Հայաստանն ունի՞ «տիեզերական» ապագա
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախօրեին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը եւ, ի թիվս մի շարք հարցերի, խոսել Հայաստանում տիեզերական գործունեության հեռանկարներից։ Նա մասնավորապես նկատել է․ «Հիմնական նպատակը, բացի նրանից, որ արբանյակ ունենանք, հնարավորություն ունենանք մենք՝ ինքներս նկարներ ստանալ, նկարներ մշակել, բայց գլխավոր նպատակը՝ տիեզերական գործունեությամբ զբաղվելու բազա ունենալ եւ ապահովել հենց այդ բնագավառի զարգացումը: Հիմա այդ աշխատանքներն են կատարվում, ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք կունենանք կառավարման կայան»։ Ապա հավելել, որ արդեն կապ է հաստատվել արբանյակի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին արբանյակը մայիսի 25-ին Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելու հայտարարությունից հետո մամուլում, սոցցանցերում հայտնվեցին ոչ միանշանակ կարծիքներ ու գնահատականներ արբանյակի պատկանելության հետ կապված` որ այն հայկական չի կարող լինել, քանի որ կոորդինատներ չունի եւ պատվիրված կամ վարձակալված է իսպանական ընկերությունից։ Ինչպես վարչապետն էր նկատել՝ «SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված ՀՀ առաջին տիեզերական արբանյակը հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունք է»։
«Կարծում եմ, որ շուտով արդեն նկարներ էլ կունենանք եւ ինչ-որ մի առիթով այդ նկարները կցուցադրենք: Կայանը Հայաստանից չի կառավարվում, դրսից կառավարվում է նաեւ մեր հրահանգներով, այսինքն՝ մենք լիարժեք կայանի սեփականատերն ենք, եւ այն մարդիկ, ովքեր այսօր կառավարում են կամ դիտարկում են կայանը, մեր հրահանգներով են առաջնորդվում կամ մեր պայմանավորվածություններով»,- ասել է նախագահ Խաչատուրյանն ու անդրադարձել, թե ինչու այն կապի արբանյակ չէ: «Նախ՝ կապի արբանյակ ունենալը բավականին թանկ է, կապի արբանյակ ունենալու համար մենք պետք է շատ ավելի լուրջ ներդրումներ անենք: Մենք գտանք, որ այս ձեւով մենք սկսում ենք մեր տիեզերական գործունեության սկիզբը:
Մենք հավաքում ենք նախարարության ենթակայության տակ մասնագետներ․ հիմա կոչ եմ անում՝ ովքեր տիեզերքից հասկանում են, տիեզերագնացությունից, ովքեր պատրաստ են արբանյակներ այստեղ արտադրել, ովքեր պատրաստ են այդ աշխատանքները կատարել, դիմեն նախարարություն, որտեղ արդեն կառույց կա՝ «Գեոկոսմոս», որն զբաղվում է դրանով, եւ, հավատացեք, շատ կարճ ժամանակ հետո դուք կիմանաք Հայաստանի տիեզերագնացության նոր հաջողությունների մասին, որովհետեւ այն հետաքրքրությունը, որը կա հիմա, այն առաջարկությունները՝ մեզ հետ համագործակցելու, որ կան, մեզ համար էլ էին անսպասելի, որ այսպիսի հետաքրքրություն կառաջացնեն»,- հայտարարել է նա:
Նախագահի «տիեզերական» հայտարարությունների շուրջ փորձեցինք կարծիքներ լսել մասնագիտական շրջանակներից․ արդյոք Հայաստանը կարո՞ղ է տիեզերագնացություն զարգացնել, եւ դա արդյոք պե՞տք է մեզ։ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից մեզ պատասխանեցին, որ տնօրեն Արեգ Միքայելյանը երկրում չէ։ Կապ հաստատեցինք Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանի հետ, ով շատ կտրուկ արձագանքեց տիեզերագնացության զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ չի ուզում անգամ որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ մասնագիտական կարծիքի կարիք մեր հասարակությունը չունի։ Ապա հորդորեց կարդալ մասնագետների՝ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիրներ, ՕՐԻՈՆ եւ այլ տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետներ Աշոտ Զախարյանի եւ Ալեքսանդր Կաշինի գնահատականները` տպագրված «Առավոտ»-ում, որտեղ ամեն ինչ ասված է։ Վերջիններս իրենց խոսքում մասնավորապես նշել են․ «Որպես տիեզերական տեխնիկայի ճարտարագետ-մասնագետներ, մենք կատարյալ ապատեղեկատվություն ենք գնահատում, այսպես կոչված, «հայկական արբանյակի» հետ կապված հրճվանքը, դրա ներկայացումը՝ որպես ազգային նվաճում: Նախ՝ «հայկական արբանյակ» հորջորջման մասին: Արբանյակը միջազգային տվյալներով նշվում է որպես իսպանական: Այն ստեղծվել է իսպանական Satlantis Microsats ընկերության կողմից, հետեւաբար, Հայաստանը, մեր որեւէ մասնագետ այդ արբանյակի նախագծմանը, ստեղծմանը որեւէ ներդրում չունի: Այդ արբանյակն արձակվել է ԱՄՆ-ից Falcon-9FT կրող հրթիռով, Block-5 (F9-156) 59 ( հիսունինը!) միկրո-արբանյակների հետ փաթեթում: Փաթեթում նշված են, օրինակ, 4 արգենտինական՝ КА NuSat (№№ 28-31), 5 ֆիննական ICEYE-X (№№ 17-21), կանադական CHGSat («Luca», «Penny» и «Diako»), ավստրալական Centauri-5, բուլղարական Piatform-1, … նաեւ երկու իսպանական Urdaneta-Armsat-1… Այսինքն, Հայաստանը՝ որպես երկիր, չի հիշատակված: Սակայն, եթե անգամ Հայաստանը հիշատակվեր այդ փաթեթում, այսինքն՝ մենք որոշ ներդրում ունենայինք, դա առանձնապես ձեռքբերում չպետք է դիտվեր, քանի որ CubeSat դասի միկրոարբանյակները սիրողական, կրթական ծրագրեր են, եւ դրանց տվյալները, որպես կանոն, պիտանի չեն լուրջ նպատակների համար, որոնք իրականացվում են իրական արբանյակային ծրագրերով: Նաեւ՝ թաքցնելը հասարակությունից, իբր գաղտնիության նպատակով, այս «ազգային նվաճման» թե՛ մանրամասները, թե՛ հարկատուից դրա վրա ծախսված գումարը, թվում է դարձյալ անհասկանալի:
Այս թեթեւսոլիկ հրճվանքն ուղղակի վիրավորական է մեր հանրապետության համար, որտեղ դեռեւս 1969-ին ստեղծվել, ապա ուղեծիր է արձակվել առաջին իրապես հայկական արբանյակը, քանզի ամբողջությամբ ստեղծվել էր Հայաստանում` ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի նախագծով եւ ղեկավարությամբ, ապա ստեղծվել են աշխարհում առավել կատարյալ տիեզերական աստղադիտակները՝ ՕՐԻՈՆ-1 եւ 2, Հայաստանում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել տասնյակ խորհրդային տիեզերագնաց, այդ թվում՝ Ալեքսեյ Լեոնովը: Այսօր եւս, եվրոպական տիեզերական լուրջ ծրագրերում մեր մասնագետներն ունեն ծանրակշիռ մասնակցություն»:
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանից հետաքրքրվեցինք, թե որքանով են իրատեսական տիեզերական այդ նպատակները, ինչ ռեսուրներ եւ տիեզերական ինչ կենտրոններ ունենք մենք, որոնք թույլ կտան մեզ արձանագրել հաջողություններ տիեզերագնացության մեջ։ Սաղյանը նախ նշեց, որ ինքն այդ հարցում մասնագետ չէ, կդժվարանա մասնագիտական գնահատական տալ, բայց, ամեն դեպքում, ակադեմիան իր կարծիքը հայտնել է․ «Դա շատ կարեւոր բան է։ Այսօր գիտությունն այնքան նպատակաուղղված պետք է զարգանա, եւ այնքան հարակից խնդիրներ կան գիտության զարգացման տարբեր ոլորտների հետ կապված, որ նման արբանյակ ունենալը կնպաստի ինչպես գիտության, տնտեսության զարգացմանը, այնպես էլ մեր ռազմարդյունաբերական համալիրի գործունեության խթանմանը։ Ամեն դեպքում, այդ ռեսուրսն ունի մեր ազգը, որովհետեւ մենք միշտ էլ, բացառությամբ վերջին տարիների ծանր պայմանների, այդ ուղղությամբ եղել ենք առաջատար դիրքերում։ Պոտենցիալը կա, որոշակի մշակումներ առկա են, եւ խնդիրն ավելի հստակ դնելու դեպքում կարելի է արդյունքների հասնել»։
Ինչ վերաբերում է արբանյակի պատկանելությանը, դրա հնարավորություններին եւ նպատակահարմարությանը, ապա կրկին նշեց, որ դժվարանում է մասնագիտական կարծիք հայտնել, միայն արձանագրեց, որ կարեւոր, նույնիսկ ուշացած նախաձեռնություն է․ «Մեր շուրջը պետք է համախմբել մեր գիտական, կադրային, նյութատեխնիկական ներուժը եւ փորձել առաջ գնալ, որովհետեւ առանց դրա ժամանակակից աշխարհում դիմակայել ժամանակակից մարտահրավերներին՝ դժվար է։ Ինչքա՞ն կարող ենք ուրիշներից ինֆորմացիա խնդրել, երբ ինքներս կարող ենք ունենալ այդ տեղեկատվությունը»։
Կարծիքներ