Գրանտակերության լույսն ու ստվերը

Գրանտակերության լույսն ու ստվերը

«Գրանտակեր» եզրույթը մեր առօրյա խոսակցությունների մեջ եւ մամուլում, կարելի է ասել, շատ հարմար է տեղավորվել, թեեւ հայերենում «գրանտ» բառը նորաբանություն է, որ նշանակում է անձի կամ կազմակերպության կողմից տրվող դրամաշնորհ: Գրանտ, սովորաբար, տրվում է մշակութային կամ գիտական աշխատանք կատարելու համար: Տվողն էլ կարող է լինել տվյալ երկրի նախագահը, կառավարությունը, անհատ մարդիկ, զանազան կազմակերպություններ: Թվարկվածները գրանտներ սահմանելիս, անկասկած, որոշակի հետաքրքրություն ունեն այդ գումարի դիմաց ինչ-որ բան ունենալու հարցում: Հետեւաբար, եթե մի փոքր կոպտացնենք «գրանտի» ընկալումը, ապա կարելի է ասել, որ դա մարդուն շահագրգռելու միջոց է, որպեսզի նրան «դրդես» որեւէ բան անել մշակույթի, գիտության ասպարեզներում, հասարակական, քաղաքական կյանքում եւ այլուր: Խոսակցական լեզվում «գրանտ» են անվանում նաեւ ուսանողական թոշակը` կրթաթոշակը:  Մեկ տողով` գրանտը որոշակի աշխատանք կատարելու համար օդից ընկած գումար է, որը ոչ մի դեպքում չպետք է շփոթել մեր պատկերացրած «աշխատավարձի» հետ, որ ստանում ենք աշխատուժի ամենօրյա վաճառքի դիմաց:

Ներքին գրանտներից բացի, որոնք, սովորաբար, արտահայտված են լինում դրամով, Հայաստան են մտնում նաեւ գրանտներ «դրսից»` զանազան օտար կազմակերպությունների, ֆինանսական կենտրոնների, խոշոր քաղաքական շրջանակներ ներկայացնող հիմնադրամների կողմից: Հասկանալի է, որ արտասահմանյան դրամաշնորհներն արտահայտված են լինում հիմնականում արտարժույթով, իսկ քանակությունը` դրսի «պատկերացումներով», այսինքն` շատ: Այդ հարաբերական «շատ» փողի նկատմամբ հետաքրքրությունն առավել մեծ է մեզ նման հետընկած, աղքատ երկրներում, որտեղ փողին ու բարեկեցությանը «փափա» են ասում, որտեղ հարուստն «աչքի գրող» է, բայց հարուստ լինելը` երազանք: Մի երկրում, որտեղ աղքատին ասում են` սեփական նախաձեռնությամբ ուղեղումդ հեղափոխություն արա եւ հարստացիր, այնտեղ «օդից ընկած» փողը, մանավանդ՝ եթե ամերիկյան կամ եվրոպական որեւէ ինքնաթիռից են նետել, մեծ բարեբախտություն է, իսկ այդ փողին տիրանալը` «շնորհքի» հարց:

Որպեսզի ասելիքս խոհափիլիսոփայական շարադրության չնմանվի, փորձեմ կոնկրետ օրինակի վրա կառուցել նյութը: Վանաձորի Հելսինկյան գրասենյակի մասին, հուսով եմ, շատերն են լսել, իսկ այդ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին էլ գիտեն գրեթե բոլորը: Հայաստանի ամենախոշոր գրանտակերներից մեկն է: Նրան շնորհվող գրանտները, որպես կանոն, արտահայտված են արտարժույթով: Ըստ երեւույթին, Սաքունցի գրանտատուները նրան շատ են սիրում եւ գրանտը միշտ այնպես են նետում Հայաստան, որ այն ընկնի ուղիղ Սաքունցի բուռը: Կարելի է նույնիսկ մտածել, որ Սաքունցն է մեր երկրում մշակութային, կրթական, գիտական եւ հասարակական աշխատանքների պատասխանատուն: Իհարկե, Հայաստանում Սաքունցից բացի բազմաթիվ այլ գրանտակերներ կան, բայց ամենից հաճախ հոլովվում է հենց Սաքունցի անունը: Նրա անունը կա գրեթե բոլոր աղմկահարույց գործերում, որոնք Հայաստանում իրականացվում են գրանտների միջոցով:

Հանդուրժողականություն եւ խտրականություն մերժող ֆիլմերի տարածում, դրանց ցուցադրման փորձեր Վանաձորում եւ Գյումրիում, դատական հայցեր եւ դիմումներ դատախազությանը, Հայաստան ժամանած Պուտինի դեմ «կատաղի» ցույցի կազմակերպում եւ այլն: Սաքունցն անմասն չէ նաեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման թեմաներից եւ այդ առումով Հայաստան մտնող գումարներից, որոնք, եթե հավատանք հրապարակումներին, բավականին կանոնավոր գալիս են: Հաշտեցման սուրբ գործին լծվածները քիչ չեն, բայց կենտրոնական դեմքը, ինչպեսեւ պետք էր սպասել, Արթուր Սաքունցն է: Չուզողներն ասում են` «էլի կպցրեց», բայց դա այդպես չէ: Սաքունցը երիտասարդ տարիներին էր գրանտ «կպցնում», իսկ այժմ գրանտն է իր ոտքով «կպնում» նրան, ընկնում ոտը:

Հանկարծ չկարծեք, թե նախանձում եմ Սաքունցին, փորձում եմ հաշվել նրա փողերը: ՀՀ հպարտ քաղաքացիների մեջ դա ընդունված պրակտիկա է, բայց ես այն քչերից եմ, որ նախընտրում եմ հեռու մնալ շառոտ փողից: Ինձ երբեմն մերոնք ասում են` «լավը չես, խեղճ ես» եւ այլն, բայց մեկ է, ոչինչ չի կարելի այլեւս փոխել: Իմ գլխում ես իմ փայ հեղափոխությունը վաղուց եմ արել եւ հիմա արդեն կարգին հարուստ մարդ եմ, այնքան հարուստ, որ եթե Սաքունցն իր ստացած 130 հազար դոլար գրանտից 100 հազարն էլ տար, միեւնույն է, այս հոդվածը գրվելու էր:

Ըստ որոշ աղբյուրների` նշված գումարը գրանտի տեսքով Սաքունցն ստացել է բոլորովին վերջերս եւ, ինչքան հասկացանք հայ-ադրբեջանական «հաշտեցման» սուրբ գործի շրջանակներում, որի «հաջող» ավարտի դեպքում ո՛չ Ղարաբաղի, ո՛չ պատերազմի, ո՛չ բանակի հոգս չենք ունենալու: Գրանտակերները համառորեն հերքում են դրսի լրատվամիջոցներով, իսկ հետո նաեւ հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունները Սորոսի եւ այլ հիմնադրամներից ֆինանսավորվելու փաստը, ինչը, մեղմ ասած, ծիծաղելի է արդեն: Մենք այդ անիմաստ հերքումներին չենք հավատում` ճանաչելով հայաստանյան գրեթե բոլոր միջազգային գրանտակերներին (անհատ լինեն, թե ՀԿ-ներ): Մեզ այլ հարց է հետաքրքրում:

Ինչո՞ւ են գրանտակերները եւ, մասնավորապես Արթուր Սաքունցը, հերքում այդ լուրերը: Տպավորություն ունենք, որ ամաչում են գրանտ «շահելու» եւ դրա դիմաց աշխատանք կատարելու հանձնառության համար: Բայց ի՞նչ ամաչելու բան կա, եթե նպատակդ բարի է: Ո՞վ չի ցանկանում հաշտություն ու խաղաղ երկինք: Ինքզինքը գողի նման պահելու իմաստը ո՞րն է, պարոն Սաքունց, ումի՞ց ես քաշվում: Մենք մեր ողջ եղած-չեղածով պարտական ենք այն հերոսներին, որոնք մեր անկախության տարիներին թույլ չտվեցին, որ թուրքը Հայաստանի ու Ղարաբաղի հարցով վարդագույն երազներ ունենա, այն հերոսներին, որոնք սիրում են կյանքն ու խաղաղությունը, բայց 16-ի ապրիլին դարձյալ ստիպված եղան շանը ծեծելով ցույց տալ իր տեղը: Հեշտ չէ գնալ էդ տղերքի առաջ կանգնել ու ասել` խաղաղություն եմ բերել, եկել եմ ձեզ թուրքի հետ հաշտեցնեմ:

Բնականաբար, Սաքունցն այդպիսի բան չի անի, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ առաջին գծում նրա «յոթն ու քառսունքը» մի տեղ կանեն: Այնտեղ օրենքները մի քիչ ուրիշ են, հասկանում ես: Մինչդեռ առջեւում այնքա՛ն չկերած գրանտներ կան` որը դոլարով, որը եվրոյով… Ռուսական ռուբլով, եթե չեմ սխալվում, չեն ընդունում․․․

Եվ ավարտեմ այս գործում առկա ամենամեծ կուրյոզի մասին խոսքով: Հայտնի է, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման գործընթաց սկսելու բանակցությունները՝ նախորդը (ասում են` դրանք 4.5 ժամ են տեւել) վարել են արտգործնախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը: Չի բացառվում, որ այդ հարցի շուրջ խոսել են նաեւ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը: Այսինքն, հարցը լուրջ է, եւ չի բացառվում, որ Ալիեւին ու Փաշինյանին, ինչպես նաեւ Մնացականյանին եւ Մամեդյարովին «երկխոսացնող» ուժերը նաեւ հոգ են տարել, որ վերջիններս հասարակական-վճարովի հիմունքներով օգնականներ ունենան՝ ի դեմս Սաքունցի եւ մյուսների:

Այստեղ են ասել․ ով չարչարվի՝ ով գրանտ ստանա ու գնա սանատորիա: Դրսի թերթերը, սակայն, գրել էին բացառապես հայաստանցի «սաքունցների» մասին: Սա անարդարություն է: Ադրբեջանում Սաքունց չկա՞, ադրբեջանցիներին մեզ հետ հաշտեցնելու համար գրանտ ստացող չկա՞: Ահավասիկ, Սաքունցի եւ իր գրասենյակի մի գործն էլ այն է լինելու, որ հայ հասարակությանը ճանաչելի դարձնի ադրբեջանցի գրանտակերներին, որպեսզի գոնե հասկանալի լինի, թե ինչու, ենթադրենք, ռուսական թերթերը նրանց սաքունցների մասին չեն գրում: