Սահմանին մնացած աջ ղեկով մեքենաները վերջապես կմտնեն Հայաստան

Սահմանին մնացած աջ ղեկով մեքենաները վերջապես կմտնեն Հայաստան

Կառավարությունն այսօր վերջապես ընդառաջ գնաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների պահանջին և փոփոխություն կատարեց աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցում նախկին կառավարության ընդունած որոշման մեջ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանն այսօր կառավարության նիստում զեկուցելով նախագիծը՝ նշեց, որ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

«Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում»,- ասաց նա։

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է: Նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ այս փոփոխությունն ազդո՞ւմ է այն մեքենաներըի վրա, որոնք մինչ այս պահը վարել են աջ ղեկով, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ոչ, նախագիծը դրանց չի վերաբերում, մինչ այս ՀՀ տարածքում շահագործվող աջ ղեկով մեքենաները կշարունակեն ազատ շահագործվել։

Հիշեցնենք, որ նախորդ կառավարության որոշմամբ՝ արգելվել էր աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան, սակայն սահմանին այս պահին բազմաթիվ այդպիսի մեքենաներ կան, որոնք չէին թույլատրում ներմուծել Հայաստան, ինչն էլ առաջացրել էր այդ մեքենաները ներկրողների վրդովմունքն ու դժգոհությունը։ Երկարատև բանակցություններից հետո ի վերջո կառավարությունը որոշեց լուծում տալ դրան՝ նշված խմբաքանակը ներկրել Հայաստան, ղեկը տեղափոխել և շահագործել, սակայն դրանից հետո այլևս չի թույլատրվի ներկրել աջակողմյան ղեկով մեքենաներ։