Ձեր բողոքն անհիմն է

Ձեր բողոքն անհիմն է

Նոյեմբերի 17-ին մենք տպագրել էինք Դավթաշենի Մելքումով համայնքի բնակիչների բաց նամակը քաղաքապետ Հայկ Մարությանին, որտեղ նրանք նկարագրել էին, թե ինչ դժվարությունների են բախվում փողոցն անցնելիս, որեւէ տեղ գնալիս, քանի որ հետիոտնի անցուդարձը պատշաճ ապահովված չէ երթեւեկության եւ ճանապարհաշինության կանոններով։ Երեկ քաղաքապետարանը պարզաբանում է տարածել՝ «Դավթաշեն - Աշտարակ ճանապարհահատվածի հետիոտնային անցումները նախագծվել են ճանապարհաշինական բոլոր չափանիշներով» վերտառությամբ։

«Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է եղել դեռեւս 1971 թվականին՝ Երեւանի գլխավոր հատակագծով, որը վերահաստատվել է 2005 թ․ գլխավոր հատակագծով: Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի, որի կառուցման նպատակն է բեռնաթափել Երեւանի առկա փողոցների ցանցը՝ հնարավորություն տալով նվազեցնել խցանումները, երթեւեկության ժամանակը եւ, որպես հետեւանք՝ օդի աղտոտվածությունը: Այս ճանապարհահատվածի կառուցմամբ ուղիղ կապ է հաստատվում Եղվարդի խճուղու եւ Մ-1 միջպետական ճանապարհի, ինչպես նաեւ Հալաբյան եւ Չաուշի փողոցների միջեւ: Ճանապարհի կառուցման շնորհիվ էապես նվազելու են Մելքումով, Ֆուչիկի, Մարգարյան, Հալաբյան փողոցների ներկայիս բեռնվածությունը եւ առկա խցանումները եւ, որպես հետեւանք՝ նվազելու է նաեւ երթեւեկության տեւողությունը:

Վերոնշյալ խնդիրների լուծման առավելագույն արդյունավետության համար ճանապարհը նախագծվել է որպես անընդհատ երթեւեկության մայրուղի (առանց լուսացուցային կառավարման)՝ հանդիպակաց երթեւեկելի գոտիների տարանջատմամբ եւ երթեւեկության անվտանգության բարձր չափանիշներով:

Վերոհիշյալ նպատակների իրագործման համար Դավթաշեն-Աշտարակ հատվածը նախագծվել եւ կառուցվում է որպես անընդհատ երթեւեկությամբ ճանապարհ, ընդ որում՝ ապահովվել է մուտք հատվող բոլոր փողոցներից, տարանջատվել են հանդիպակաց երթեւեկելի գոտիները, երթեւեկության առավելագույն ճկունություն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նախատեսվել է երկկողմանի հետադարձ կատարելու հնարավորություն։ Ճանապարհի գծանշումն իրականացվելու է լուսանդրադարձնող գծանշմամբ:

Ճանապարհաշինարարական աշխատանքները սկսվել են դեռեւս խորհրդային տարիներին, սակայն դադարեցվել են Խորհրդային Միության փլուզման հետեւանքով: Մինչեւ ճանապարհաշինարարական աշխատանքների սկիզբը իրականացվել են տարածքի բնապահպանական ուսումնասիրություն, հանրային լսումներ, կազմվել է համապատասխան բնապահպանական հաշվետություն, իրացվել են ճանապարհի անմիջական ազդեցության տակ ընկնող գույքը, որից հետո միայն մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք ներկայումս ավարտական փուլում են:

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի այն հատվածի համար, որտեղ առկա են հարակից տնատիրություններ՝ ուղիղ ելքով դեպի փողոց, կառուցվել է լրացուցիչ սպասարկման ճանապարհ՝ անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով:

Այն բնակիչները, որոնց կողմից բարձրացվել է անցումների առկայության խնդիրը, բնակվում են Դավթաշեն վարչական շրջանի հենց այս հատվածում:

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով նախատեսված են 5 հետիոտնային անցումներ, եւս մեկ անցում կլինի ճանապարհի անմիջական հարեւանությամբ։

Անցումներից մեկը ստորգետնյա է, մեկը՝ վերգետնյա՝ վերելակով, իսկ մյուս չորսը (3-ը՝ ճանապարհի երկայնքով, 1-ը՝ ճանապարհի անմիջական հարեւանությամբ)՝ ճանապարհի հետ նույն մակարդակի վրա՝ համապատասխան լուսանդրադարձնող գծանշմամբ: Ի դեպ, վերգետնյա անցումը կառուցված է այն հատվածում, որի անմիջական հարեւանությամբ (մինչեւ այս ճանապարհահատվածի կառուցումը՝ նույնպես) Մելքումով փողոցը կապված է եղել Դավթաշեն վարչական շրջանին: Այս միացումը նույնպես պահպանված է: Արդյունքում Մելքումով փողոցը կապվել է Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի հետ:

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը մաս է կազմելու Երեւանի ճանապարհային ցանցի, իսկ մեքենաների թույլատրելի արագություն է սահմանվել 60 կմ/ժ-ն:

Այսպիսով՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածն ապահովում է ինչպես հետիոտների տեղաշարժը ճանապարհի մի մայթից մյուսը՝ ճանապարհի ամբողջ երկայնքով, այնպես էլ մեքենաների տեղաշարժը Եղվարդի խճուղու, Մ-1 միջպետական ճանապարհի, Հալաբյան ու Չաուշի փողոցների եւ հարակից երկրորդային փողոցների ու տնատիրությունների միջեւ»: