Նախագահ՝ առանց կարծիքի եւ դիրքորոշման

Նախագահ՝ առանց կարծիքի եւ դիրքորոշման

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մարդկանց զրկում է տեսակետ, կարծիք, վերաբերմունք ունենալու իրավունքից: Փաշինյանը մարդկանց պաշտոն տալով՝ նրանցից խլում է սեփական կարծիք արտահայտելու ազատությունը, զրկում է սեփական ես-ից՝ նրանց դարձնելով իր անձնական կամակատարը: Հատկապես երբ խոսքն այնպիսի բարձր պաշտոնի մասին է, ինչպիսին հանրապետության նախագահինն է:

Վահագն Խաչատուրյանին Հանրային հեռուստաընկերությամբ հարցնում են, թե ինչ կարծիք ունի Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության մասին, նա հրաժարվում է տեսակետ արտահայտել. «Ես չեմ ուզում հիմա մեկնաբանեմ, որովհետեւ, իրապես, ես այդ լիազորությունները չունեմ»: Տեսնես ո՞վ է Խաչատուրյանին ասել, որ ինքը տեսակետ ունենալու կամ այդ տեսակետն արտահայտելու իրավունքից զրկված է: Նայում ենք Սահմանադրության՝ նախագահին վերաբերող բաժինը, իսկ այնտեղ որեւէ խոսք անգամ չկա, որ նախագահը զրկված է երկրի կյանքում կարեւոր իրադարձությունների վերաբերյալ սեփական կարծիք ունենալու եւ այդ կարծիքն արտահայտելու լիազորությունից: Եթե Սահմանադրությունը Խաչատուրյանին չի արգելում, ապա էլ ո՞վ կարող է երկրի նախագահին զրկել կարծիք հայտնելու իրավունքից: Թերեւս՝ միայն նա, ով նրան նշանակել է այդ պաշտոնին:

Նայեք, թե այս օրերին ինչ է տեղի ունենում մեր հարեւան Վրաստանում, եւ կհամոզվեք, թե որտեղ է իրական ժողովրդավարությունը, եւ որտեղ է բռնապետությունը, որտեղ է մարդն իսկապես ազատ, եւ որտեղ կարելի է պաշտոն տալով՝ մարդուն զրկել սեփական տեսակետ ունենալուց: Հունիսի 22-ին Վրաստանի խորհրդարանում քննարկում էին Եվրամիության անդամության կարգավիճակ ստանալու հարցը: Խորհրդարանում ելույթ ունեցավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչին հետեւեց երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու ելույթը: Վրաստանի նախագահը ոչ միայն քննադատեց Վրաստանի իշխանությունների եւ անձամբ Ղարիբաշվիլու կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, այլեւ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Լսողները, կարծում եմ, ցնցված են (նկատի ունի Ղարիբաշվիլու ելույթը)։ Ես էլ եմ ապշած։ Ես ուզում եմ այստեղից ուղերձ հղել Բրյուսել, որ սա Վրաստանը չէ, սա Վրաստանի ժողովրդի կամքը չէ։ Արվում է սա կամա, թե ակամա, միտումնավոր, թե ոչ. ես պատասխան չունեմ»: Պատկերացնո՞ւմ եք, սրա նման մի տեքստ ասեր Հայաստանի նախագահի պաշտոնում նշանակված Վահագն Խաչատուրյանը: Պատկերացնելը նույնիսկ անհնար է:

Վրաստանի քաղաքական համակարգը շատ նման է Հայաստանի համակարգին: Այն նույնպես խորհրդարանական հանրապետություն է, եւ նախագահին ընտրում է խորհրդարանական մեծամասնությունը: Սալոմե Զուրաբիշվիլուն ընտրել է «Վրացական երազանքը»: Չնայած դրան, Զուրաբիշվիլին չի դարձել այդ կուսակցության եւ դրա ղեկավարության մարիոնետը: Որովհետեւ նրա համար սեփական տեսակետ ունենալը եւ այդ տեսակետն ազատորեն արտահայտելու իրավունքն ավելի կարեւոր են, քան իր զբաղեցրած պաշտոնն ամեն գնով պահելու ձգտումը:
Եթե սեփական տեսակետն արտահայտելու լիազորությունից զրկված վիճակում է գտնվում մի պաշտոնյա, ով Սահմանադրությամբ պետության գլուխն է, եւ նրա հիմնական լիազորությունը Սահմանադրության պահպանմանը հետեւելն է, ապա ի՞նչ վիճակում են գտնվում մյուս պաշտոնյաները, ովքեր գործունեության նման սահմանադրական լայն երաշխիքներ չունեն: Եթե Խաչատուրյանը չի կարողանում պահպանել իր խոսքի ազատության իրավունքը, ինչպե՞ս պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը: 

Մենք չենք բացառում, որ օրերից մի օր Վահագն Խաչատուրյանը, ի վերջո, ինչ-որ ձեւով կանդրադառնա ԲԴԽ նախկին ու ներկա նախագահների խոսակցությանը: Բայց նա դա կանի, երբ դրա վերաբերյալ տեսակետ արտահայտի իր անմիջական վերադասը՝ Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո, Խաչատուրյանն ասել է, որ «հիմա» չի ուզում մեկնաբանել: «Հիմա»-ն այս դեպքում նշանակում է՝ քանի դեռ ինքը չգիտի Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը: Իսկ քանի դեռ այդ վերաբերմունքը չկա, որեւէ մեկը լիազորություն չունի մեկնաբանել տեղի ունեցածը:

Ավետիս Բաբաջանյան