«Հրապարակի» զրուցակիցը ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն է:
- Դուք «Հանուն Հանրապետության» ցուցակով պատգամավորի թեկնածու էիք, սակայն կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արևմտամետ ուժերը, այդ թվում այն ուժը, որը ներկայացնում էիք Դուք, աննախադեպ թվով քիչ ձայներ ստացավ և շատ հեռու էր անցողիկ 4 տոկոս շեմը հաղթահարելուց: Հանրությունն այս անգամ երկու հստակ մասի էր բաժանվել, և իր ընտրությունը հիմնականում կատարեց հետևյալ ուժերի միջև` Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան: Արդյո՞ք այս ընտրությունները արտացոլեցին իրական տրամադրությունները:
- Մասամբ` այո, ընտրություննեն արտացոլեցին հասարակության հիմնական տրամադրությունները, բայց ես դրանց հետ համաձայն չեմ: Ես այն կարծիքին եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ ընտրությունները լինեին թափանցիկ և մրցակցային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ վատ գործեց և չապահովեց մրցակցային մթնոլորտը: ԿԸՀ անդամներն էլ բանի պետք չեն, գործող օրենքները նույնպես: Այնպես որ բոլոր իմաստներով ժողովրդի կամքը սխալ ձևով արտացոլվեց: Հասկանալի է, որ իշխանական համակարգն անգործության է մատնված, ԿԸՀ-ն, օգտվելով առիթից, ինչ ուզեց, արեց, և ո՞վ իմանա` արդյո՞ք հայ ժողովրդի կամքն արտահայտեց այս ընտրությունը, ես դրանում այնքան էլ վստահ չեմ:
- Արդյո՞ք առաջին օրենք խախտողը իշխանությունը չէր: Ընտրությունների ավարտից հետո մոտ երեք ժամ Մեղրիում դեռ զինվորների ընտրության հոսք էր, ինչն անթաքույց օրենքի խախտում է, չհաշված ակնհայտ ուղղորդումները` իշխանության կողմից և այլն:
- Իշխանությունը պետք է ինքնաքննադատաբար խոստովանի, որ իր մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ժողովրդավարական պետություններում: Այո, նույն զինվորների խնդիրը շատ կարևոր է, պետք է ժամանակի մեջ տեղավորվեին: Այո, դա իրենց սխալն է, այն էլ` կոպիտ սխալ, թեպետ չեմ կարծում, որ էապես ազդել է դա ընտրության արդյունքների վրա, սակայն դա չէ էականը, էականն այն է, որ նման սխալներ են թույլ տալիս իրենց: Պետք է անխտիր պատժվեն բոլոր նրանք, ովքեր զինվորներին ժամը 8-ից հետո թույլ են տվել մտնել ընտրատեղամաս: Մեզ համար սովորական է դարձել, որ մատնանշում ենք սխալները և դրանք թողնում անհետևանք: Սխալներն ունեն տերեր, նրանք պետք է պատժվեն:
- Այն բանից հետո, երբ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններից հետո Արամ Սարգսյանը ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեց, արևմտամետ ուժերի վարկանիշն ընկավ և նրանք սկսեցին ասոցացվել ՔՊ-ի հետ: Գուցե զուգադիպություն է, բայց դրանից հետո բոլոր ՏԻՄ ընտրություններում, ինչպես նաև կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում արևմտամետ բոլոր ուժերը ստացան քիչ քանակով քվեներ: Նկատե՞լ եք, որ ընտրողի վստահությունը կորել է այդ ուժերի հանդեպ, ՔՊ-ին համակրողներն ընտրում են ՔՊ, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները, սակայն, արևմտամետներին այլևս ընդդիմադիր չեն համարում….
- Այո, դա անպայման մեծ դեր կատարեց, բացի դա էլ, երբ ՔՊ-ն միացավ «Եվրաքվեին», դրան օրենքի տեսք տալով ԱԺ-ում, արևմտամետ ուժերը կորցրին իրենց գլխավոր խաղաքարտը: Արևմտամետները ՔՊ-ից տարբերվում էին հենց դրանով: Գաղտնիք չէ, որ ՔՊ-ն` Փաշինյանի գլխավորությամբ բալանսավորված քաղաքականության կողմնակից էին։ Անկայուն էին ու տատանվող, սակայն երբ միացան մեր օրենսդրական նախաձեռնությանը, պաշտպանելով այն, դրանով մեր ձայները խլեցին: Հասարակական մտավախություն կար, որ ռուսամետ որոշ ոչ այնքան հաջող ուժեր կարող են վերցնել իշխանությունը, անուններ չեմ տա, սակայն նրանք այն ուժերն էին, որոնք այնքան էլ ներկայանալի չեն ու համակրանք չեն առաջացնում հանրության մոտ: Որպեսզի այդ ուժերը չգան իշխանության, մարդիկ, Նիկոլ Փաշինյանին համարելով արևմտամետ, իրենց քվեն տվեցին, այդ պատճառով արևմտամետ ուժերը քվե չստացան: Այդ ռուսամետ ուժերին չպետք է ասպարեզ բերեին, դրանից շահեց Նիկոլ Փաշինյանը: