Ինչպե՞ս չհարգես Ջեյհուն Բայրամովին՝ «Amanpour» հեռուստածրագրի հրավերը չընդունելու համար

Ինչպե՞ս չհարգես Ջեյհուն Բայրամովին՝ «Amanpour» հեռուստածրագրի հրավերը չընդունելու համար

Կովկասցիներն ընդհանրապես կնամեծար են: Նրանք երբեք որեւէ բան չեն անի կամ ասի, ինչը կվիրավորի կանացի արժանապատվությունը: Ավելին, երբեք բանավեճի մեջ չեն մտնում կանանց հետ: Որպես կովկասցի՝ Զոհրաբ Մնացականյանն իրեն բավական ար­ժանա­պատիվ դրսեւորեց «Amanpour» հեռուստածրագրում: Որպեսզի ան­հարմար վիճակի մեջ չդնի Ամանպուրին, որի հրավերից հրաժարվել էր Ջեյհուն Բայրամովը, նա վարվեց որպես ջենթլմեն եւ չմերժեց հրավերը:

Մնացականյանին ուղղված Ամանպուրի առաջին հարցադրումն էր. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ միջազգային իրա­վունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկու­պացիային, իսկ Ադրբե­ջա­նի տարածքային ամբողջականությունը պետք է վերա­կանգնվի»: 

Երկու հարց. 1. Կարո՞ղ եք ասել, թե քանի պետություն կար աշխարհում, օրինակ, 1950 թվականին, եւ քանիսն են դրանք այժմ: 

2. Ի՞նչ նկատի ունեք «ապօրինի օկուպացիա» ասելով: Թեպետ օկուպացիան ինքնին ապօրինի է, բայց օրինական օկուպացիան նույնպես կարող է իմաստ ունե­նալ: Այսպես, խորհրդային զորքերն օրինական օկուպացրել էին Գերմանիայի մի հատվածը: Բայց, չգիտես ինչու, միջազգային հանրությունը դժգոհ էր դրանից, եւ դրանք դուրս բերվեցին: 

Բացի դրանից, Ձեր կարծիքով, անհիշելի ժամանակներից այդ հողում ապրող ու այն մոնղոլ-թաթարներից պաշտպանած ժողովուրդն ինչպե՞ս կարող է օկուպացնել իր տարածքը: Լավ, նույնիսկ մի պահ ընդունենք, թե դա Ադրբեջանի տարածքն է, իսկ Արցախում ապրողներն էլ միշտ ապրել են այնտեղ՝ Ադրբեջանին Ստալինի կողմից բռնակցվելուց հետո ստանալով ԽՍՀՄ քաղաքացիների անձնագրեր: Ինչպե՞ս կարող է նույն երկրի քաղաքացին օկու­պացնել տարածքը: Այդ տարածքը փորձել է օկուպացնել Ադրբեջանը, երբ այնտեղ բնակվող ժողովուրդը որոշել է ան­կա­խանալ: Կասեք, թե դա միջազգային իրավունքի ոտնահարում է: Այդ դեպքում կոչ արեք՝ վերականգնել աշխարհի 1800-ական թվականների քաղաքական քար­տեզը՝ Օսմանյան կայսրության հետ միասին: 
Հարգելի Ամանպուր, գոյություն ունեն «օկուպացիա» հասկացության տարբեր հատկանիշներ: Ըստ Dictionary.com-ի՝ կարելի է օկուպացնել ոչ միայն օտար, այլ նաեւ սե­փական տարածքը:

Հետեւաբար, իրենց անկախությունը հռչակած արցախա­հա­յերն առաջին օրվանից կանգնած են եղել ադրբեջանական օկուպացիայի սպառ­նալիքի առաջ: Իրականում, արցախահայերի պայքարն այդ անօրինական օկու­պացման դեմ է՝ Հյուսիսային Կիպրոսի դառը ճակատագրից խուսափելու համար:
Ամանպուրի հաջորդ հարցը. «Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի Ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձեւերի, պահանջվում էր, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձեւ ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջա­կանությունը»: 

Ամանպուրը զարմացնում է «մարդ­կանց ու միջազգային կազմակերպություների մասին իդեալական պատկերա­ցումներով»: Նա այնքան փչացած չէ, որ ընդունի ՄԱԿ-ի բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների, երկակի ստանդարտների վերաբերյալ փաստերը: Այս խորհուրդը գուցե ՄԱԿ-ին չվերաբերի, բայց կվերաբերի նրանց, ովքեր Կասպից ծովի սեւ խավիարի սիրահար են: Նկատի ունենալով այն, որ առա­ջիկա մեկ տարում Կասպից ծովի ձկների հիմնական մենյուն բաղկացած է լինելու Սիրիայից «ներկրված» ահաբեկիչների մսից, ապա առաջիկա առնվազն 5 տա­րիներին օգտագործեք բացառապես заморская икра, այսինքն՝ սմբուկի խավիար:

Քրիստիան Ամանպուրը «ծանր հրետանին» կամ «թուրքական ու իսրայելական ԱԹՍ-ները» գործի դնելով՝ Մնացականյանին «վճռական հարվածը» հասցնելու նպատակով, հարցադրում է անում. «…ձեր վարչապետն Արցախում …շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց, օգտա­գործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, ամբոխին մղեց՝ անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» արտահայտությունը։ Արդյոք դա՞ է ձեր քաղաքականությունը»:
Աղջիկ ջան, դու ամբոխ ես անվանում Արցախի բնակչության այն հատվածին, որը եկել էր ՀՀ վարչապետի հետ հանդիպման… Նախ, «ԼՂ-ի հայ­կական անվանում» արտահայտության մասին: Ինչպե՞ս դա անվանել. լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ անարգանք իր մասնագիտության նկատմամբ: Եթե Լեռնային Ղարաբաղը մինչեւ թուրքական երկրորդ պետություն Ադրբեջանը ստեղծվելը եղել է ադրբե­ջանական տարածք, ապա ինչու՞ պետք է ունենար հայկական անվանում:
«ՀՀ վարչապետը… ամբոխին մղեց՝ անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» արտահայտությունը։ Արդյոք դա՞ է ձեր քաղաքականությունը»: 

Իսկ ո՞րն է ձեր նախընտրած քաղաքականությունը, տիկին Ամանպուր: 100 տարի մի փոքր ժողովրդի հե­տապնդե՞լը, ցեղասպանե՞լը, 90 միլիոնանոց բնակ­չություն ունեցող երկրի կողմից 150 հազա­րանոց Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծե՞լը: Իսկ ի՞նչ կասեք 30 տարի Ադրբեջանում տեւող հա­յատյաց տրամադրությունների մասին: Ի վերջո, այո, Արցախն էլ, Նախիջեւանն էլ Հայաստանի մասն են կազմում: Ձեր մատնանշած միջազգային «խուճուճ» իրավունքն է ստիպել, որպեսզի մարդիկ գրագետ իրավական քայլերով, այլ ոչ թե հայտա­րա­րություններով, շարժվեն «քարքարոտ» ճանապարհով՝ լինելով արյու­նաքամ:

Միջազգային այդ «խուճուճ» իրավունքը չի՞ ասում, արդյոք, որ ժամանակին մի­ջազգային հարաբերությունների սուբյեկտ չհանդիսացող 2 պետություն իրա­վունք չունեին կնքել պայմանագիր եւ Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը հանձնել մեկ այլ՝ նորածին պետության կամ կուսակցական որեւէ մարմնի, ինչպի­սին Կավ­բյու­րոն է եղել: Ավելին, եթե Նախի­ջեւա­նում հա­յեր չեն բնակվել, ապա ինչպե՞ս հասկանալ Նախիջեւանի Ինքնա­վար Հան­րա­պե­տության գոյությունը: Դա նույնն է, թե Ռուսաստանի կազմում լիներ Կալի­նինգրադի Ինքնավար Հանրապետություն: Թե՞ CNN-ն էլ BBC-ի նման Նախիջեւանի բնա­կիչ­ներին համարում է «կամավորական ճգնավորներ», իսկ Նախիջեւանը՝ «մոլե­ռանդ­ների հայրենակալվածք»:

Տիկին Ամանպուրը, ծնունդով լինելով մեզ բարեկամ Իրանից, պետք է լավ իմա­նար տարածաշրջանի պատմությունը: Այդ ինչպե՞ս է եղել, որ մուսուլման իրան­ցիները մշտապես հոգատար են եղել իրենց քրիստոնյա հայ եղբայրների ու քույրերի նկատ­մամբ, ինչպես որ արաբական երկրները՝ Սիրիա, Լիբանան, Հորդանան եւ այլն: Այդ ինչպե՞ս է եղել, որ Իրանը վարվել է իմաստուն, ըմբռնու­մով է մոտե­ցել, երբ ժամանակին նրա տիրապետության տակ գտնվող տարածքներն անցել են Ռուսաստանին, որոնց վրա հետագայում տեղի ժողովուրդները ստեղծել են իրենց պետությունները:

Այժմ, փաստորեն, չբավարարվելով Արեւմտյան Հայաստանի տա­րածքով, Թուրքիան ոտնձգություն է անում Իրանի վաղեմի տարածքների նկատմամբ: Դե, եթե Թուրքիան թքած ունի Եվրոպայի ու Ամերիկայի վրա (վերջին օրերի զար­գա­ցումները դրա ապացույցն են), ապա Իրանն ի՞նչ է որ: Իրանն էլ մուսուլմանական երկիր է, բայց իր գործողություններում այդ նուրբ թեման չի շոշափում: Ու զար­մանալին եւ զավեշտալին այն է, որ Թուրքիայի կողմից վիրավորանքների ու սպառ­նալիքների տարափի տակ հայտնված երկրները շարունակում են ճնշել Իրանի նման արժանապատիվ պետությանը: 

Հիմա, երբ միջազգային հանրությունը փորձում է Թուրքիայի ծավալա­պաշ­տական նկրտումների դեմն առնել, նա ապավինում է կրոնին: Հավատը շահարկող Էրդողանին արդյոք Ալլահը գրկա­բաց կընդունի՞ իր թագավորություն:

Բայց եկեք որոշ անդրադարձներ անենք Ամանպուրի մասնագիտական կեն­սագրությանը: Նա զեկուցել է բոսնիական պատերազմի եւ այլ կոնֆլիկտային գո­տիների մասին: Սարաեւոյի պաշարման ընթացքում նրա հուզական ելույթներն առիթ հանդիսացան, որ կասկածի տակ դրվի նրա մասնագիտական չեզոքությունը, քանի որ նա կողմ էր բոսնիական մուսուլմանների դիրքորոշմանը: Այս ամենին նա պատասխանել է. «Կան որոշ իրավիճակներ, որոնք պարզապես չեն կարող չեզոք լինել, որովհետեւ, երբ Դուք չեզոք եք, Դուք հանցակից եք: Օբյեկտիվութ­յունը չի նշանակում բոլոր կողմերին հավասարապես վերաբերվել, նշանակում է լսել յուրաքանչյուրին»: Փաստորեն, Ամանպուրը եւս շահարկում է կրոնը. Արցախի պարագայում նա «պարզապես չի կարող չեզոք լինել»:

ՀԳ 1․ «Հաղորդման թեմա՝ BBC-ի համար. Ինչո՞ւ է Նախիջեւանը հանձնվել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը» հրապարակումից հետո ես հիասթափվեցի այդ լրատվամիջոցից, որովհետեւ BBC-ի հաղորդումը ծածկագրված ուղերձ էր պարունակում, եւ կանխատեսեցի, որ մոտ ժա­մանակներում թուրքական զորքերը կներխուժեն Նախիջեւան: Մասամբ սխալ­վեցի, իհարկե, որովհետեւ նրանք, չբավարարվելով դրանից, իրենց բավական ազդե­ցիկ զորա­միավորումը՝ F-16-երով, Bayaktar-ներով, տեղաբաշխեցին Ադրբեջանի ողջ տարածքում: Բայց այժմ, երբ հետհայացք եմ գցում իմ ասածին ու տեսնում եմ, թե ինչ է կատարվում Նախիջեւանում, հասկանում եմ, որ քաղաքական կանխա­տե­սումներ անելն իմ բանը չէ: Ահա թե ինչու: Թուրքիան ինչպե՞ս կարող է ներխուժել իր տարածք՝ Նախիջեւան: Ադրբեջան-բան, դրանք հեքիաթներ են: BBC-ին մոլորեցրել են՝ ասելով, թե Նախիջեւանի ադրբեջանցիները շրջափակված են Հայաստանի կող­մից: Դուք գոնե քարտեզ կարդալ գիտե՞ք: Տեսեք՝ ավիա­թռիչ­քներ Թուրքիայից, ցամաքային հաղորդակցություն: Արդեն ասել եմ, որ նույնիսկ խորհրդային ժա­մանակ հարս են տարել, հարս են բերել: Այ, եթե տիկին Ամանպուրն էլ ադրբեջան­ցիների այդ «հայրենակալվածքում» եղած լիներ, հիմա ամուսնացած կլիներ մի ունեւոր թուրքի հետ: Կներեք:

ՀԳ 2. Տասնամյակներ առաջ Երեւանում մի վիրաբույժ կար, որին վճարում էին, որ­պեսզի նա վիրահատություններ չանի: Դե, ԽՍՀՄ-ի ժամանակ բժիշկները լավ չէին վարձատրվում, ինչի պատճառով էլ հիվանդները, ըմբռնումով մոտենալով, իրենց շնորհակալությունը հայտնում էին որոշ վճարումներ անելու ձեւով, որը, չգիտես թե ինչու, անվանվում էր «կաշառք»:
Հարգելի Ամանպուր, կարելի՞ է Ձեզ խնդրել, որ, ի հիշատակ Յասեր Արաֆաթի, ով 2002 թվականին բարձր էր գնահատել Ձեզ, ասելով. «Ի՞նձ եք հարցնում՝ ինչու եմ ես շրջափակման ներքո։ Դուք հիանալի լրագրող եք, լավ կլիներ՝ հարգեիք Ձեր մասնագիտությունը», հետեւեիք նրա հորդորին կամ այլեւս մաս­նագիտությամբ չաշխատեիք, եւ այդ դեպքում մենք կարող էինք Ձեր արժանապատիվ քայլի դիմաց մի լուծում առաջարկել, որից Դուք չէիք կարողանա հրաժարվել:

ՀԳ 3. Ինձ մշտապես զարմացրել է ու հիացրել, թե ինչ բարձրակարգ դաս­տիարակություն են ունեցել մարդիկ խորհրդային ժամանակներում: Նույնիսկ միաբջիջ հեռուստալրագրողը, որը, իր կարծիքով, փորձել էր «նեղը գցել» «երկաթյա տիկնոջը»՝ սքանչելի Մարգարետ Թետչերին, զգալով իր ոչնչությունն այդպիսի մեծության հանդեպ, նույն պահին ներողություն էր խնդրել նրանից: Իհարկե, Զոհրաբ Մնացականյանը Մարգարետ Թետչեր չէ, բայց նա անկախ պետության բարձրաստիճան պաշտոնյա է: Հարցազրույցի ժամանակ արված հարցադրումները, ինչպես նաեւ Արցախի բնակչության առնչությամբ թույլ տրված արտահայտությունները դուրս են քաղաքավարության եւ մասնագիտական էթիկայի շրջանակներից:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր