Խելագարության կանխավարկածի բացակայությամբ

Խելագարության կանխավարկածի բացակայությամբ

Կյանքում առկա են ոլորտներ, որոնց վերաբերյալ համարյա ոչինչ չեմ գրել՝ թե՛ որպես լրագրող նախկինում և թե՛ դրանից տարիներ անց: Կա՛մ չեմ հետաքրքվել, կա՛մ ինձ մասնագետ չեմ համարել և կա՛մ երկուսը միասին: Չլինելով իրավաբան՝ ինձ իրավունք չեմ վերապահել «ծանրակշիռ» կարծիք հայտնել Սահմանադրության վերաբերյալ: Սակայն թե՛ նախկինների օրոք և թե Նիկոլի կառավարման տարիներին մեկ-երկու անգամ անդրադարձել եմ այդ փաստաթղթին: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2015-ին, երբ ողջ ընդդիմությունը «ոչ» էր ասում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Ես երևի միակն էի, որ ողջունում էի այն՝ համարելով, որ դա կնպաստի գործող իշխանություններից ազատվելուն: Այդպես էլ եղավ, և նույնիսկ մարդիկ եղան, որ ընդունեցին իրենց սխալ և իմ ճիշտ լինելը: 

Ինչևէ, շարունակեմ. քննարկումների ժամանակ, որին ընդդիմությունը բացարձակ անմասն մնաց, առաջարկեցի քվեարկությունից հետո թույլատրել դաշինքների կազմումը՝ եթե որևէ քաղաքական ուժ չէր ստանում անհրաժեշտ քանակի ձայներ: Այդ դրույթը գործող իշխանության քիմքով չէր, ու այդ պատճառով նախագծում այն չկար, և կարող եմ ասել, որ իմ ջանքերի շնորհիվ այն ներառվեց վերջնական տեքստում: Երկրորդ անգամ թեմային առնչվեցի 2020-ին, երբ նիկոլական ուսապարկերը հանրաքվեի չեղարկումից հետո որոշեցին առանց դրա լուծել ՍԴ անհնազանդ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը: Որպես գրագետ ու նորմալ անձնավորություն՝ փորձեցի պաշտպանել թե՛ Սահմանադրությունը (որին Նիկոլի կառավարման պատճառով արդեն դեմ էի) և թե՛ Թովմասյանին:

«Հրապարակում» 2015 թվականի հեղինակային խմբի անդամներից մեկի՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ հարցազրույցը ստիպեց կրկին անդրադառնալ թեմային: Հատկապես նրա այս միտքը. «Սահմանադրությունը, այնուամենայնիվ, ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլեւ իրավական փիլիսոփայություն»։ Չբավարարվելով հարցազրույցի տակ մեկնաբանություն թողնելով՝ որոշեցի առանձին հոդվածով անդրադառնալ դրան: Ինչը և կատարում եմ:
Նիկոլի եռամյա կառավարումը ցույց տվեց, որ սխալ էր կառավարման համակարգի փոփոխությունը՝ կիսանախագահականից անցումը խորհրդարականի: Այո, այն, հանուն ինչի, ժամանակին ողջունեցի փոփոխությունը: Եվ խնդիրն առնչվում է ոչ թե ժողովրդավարությանը՝ դա արդեն երրորդական-չորրորդական նշանակություն ունի, այլ հենց փաստաթղթի իրավական փիլիսոփայությանը: Փաստաթուղթը կազմվել է այնպես, որպեսզի մշտապես պահպանվի քաղաքական կայունությունը: Սակայն այն կայունությունը, որը հիմնված է իշխող քաղաքական ուժի տիրապետության վրա: Մի քիչ էլ, որպես համեմունք (թող ներեն ինձ կազմողները), փոխառնված է թշնամի կամ կիսաթշնամի պետություններով շրջապատված Իսրայել պետության պրակտիկայից: Հիշեցնեմ, որ այնտեղ մի տարում կարող է փոխվել մի քանի կառավարություն կամ էլ նույնիսկ կազմակերպվի խորհրդարանի մի քանի ընտրություն:  

Մեր պայմաններում քաղաքական կայունությունն իսկապես շատ կարևոր արժեք է: Բայց դա այդպես է, երբ իշխող քաղաքական ուժը կանխատեսելի, ինչ-որ տեղ թափանցիկ ու վերահսկելի է: Մեր Սահմանադրությունն ապահովում է հենց այդ կայունությունը: Սակայն եթե իշխող քաղաքական ուժը կանխատեսելի, թափանցիկ ու վերահսկելի չէ՞: Եթե այդպես չէ, ապա կայունությունը վերածվում է չարիքի. այն, ինչ ըմբոշխնում ենք ազգովի: Ստացվում է, որ Սահմանադրության հիմնական թերությունն այն է, որ կազմողները հաշվի չեն առել խելագարության կանխավարկածը: Այսինքն՝ նրանում պետք է ներառվեին այնպիսի արգելակներ, որոնք խոչընդոտեին կայունության պահպանմանը ոչ ադեկվատ իշխանության դեպքում: Հենց դա էլ կլիներ այն իրական իրավական փիլիսոփայությունը, որին մասին հացազրույցում ասում է նախկին նախարարը:

Որպեսզի հասկանալի լինի ասվածը՝ բերեմ կոնկրետ օրինակ: Վարչապետի հրաժարականի դեպքում կառավարությունը վերծավում է ԺՊ-ի, և այդ թվում ինքը՝ վարչապետը: Ոմանք գտնում են, որ Սահմանադրության տրամաբանությամբ հրաժարական տված վարչապետը պետք է ընդհանրապես հեռանա: Սակայն ողջ խնդիրը կայանում է նրանում, որ դրա մասին չկա նույնիսկ մեկ նախադասություն: Չեմ կարծում, թե սահմանադրական փոփոխությունների հեղինակային խմբի անդամներից ոչ մեկը չի ֆայմել այդ խնդրի մասին: Սակայն դա պետք էր նախկինների դեպքում, որպեսզի, ինչպես արդեն ասել եմ, պահպանվի իշխող քաղաքական ուժի կայունությունը: Իսկ եթե առաջնահերթություն տրվեր ոչ թե այդ դրույթին, այլ հաշվի առնվեր խելագարության կանխավարկածը, ապա կարձանագրվեր, որ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարությունը վերծավում է ԺՊ-ի, իսկ վարչապետի պարտականությունները կատարում է տարիքով ավագ փոխվարչապետը: 

Եվ հարցը կփակվեր, ու մենք այլևս Նիկոլից ազատվելու խնդիր չէինք ունենա: Ուրիշ հարց, որ դրա առկայության դեպքում Նիկոլը այդքան հեշտությամբ չէր գնա արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացմանը, բայց դա հենց քննարկման այլ հարց է: Ի դեպ, կայունությունը կարող էր շարունակական լինել, եթե տարիքով ավագ փոխվարչապետն էլ իրավունք ստանար ԱԺ-ում առաջադրվելու և ընտրվելու որպես վարչապետ: Իսկ եթե իշխող քաղաքական ուժը դեմ լիներ նրան, ապա երկու անգամ էլ կտապալեր խորհրդարանական քվեարկությունը, և Ազգային ժողովը կլուծարվեր: Ի դեպ, տարիքով ավագ փոխվարչապետի ընտրության դրույթը կստիպեր, որպեսզի կառավարություն կազմելիս որևէ քաղաքական ուժ ավելի ուշադիր լիներ սեփական կադրերի ընտրության հարցում:

Ինչպես տեսանք, կայունության ապահովման անվան տակ գործող նորմը նպաստեց Փաշինյան Նիկոլի մնալուն և վերարտադրվելուն: Իսկ եթե Սահմանադրություն կազմողներն ավելի առաջ գնային ու կանխատեսեին նիկոլական ուսապարկերի հայտնվելու երևույթը (խելագարության կանխավարկածը), ապա կառաջարկեին, որպեսզի երկու անգամ ԱԺ-ում վարչապետ չընտրվելու դեպքում հրաժարական ներկայացնի ողջ կառավարությունը: Երկիրն անցնի նախագահական ժամանակավոր կառավարմանը, ՀՀ նախագահի կողմից նշանակվի արտահերթ ընտրություն, որն էլ կկազմակերպի ԿԸՀ-ն: