողջական վիճակով պայմանավորված՝ ազատ արձակումը տեղի կունենար առաջին հերթին Արմեն Գրիգորյանի և մնացած քաղաքական բանտարկյալների առնչությամբ: Դա չի նշանակում, թե նույն պատճառով չպետք է ազատ արձակվեր նաև ՀՀ քաղաքացի Արսեն Մկրտչյանը: Սակայն «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում իշխանությունը պետք է որ առաջին հերթին հոգ տաներ հասարակական գործիչների և հետո միայն քրեական հեղինակությունների մասին: Բայց ինչպես երևում է, «սև կոշիկների, սև նասկիների, սև շալվարի, սև ժակետի, սև դեմքի կուլտուրան» վերացնելու վերաբերյալ խոսքն ընդամենը օդի տատանում էր: Որի մասին վաղուց մոռացել են թե՛ օդ տատանողը և թե՛ հասարակությունը: Եվ ոչ միայն մոռացել են, այլև գործում են հենց  քրեական ենթամշակույթի «օրենքներով»՝ մեկ-մեկ ձևի համար նրանց կալանավորման վերաբերյալ որոշումներ կայացնելով: