Գյումրիում Երեւանի օրերը կնշվի ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» համերգով

Գյումրիում Երեւանի օրերը կնշվի ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» համերգով

Օգոստոսի 26-ին եւ 27-ին Գյումրիում Երեւանի օրեր են: Երկու օր շարունակ, Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին կմիախառնվի երեւանյան շունչը: Իսկ մինչ այդ՝ այս պահին, Երեւանում մշակութառատ եռուզեռ է՝ նախապատրաստություն, փորձեր ու լրամշակվող նախագծեր:

Երեւանյան օրերի ընթացքում Գյումրիում սպասվում է աննախադեպ համերգային ծրագիր: Վարդանանց հրապարակում կկայանա ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» մեծ համերգը:

Թե ինչպիսին կլինի երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը՝ կազմակերպիչները փակագծերը չեն բացում, բայց վստահեցնում են՝ տոնի մասնակիցները ջերմության ու զգացմունքների պակաս հաստատ չեն ունենա:

«Մեծ ծավալի միջոցառում է, որը ցույց կտա սիմֆոնիկ նվագախմբի հնարավորությունները եւ «Ռեինկարնացիա» խմբի շատ սիրված համերգացանկը: Մեծ սիրով հրավիրում եմ մեր շատ սպասված համերգին, կարծում եմ, որ շատ լավ առիթ է, որ մարդիկ գան Գյումրի, լսեն երաժշտություն: Երաժշտությունը կարող է մարդկանց միավորել եւ դրդել, որ գան: Մեծ սիրով բոլորին սպասում ենք»,-նկատում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Սա 20 տարվա քրտնաջան աշխատանք է, պարտավորեցնող է: Բոլորին՝ թե Երեւանից, թե մարզերից հրավիրում եմ Գյումրի: Ինձ համար սա եղել է տարիների երազանք եւ ես համոզված եմ, որ շատերին դուր է գալու»,- վստահեցնում է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը:

Էրեբունի-Երեւանից՝ Գյումրի. ծրագիրը հագեցած է, երգացանկը՝ սիրված:
Արվել է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանի օրերն առանձնանան ինքնատիպ ու հետաքրքիր ծրագրերով: