Սահմանադրությունը, ի վերջո, հոգեբուժության դասագիրք չէ

Սահմանադրությունը, ի վերջո, հոգեբուժության դասագիրք չէ

1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով ընդունվեց Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Մի փաստաթուղթ, որն օրվա իշխանություններն ինչպես ցանկացել՝ ձեւել են ու մեկնաբանել, պարբերաբար փոփոխել։ 2015 թվականին ընդունված Սահմանադրության հեղինակներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, երեկ մեզ հետ զրուցյում ասաց, որ շնորհավորանքի խոսքեր չունի։ Ապա նշեց․ «Սահմանադրությունը, այնուամենայնիվ, ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլեւ իրավական փիլիսոփայություն»։

- Չե՞ք կարծում, որ մեր երկրում առաջացած խնդիրների պատճառները նաեւ Սահմանադրության մեջ են թաքնված, հատկապես՝ 2015-ին ընդունված, որի հեղինակներին մեղադրում էին, որ այն «կարել» էին հատուկ Սերժ Սարգսյանի «հագով», իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն է «հագել» այդ «կոստյումն» ու ինչպես ուզում՝ օգտագործում է։

- Չեմ կարծում, որ Սահմանադրությունն է մեղավոր, մեկ անգամ եւս նշեմ, որ, լինելով իրավական փիլիսոփայություն, այն պետք է դառնար նաեւ հասարակության սեփականությունը։

- Ինչո՞ւ չդարձավ։

- Բարդ հարց եք տալիս։ Կարծում եմ՝ նաեւ այն պատճառով, որ մեր հասարակությունը բավարար հասուն չէր։

- Ըստ Ձեզ՝ լա՞վն էր այն Սահմանադրությունը, որ ընդունվեց 2015 թվին, Դուք էլ դրա որոշ գլուխների համահեղինակն եք։

- Տեսեք, Սահմանադրությունը լավ կամ վատ ասելով՝ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունես։ Սահմանադրությունը միշտ խթանիչ գործիք է հասարակական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ այդ տեսանկյունից, այո, ես կարծում եմ՝ այն լավն էր։ Արդյոք այն անթերի՞ էր։ Չկան իրավական անթերի փաստաթղթեր։ Եվ յուրաքանչյուր նմանատիպ փաստաթուղթ կարող է էլ ավելի բարելավվել, անշուշտ։ Բայց, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ՝ ուղղությունը, որ ընտրված էր, ճիշտ է։

- Այդ «ճիշտ ուղղության» արդյունքում պրոցեսներ գեներացվեցին, որի հետեւանքը եղավ այն, որ մենք այսօր պետականության կորստի առջեւ ենք կանգնած, Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ այսօր չեն կիրառվում կամ կիրառվում են այնպես, ինչպես ինչ-որ մարդիկ ցանկանում են։

- Դա ամենեւին չի նշանակում, որ այդ ամենի պատճառը Սահմանադրությունն է։

- Բայց եթե Սահմանադրությամբ չփոխվեր, օրինակ, երկրի կառավարման կոնցեպցիան, այնպիսի դրույթներ չսահմանվեին, որ գործող ղեկավարը երրորդ անգամ կարող է վերարտադրվել, մենք գուցե այս պատկերը չունենայինք։

- Մենք խոսում ենք բացարձակապես տարբեր բաների մասին։ Սահմանադրությունը կոնցեպտ է, զարգացման ուղղություն է։ Կարո՞ղ է ցանկացած զարգացման ուղղություն այլասերվել՝ այո։ Կարո՞ղ է այն ոտնահարվել, դարձյալ՝ այո։ Սահմանադրությունը կարող է ոտնահարվել, եւ էստեղ Սահմանադրությունը մեղք չունի։

- Հիմա այս Սահմանադրությունը, ի վերջո, Սերժ Սարգսյանի՞ համար «կարված» փաստաթուղթ էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի, կամ գուցե նվե՞ր էր Փաշինյանին։

- Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը։

- Բայց Նիկոլ Փաշինյանը հիմա դրանից լիարժեք օգտվում է։

- Դուք պատմության մեջ կարող եք գտնել բազմաթիվ դեպքեր, ոչ միայն Հայաստանի, երբ անձինք օգտվում են ցանկացած այլ փաստաթղթից։ Եթե դու հակված ես փաստաթուղթը ոտնահարելու, ապա էական չէ, թե ինչ փաստաթուղթ է ձեռքիդ տակ։

- Կա՞ն դրույթներ այս Սահմանադրության մեջ, որը Դուք կփոխեիք կամ ի սկզբանե դեմ եք եղել դրանց ընդունմանը, բայց, հակառակ Ձեր կամքին, անցկացվել են։

- Կան նման դրույթներ, իհարկե, բայց դրանց մասին խոսելը, կարծում եմ, ժամանակավրեպ է այս պահին։

- Սահմանադրության միջոցով խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելը, կարծում եք, Հայաստանի զարգացման տեսանկյունից ճի՞շտ էր։

- Կարծում եմ՝ այն մարտահրավերները, որ առկա էին Հայաստանի առջեւ, այո, այդ տեսանկյունից այն ճիշտ էր։

- Իսկ այդ փաստաթղթով կարողացա՞նք մարտահրավերներին դիմակայել։

- Ցավոք սրտի, զարգացումները գնացին բացարձակապես այլ ուղղությամբ։ Բայց որպես գաղափար՝ այն շատ ճիշտ մոտեցում էր։

- Սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Այս հոդվածում, ըստ Ձեզ, ամեն ինչ ճի՞շտ է գրված։

- Կարծում եմ՝ այո։

- Դուք այսօր տեսնո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

- Ոչ, ես դա չեմ տեսնում, բայց երբ Դուք ասում եք՝ դա ճիշտ է, թե ոչ, դա այն է, ինչը խթանում է եւ ինչն ամրագրվում է Սահմանադրությամբ։ Սահմանադրություն՝ սահման դնել, այն դնում է սահման, որ այդ սահմանը հատել չի կարելի։ Իսկ եթե այն հատվում է, Սահմանադրությունն այդտեղ մեղք չունի։

- Բայց ցանկացած պահի, երբ բացես Սահմանադրությունը եւ  կարդաս այդ հոդվածը, պետք է այն համընկնի այդ պահի իրականության հետ, մենք այսօր տեսնում ենք, որ չի համընկնում։

- Այն, որ իրականությունը չի համընկնում այդ դրույթի հետ, ամենեւին չի նշանակում, որ սահմանադրական այդ դրույթն ավելորդ է կամ սխալ է գրված։ Սահմանադրութունը ջերմաչափ չէ, որ չափում է այս պահի ջերմաստիճանը։ Սահմանադրությունն իրավական հայեցակարգ է, որն ուրվագծում է երկրի զարգացման ուղղությունները։

- Նիկոլ Փաշինյանին 3 տարի է՝ պարտադրում են, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնի եւ նորից անցում կատարի կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելին։ Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է նորից փոփոխել Սահմանադրությունը։

- Ես կարծում եմ, որ ոչ։

- Բայց ձեր իշխանությունը ձեր իսկ ընդունած Սահմանադրության օրենքների գերին եւ զոհը դարձավ, դրա տուժածն եք հիմա, եւ եթե դուք այդպես չկազմեիք Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն այսօր դրանով այդպես ամուր պաշտպանված չէր լինի, եւ գուցե նրան հեռացնելու ճանապարհներն էլ հեշտ լինեին։

- Կարծում եմ՝ որպեսզի ես պատասխանեմ Ձեր հարցին, Դուք պետք է շատ ավելի խորը ուսումնասիրեք նախագահական եւ կիսանախագահական երկրների փորձը, որից հետո մենք կարող ենք միասին բանավիճել, թե որ համակարգն է ավելի արդյունավետ։

- Մենք փաստացի այսօր տեսնում ենք, որ այս Սահմանադրության որ դրույթի վրա մատդ դնում ես, փուչ է դուրս գալիս․ ով ինչպես ցանկանում՝ մեկնաբանում է, քանզի հստակություն չկա։ Հնարավոր չէ՞ր այնպիսի Սահմանադրություն գրել, որը մաքսիմալ հստակ լիներ։

- Ես կարծում եմ՝ Սահմանադրությունն այլասերելու փորձերն ամենեւին կապված չեն Սահմանադրության տեքստի հետ։ Իսկ Սահմանադրությունն արդյոք բավարա՞ր մանրամասն է նկարագրում իրավիճակները, կարծում եմ՝ բավարար մանրամասն է նկարագրում, որովհետեւ Սահմանադրությունը, ի վերջո, հոգեբուժության դասագիրք չէ, որը պետք է կանխատեսի ցանկացած, անգամ ամենաաբսուրդ մեկնաբանությունները։

- Ձեր իշխանության օրոք Սահմանադրությունն այլասերելու կամ այս կամ այն հոդվածն ըստ ճաշակի մեկնաբանելու փորձեր չե՞ն եղել։

- Ցանկություն՝ ըստ ճաշակի մեկնաբանելու, միշտ էլ կարող են լինել, դա է պատճառը, որ Սահմանադրությամբ նախատեսում են մի շարք կարեւոր գործիքներ, որպեսզի դրան հակազդեն։ Այլ խնդիր է, որ մեր երկրի զարգացման այս փուլում, ես կարծում եմ՝ նման փորձերը բազմաթիվ են, եւ շատ ինստիտուտների գործունեությունը դադարում է։