Բաքուն լարվածությու՞ն է անոնսավորում

Բաքուն լարվածությու՞ն է անոնսավորում

«Բանակցությունների հուսադրող փուլն ավարտված է, իրավիճակը շրջվել է 180 աստիճանով,,- կարծում է ադրբեջանցի փորձագետը: Նրա գնահատմամբ, Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի միջնորդությամբ, եւ «Փաշինյանը որոշ կետերի համաձայնություն է տվել»: Սակայն դրան հաջորդել է Հայաստանի վարչապետի այցը Մոսկվա, Երեւան է այցելել ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը, ինչը վկայում է, որ Մոսկվան բանակցային գործընթացի մոդերատորությունը կրկին վերցնում է իր վրա: Ադրբեջանցի քաղաքագետը գտնում է, որ պատճառը Վենեսուելայի իրադարձություններն են, որոնց վրա ներկայումս սեւեռված է Վաշինգտոնի ուշադրությունը:

Ըստ այդմ, Ռուսաստանը «փորձում է առաջ մղել կարգավորման իր համար ցանկալի տարբերակը՝ խաղաղապահների տեղակայում, Ադրբեջանի անդամակցություն ՀԱՊԿ-ին, փոխարենը՝ երեք շրջանի վերադարձ»: Ընդ որում, ադրբեջանցի փորձագետը չի մատնանշում նման տեղեկատվության աղբյուրը եւ չի մասնավորեցնում, թե ի՞նչ վերլուծությունների հիման վրա է նման եզրահանգման եկել: Փոխարենը նա պնդում է, որ Բաքուն չպետք է հավատ ընծայի ռուսական մոդերացիային, պետք է խորացնի հարաբերությունները Վաշինգտոնի հետ եւ զարկ տա ռազմական հզորության մեծացմանը:

Ուշագրավ է, որ նման տոնայնությամբ է հանդես գալիս նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը: Ընդհանրապես ադրբեջանական մամուլի հրապարակումների ուղղվածությունը փոխվել է: Գնալով ավելի ու ավելի են տարածվում ուժի սպառնալիքի մասին հիշատակումները: Ընդհանուր տպավորությունն այն է, որ ադրբեջանական կողմն իր սպասումներում հիասթափվել է: Պաշտոնական Բաքուն պատրաստ չէ լուրջ, հավասարակշռված եւ երկարատեւ բանակցային գործընթացի: Դատելով փորձագիտական եւ քաղաքական որոշ շրջանակների դիրքորոշումից, Ադրբեջանը նախապատրաստվում է սկսել լարվածության նոր շրջափուլ: Պաշտպանության նախարար Հասանովն օրերս բարձրագույն սպայակազմի հետ հանդիպմանը հրահանգել է «պատրաստ լինել՝ հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության»:

Ադրբեջանական ոճով դա նշանակում է շփման գծում լարվածության անոնսավորում: Ըստ երեւույթին, իրավիճակի կանխատեսելիության շուրջ հնարավոր կլինի դատողություններ անել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո՝ եթե այն տեղի ունենա: Իսկ եթե՝ ոչ, ապա հարկ կլինի արձանագրել, որ բանակցությունները վերադառնում են փակուղային իրավիճակի, որի պատասխանատուն կլինի Ադրբեջանը՝ սեփական առավելապաշտության պատճառով: