Գնացեք, որ մենք մնանք

Գնացեք, որ մենք մնանք

Մենք դասագրքերում ու պատմիչների մատյաններում կարդացել ենք, թե ինչպես են կործանվում պետությունները. հիմա տեսնում ենք: Երբ ժողովուրդը երկատված, բզկտված ու ցաքուցրիվ է սեփական երկրում, իսկ իշխանություններն անկարող են կառավարել, անորոշ ընթացքը որոշակի կայուն հանգրվանի հասցնել: Ո՛չ երկրի իշխանավորներն են տիրապետում ստեղծված իրավիճակին, ո՛չ էլ հասարակությունն է ի վիճակի որեւէ կերպ փոխել այդ իրավիճակը եւ ո՛չ էլ մտավորական ու քաղաքական այլ ուժերն են կարողանում ազդեցություն ունենալ այդ շերտերի` վերեւների ու ներքեւների վրա` ինչ-որ լուծման հասնելու համար, երկիրը փրկելու, դուրս բերելու կործանման ճանապարհից: Սա նման է, որ մենք գնում ենք թմբիրի մեջ, եւ մեր ոտքերը չեն հպվում հողին. ո՛չ կարող ենք կանգ առնել, ո՛չ էլ գիտակցում ենք, թե ուր ենք գնում: Իսկ սա հրաշալի տեսնում է թշնամին եւ իր նպատակներն է սրընթաց իրագործում, մինչեւ կդնի վերջակետ: 

Ալիեւը դիմել է ՄԻԵԴ` Հայաստանի դեմ մեղադրանք ներկայացնելով, մեզնից պահանջում է ահռելի գումարներ՝ որպես տույժ ու տուգանք: Ալիեւը մեր ռազմագերիներին աշխարհին ներկայացնում է որպես ահաբեկիչներ ու հանցագործներ: Ալիեւը մեզ մեղադրում է որպես ագրեսոր, պատերազմ սկսած եւ Գյանջայում անմեղ քաղաքացիներ սպանած երկիր` թեկուզ հրապարակելով Սիրիայում չորս տարի առաջ սպանված երեխայի նկար՝ որպես ապացույց: Բայց կարողանում է մարդը սուտը ճշտի տեղ անցկացնել: Մեզ վրա բռունցք է թափ տալիս, ասում է, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը իրենն են, որ մեր պաշտոնյան իրավունք չունի Արցախ գնալու եւ այլն: Տհաճ է շարունակելը, բայց առավել տհաճ է մեր՝ խեղճ ու կրակ, պատի տակ նստած ծուռվիզ որբի պահվածքը, անկարող ու ողորմելի վիճակը: Միայն իրար մեջ կարողանում ենք ասել՝  ուզում է, բայց տվողն ո՞վ է: Այս պատերազմից առաջ էլ էինք ասում` Արցախն ուզում է, բայց տվողն ո՞վ է:  

Կարողացա՞նք աշխարհին ներկայացնել, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել, որ արգելված կասետային ռումբեր եւ քիմիական տարր` սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է օգտագործել, որ Ստեփանակերտում ծննդատուն է ռմբակոծել եւ խաղաղ բնակիչներ ոչնչացրել ամեն օր: Կարողացա՞նք ապացուցել` փաստեր ունենալով, որ Թուրքիայի միջոցով Սիրիայից վարձու մարդասպաններ է ներգրավել այդ պատերազմում, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել եւ պատերազմը վարել է իր հրամանատարներով ու զինտեխնիկայով, որի իրավունքը չուներ՝ որպես երրորդ երկիր: Կարողացա՞նք միջազգային ատյաններ դիմել` մեղադրելով Էրդողանին ու Ալիեւին՝ որպես պատերազմի հանցագործներ: Հասկացանք՝ պարտվել ենք, խայտառակ ենք պարտվել, բայց կարող էինք, չէ՞, այս ամենը բարձրաձայնել: Ի վերջո, միջազգային պայմանագրեր ու պայմանավորվածություններ ունենք: Անգամ մուկն իր բնից մռութը պարզում ու ծվծվում է, մենք այդքան էլ չկանք: Փոխարենը Ալիեւն է անում. քոչվորը մեզ քոչվոր է ասում, ցեղասպանը մեզ ցեղասպան է ներկայացնում:

Չկա ժողովուրդ, չկա իշխանություն, չկան ուժային ու հասարակական կառույցներ, ամլություն է, մեկ խոսքով ասած` Հայաստանում չկա իմունիտետ, ապրելու կամք: Ես չեմ հավատում լսածիս, ես ուղղակի տեսնում եմ, որ այս ամենը նախապես մանրակրկիտ մշակված նախագիծ էր, որ իրականացվել եւ շարունակում է ավարտին հասցվել: Պետք չի, որ Միքայել Մինասյանը կամ մեկ ուրիշը ցույց տա, մենք շոշափում ենք այդ ամենը: Եթե անգամ այդպես չէ, պարզապես անկարող եք, ամուլ ու անիմունիտետ, Նիկոլ ու «Իմ քայլ», գոնե կարողացեք գնալ: Գնացեք, որ մենք մնանք: Իսկապե՞ս չեք տեսնում, չեք գիտակցում այս ամենը: Ազգովի նյութ ենք պատրաստում ապագայի պատմիչին, թե ինչպես կործանվեց Հայաստանը:

Հուսիկ Արա