Երեսուն հոգով իշխանափոխություն են ուզում

Երեսուն հոգով իշխանափոխություն են ուզում

«Ծռերն» աստիճանաբար գաղտնազերծում են արցախյան միջոցառումը: Ֆեյսբուքի նրանց էջում կարելի է ծանոթանալ կուսակցության հիմնական դեմքերի ելույթներին, որոնք, ինչպես բոլոր հեղափոխականների մոտ, մեկը մյուսի հաջող կամ ոչ այնքան հաջողված կրկնությունն են: Օրիգինալությամբ, թերեւս, աչքի ընկավ Ժիրայր Սեֆիլյանը, որ վստահաբար հայտարարեց, թե արցախահայությունը հաջորդ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է: Սա նրա քաղաքական հայտն է համայն հայությանը, որից կարելի է պատկերացում կազմել, թե «ծռերն» ինչ ծրագիր ունեն:

Ըստ երեւույթին, նրանք կանխածրագրել են, որ իրենք դեկտեմբերի 9-ին հաղթելու են, ձեւավորելու են կառավարություն: Կամ ԱԺ-ում ունենալու են այնքան ազդեցիկ ներկայացվածություն, որ կարողանալու են թելադրել քաղաքական օրակարգ: Մասնավորապես, ինչպես իրենք են ասում՝ Արցախը դե-յուրե Հայաստանին միավորելու հարցում: Սեֆիլյանի ելույթից հասկացվում է, որ «ծռերը» Հայաստանում այս հարցը լուծված են համարում, խնդիր են դրել հաղթահարել արցախյան «խոչընդոտները»:

Համենայն դեպս, նա հարցը ներկայացրել է մի դրվածքով, որից կարելի է ենթադրել, թե Արցախի գործող իշխանությունները «դեմ են» Հայաստանի հետ դե-յուրե միավորմանը: Դրանից էլ Սեֆիլյանը բխեցնում է, որ Արցախում պետք է տեղի ունենա… իշխանափոխություն: Եւ առաջարկում է այդ հարցով բանակցություններ սկսել նախագահ Սահակյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու համար: Սեֆիլյանի ելույթը լսել, նրան ծափահարել է մի քանի տասնյակ մարդ, մեծամասնությունը՝ ավտոերթով Երեւանից Արցախ հասած: Իսկ ,,ծռերի,, արցախյան մասնաճյուղի անդամների թիվը երեսուն հոգին չի գերազանցում: Ստացվում է, որ երեսուն մարդով նախագահի հրաժարական եւ իշխանության անցնցում փոխանցում են պահանջում, ինչից հետեւում է, որ «ծռերը» բացարձակապես անտեղյակ են արցախյան իրողություններից: Չգիտեն, որ սահմանադրությունը չի նախատեսում իշխանության անցնցում փոխանցում:

Նախագահի հրաժարականի դեպքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Իսկ հերթականը նախատեսվում է անցկացնել 2020թ. գարնանը: Արժե՞ մեկ տարուց մի փոքր ավելի ժամկետի համար իշխանափոխության հարց դնել: Մանավանդ որ «ծռերն» Արցախում հանրային աջակցություն բացարձակապես չունեն: Կունենա՞ն մոտ ապագայում, կհասցնե՞ն կազմակերպվել, ստրուկտուրացնել իրենց ներկայությունը մայրաքաղաքում եւ շրջաններում՝ թող նախապատրաստվեն եւ 2020-ին հանրությանը ներկայանան նախագահի եւ ԱԺ պատգամավորների իրենց թեկնածուներով, մասնակցեն ընտրապայքարին, քաղաքական միջավայրում գտնեն իրենց տեղը:

Միայն դրանից հետո կարող են օրակարգ բերել ,,հիմնադիր համագումարում,, ծրագրային հռչակված հարցերը: Մինչ այդ նրանք ազատ են՝ դրանք ներկայացնելու հանրության քննարկմանը, տարածելու մամուլում, հնչեցնելու հանրահավաքներում, երթերում եւ ցույցերում՝ օրենքով սահմանված կարգով եւ տեղական իշխանությունների կողմից արտոնված վայրերում:

Նոր ստեղծվող քաղաքական ուժի անցնելիք ճանապարհի ընդհանուր հետագիծը դա է: «Ծռերը» մինչդեռ դնում են վերեւից լուծումների գնալու նպատակ: Դա ոչ միայն տրամաբանական, այլեւ օրինական ընթացք չէ: Եւ՝ վտանգավոր: Որովհետեւ կարող է բերել դիմակայության: Ժիրար Սեֆիլյանն ասում է, թե իրենք ձեռք են պարզում Արցախի իշխանությանը եւ հույս ունեն, որ այն օդում չի մնա: Անհապաղ իշխանափոխության կարգախոսը, որ իբրեւ «ծռության» գերնպատակ հնչեցրել է նա, ամենալավագույն տրամադրվածության դեպքում իսկ հնարավոր չէ երկխոսության ցանկություն որակել:

Մանավանդ որ Արցախի իշխանության հետ երկխոսելու լիազորությամբ օժտել կարող է միայն Արցախի ժողովուրդը: Երբ «ծռերը» կվաստակեն այդ իրավունքը, այն ժամանակ նրանք ձեռք պարզելու իրավասություն կունենան: Եւ՝ հիմնավոր համոզմունք, որ պարզած ձեռքն օդում չի մնա: Մինչ այդ բոլոր խոսակցությունները մանիպուլյացիայի ոլորտից են: