Մենք պիտի զերծ մնանք թասիբներ, անթասիբներ փնտրելուց․ ՀՀԿ-ն չի արձագանքում Վազգեն Մանուկյանի հայտարարությանը

Մենք պիտի զերծ մնանք թասիբներ, անթասիբներ փնտրելուց․ ՀՀԿ-ն չի արձագանքում Վազգեն Մանուկյանի հայտարարությանը

Երեկ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ուշագրավ հայտարարություն էր արել, որի նմանն այս օրերին կարծես թե չէր եղել։ Նա առաջարկել էր, թե ինչ պետք է անել։

Ըստ նախկին պաշտոնյայի՝  

1․Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

Այս հայտարությանն աջակցեցին մի քանի ընդդիմադիր գործիչներ, նրանց մեջ չէին ընդդիմադիր «Հանրապետականի» անդամները։

«Հրապարակը» մի քանի ՀՀԿ-ականներից փորձեց իրենց դիրքորոշումը ստանալ հայտարարության վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ ուղղորդելով մեզ Էդուարդ Շարմազանովի «մոտ»։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը չի ուզում մեկնաբանել, որովհետև նախ՝ ռազմական դրություն է, և երկրորդ՝ կուսակցությունում որևէ քննարկում չի եղել այդ հարցով։

«Մեր կուսակցության կարծիքը շատ հստակ ներառված է եղել 16 կուսակցության համատեղ հայտարարության մեջ։ Ավելին՝ մեր կուսակցության կարծիքները, մտահոգությունները, առաջարկությունները ես փակ հանդիպման ժամանակ գրավոր ներկայացրել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ռազմական դրություն է, ինչ ու ինչպես էլ ասեմ՝ թշնամին պիտի կարդա, իմանա, մենք պիտի զերծ մնանք խուճապից և ոչ արդյունավետ կառավարումից, թասիբներ, անթասիբներ փնտրելուց»,-նշեց նա։