Ի՞նչ էր ակնարկում Էդմոն Մարուքյանը

Ի՞նչ էր ակնարկում Էդմոն Մարուքյանը

Կառավարության ծրագրի նախագծի քննարկումն ԱԺ-ում առանց թամաշայի չանցավ: Այնտեղ, որտեղ ներկա է Փաշինյանը, բավական է նրան դուր չեկած մի նախադասություն, եւ թամաշան պատրաստ է։ Մարուքյանի բախտն էլ չի բերում․ հենց որ մեկին մի ոչ փափուկ խոսք է ասում, դիմացինը սկսում է գաղտնազերծել նրա անցյալը: Նման մի անցանկալի միջադեպ տեղի ունեցավ ուղիղ եթերում, երբ նա հարց ուղղեց Ծառուկյանին, վերջինս էլ կլասիկ պատգամավորին հիշեցրեց իր առաջին ընտրությունները, հիշեցրեց անձանց անուններ, ինչը տհաճ անակնկալի բերեց Մարուքյանին:

Հիմա էլ՝ Փաշինյանը. երբ Մարուքյանը սկսեց իր կարծիքն արտահայտել կառավարության ծրագրի նախագծի մասին եւ ընդամենը ցանկացավ ասել, որ ճիշտ չէ ժողովրդի վրա թողնել տնտեսական հեղափոխություն անելու ծանրությունը եւ մարդկանց մեղադրել սեփական աղքատության մեջ, քանի որ նախկինում դրա համար իշխանություններն են անարգանքի սյունին գամվել, Փաշինյանն էլի դուրս եկավ հունից, է՛լ թան ու բրդած մածուն, է՛լ Սերժ ու Կարեն իրար խառնեց: Այդքանը հերիք չէր, մի հատ էլ Վատիկանի դրոշը կախեց Մարուքյանի կուսակցության գրասենյակի ու 1-in.am-ի խմբագրության դիմաց: Սրանով Մարուքյանին փորձեց հիշեցնել կապը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Զայրույթի պահին, հավանաբար, Փաշինյանը հաշվի չառավ, որ Մարուքյանն էլ հիշեցնելու բան կունենա, չէ՞ որ նրանք եղել են դաշնակիցներ, ունեն համատեղ գաղտնիքներ. 2017-ին միասին՝ «Ելք» դաշինքով են անցել խորհրդարան:

Բա եթե Մարուքյանը Վատիկանի դրոշի տակ է պատսպարվում, այդ դեպքում ի՞նչ գործ ուներ թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Մարուքյանի հետ նույն դաշինքում, որով անցավ խորհրդարան: Գուցե դա միակ շա՞նսն էր, որ այդ ընտրություններին դառնար պատգամավոր: Այդ ընտրություններին առանց «դաբրոյի» դժվար էր հայտնվել խորհրդարանում: Իսկ այդ բաղձալի «դաբրոն» տրվում էր ոչ միայն Բաղրամյան 26-ում, այլեւ՝ «Վատիկանի դրոշի տակ»: Մարուքյանին շատերը հարց ուղղեցին, թե ինչ էր ակնարկում Փաշինյանը՝ հիշատակելով դրոշը: Բայց շատերի ուշադրությունից վրիպեց, թե ինչ էր ակնարկում Մարուքյանը՝ ասելով․ «Բարի գալուստ Ազգային ժողով»…  Նա հիշեցնում էր 2017թ․ ԱԺ ընտրությունները: Ինչպես ասում են՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: