Փողի քսակը, փողի քսակը...

Փողի քսակը, փողի քսակը...

Միանգամայն իրավացի եք` բարձրացնում է մարդու հասակը, բայցեւ, անտարակույս, ոչ միշտ եւ ոչ ամեն մեկի։ Շատ փող դիզելու մոլուցքի իրականացումը, հասկանալի է, պայմանավորված է հնարամտորեն գործելու, կյանքի անակնկալ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ամեն ինչ անսխալ հաշվարկելու եւ էլի բազում գործոններով։ Չկա մեկը, ով չցանկանա հարստություն կուտակել, ապրել անհոգ կյանքով։ Երգիծաբաններն ասում են՝ հենց որ մարդկությունը հնարեց թղթադրամը, դրա պակասը զգացին ամենուր, եւ զգաց ամեն ոք։ Սա կատակ է, սակայն լուրջ կատակ նրանց համար, ովքեր բոլոր կարելի ու անկարելի միջոցներով ձգտում են տեր դառնալ «կլորիկ գգումարների»։ Ի դեպ, առաջին անգամ թղթադրամը շրջանառության մեջ է դրվել XVII դարում, Հյուսիսային Ամերիկայում։ Իսկ մինչ այդ մարդիկ օգտագործել են մետաղադրամներ՝ պատրաստված ոսկուց եւ արծաթից։ Օրինակ, Տիգրան Մեծի օրոք նրա պատվերով պատրաստված մետաղադրամները պահպանվել ու ցուցադրվում են տարբեր թանգարաններում։

Խրեմոֆիլիա` այսպես է կոչվում փողի նկատմամբ անզուսպ մոլուցքը։ Հատկանշական է, որ դա արտահայտվում է տարբեր կերպ՝ գրպանում մետաղադրամը շարունակ զնգզնգացնելուց մինչեւ դրամապանակում թղթադրամների կապոցն անդադար շոշափելու հաճույքը, իսկ ծայրահեղ դեպքերում՝ հիվանդը փողն ուժգին սեղմած է պահում մերկ մարմնին, փողի հետ մեկտեղ քուն մտնում։ Եթե փողն ընկել է խրեմոֆիլի ձեռքը, ապա դրանից պրծում չկա։ Հարստությունը նաեւ վախի զգացում է ծնում՝ վախ, որ մի օր կարող ես դրանից զրկվել։ Բայց կան հնարամիտ, ճարպիկ ու գործունյա մարդիկ, ովքեր կարողանում են փողին տիրապետել եւ այն շարունակաբար ավելացնել։ Վերցնենք հանրահայտ Ռոման Աբրամովիչին, ով ժամանակին սիբիրյան խանութներից մեկի սովորական գործակատար է եղել, ապա` Կամչատկայի նահանգապետ, հիմա ժամանակի մեծ մասն անցկացնում է Իսրայելում կամ մառախլապատ Անգլիայում, ավելի կոնկրետ` «Չելսի» ֆուտբոլային ակումբում, որի ներկայիս տնօրենն է։ Բանն այն է, որ կարճ ժամանակամիջոցում նա մեծ հարստություն է կուտակել` 23 միլիարդ դոլար։

Ինչպե՞ս։ Շատ դժվար է ասել, եւ երեւի ոչ ոք այդ հարցի ստույգ պատասխանը տալ չի կարող։ Հայտնի է, որ նա առանձնապես շատ ուտող-խմող չէ, լրագրողների հետ հանդիպումներից էլ շարունակ խուսափում է եւ ընդհանրապես ի տես բոլորի չի սիրում արտահայտվել։ Նա միլիարդատեր է՝ շքեղ ապարանքների, մի քանի հրաշալի առագաստանավերի (ընդ որում՝ դրանցից մեկը ֆուտբոլային երկու դաշտի երկարություն ունի) տեր է եւ առանց վարանելու՝ տասնյակ միլիոնների պայմանագրեր է կնքում հիմնականում աչքի ընկած այս կամ այն օտարազգի ֆուտբոլիստ ձեռք բերելու ու «Չելսիում» խաղացնելու համար։ 

Մի փոքր այլ է նրա մրցակից Օլեգ Դերիպասկան, ով այնքան էլ կողմնակից չէ շվայտ կյանքին։ Գուցե դրա շնորհիվ է, որ հարստությունը մեծացրել-հասցրել է մոտ 45 միլիարդ դոլարի, ինչը բացարձակ ցուցանիշ է Ռուսաստանի 87 միլիարդատերերի ցուցակում, ընդ որում՝ նրա հարստության աղբյուրն էլ որոշակի է` ալյումինի արտադրության գլխավոր ձեռնարկատերն է։ Ռուս միլիարդատերը շարունակում է կուտակել փողերը, թեեւ դժվար թե կարողանա ցոփ կյանք վարելու հարցում մրցել Բիլ Գեյթսի հետ, ով համաշխարհային վարկանիշով (58 միլիարդ դոլար) երրորդ տեղն է գրավում։ «Համակարգիչների հայրը» Սիեթլի մոտակայքում, Վաշինգտոն լճի ափին կառուցել է իր ապարանքը, որը զբաղեցնում է 6 հազար քառակուսի կիլոմետր։

Այս ցուցակը երկար է, քանի որ մեծահարուստների թիվը գնալով ստվարանում է։ Գիտե՞ք ինչու։ Ինչպես պարզել են փորձագետները, միլիոնների տեր կարելի է դառնալ․․․ բնավ էլ ոչ աշխատանքի շնորհիվ։ Ուսումնասիրելով աշխարհի ամենահարուստ օլիգարխների կենսագրությունները, պարզել են, որ առավել շատ փող են կարողանում դիզել նրանք, ովքեր շռայլ կյանք են վարում, ինչպես ընդունված է ասել` աղավարի են ապրում։

Ուզում ես ավելի շատ վաստակել, վստահիր փորձառուների խորհրդին` բարձրացրու նշաձողը, քեզ համար ընդունիր մի սկզբունք ու հիշիր` փողը «սիրում է» նրան, ով վստահ է իր նկատմամբ, հետեւում է իր տեսքին, ունակ է արագ ու մտածված որոշումներ կայացնել, սկզբունքային է ու հաստատակամ, անպայման լավատես է ու միշտ ժպտում է։ 

Իհարկե, կան եւ այլ համոզմունքներ։ Երբ միլիարդատեր Արիստոտել Օնասիսին մի առիթով խնդրում են՝ խորհուրդ տալ հարստանալ ցանկացողներին, նա ասում է. «Եթե դուք փող չունեք, պարտքով վերցրեք, սակայն` մեծ գումար։ Դրա փոքր մասը ներդրեք գործի մեջ, իսկ մեծ մասը ծախսեք ձեր անձնական կարիքները բավարարելու համար։ Դուք պարզապես պետք է փայլուն տեսք ունենաք, մարդկանց համոզեք, որ ձեր կյանքում ամեն ինչ հրաշալի է դասավորված, որ դուք հարուստ եք։ Եվ համոզված եղեք՝ ձեր երազած հարստությունը երկար սպասեցնել չի տա...»։

«Փողից հոտ է գալիս. եթե քիչ է` քրտինքի, եթե շատ է` արյան», «փողը չարիք է», «փողը երջանկություն չի բերում», «կեղտոտ փողեր»․ այս ու նման տարածված ասույթները, ինչ խոսք, որոշ չափով առնչություն ունեն իրականության հետ։ Եվ նման քարոզչությամբ են դաստիարակվել տարբեր սերունդներ։ Իսկ ընդհանրապես «մեծ փողեր» հասկացություն գոյություն չունի։ Փորձագետների համոզմունքն այն է, որ պարզապես ամեն ինչ հարկավոր է ճիշտ հաշվարկել, փողը, ինչպես ասում են, քամուն չտալ։ Երեւի հենց այսպես են փողի հետ «լեզու գտել», օրինակ, մեր հայրենակից Քրք Քրքորյանը կամ մի քանի դոլարով Ամերիկա ոտք դրած հունգարացի Ժորժ Սորոսը...

Քանի որ թեման ֆինանսներն են, հաստատ կհետաքրքրի նաեւ մեկ այլ բան` որքա՞ն են կազմում խոշոր տերությունների ղեկավարների տարեկան աշխատավարձերը (դոլարի հաշվարկով)։ Համացանցից պարզեցինք հետեւյալը.
Բայդեն (ԱՄՆ)` 400 հազար
Պուտին (Ռուսաստան)` 112 հազար
Ցզինպին (Չինաստան)` 22 հազար։

Միսակ Նազարյան