Հենրիխ Մխիթարյանն արդեն հաղթել է

Հենրիխ Մխիթարյանն արդեն հաղթել է

Երեկ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում Եվրոպայի լիգայի գավաթին տիրանալու համար խաղադաշտ դուրս եկան անգլիական երկու ակումբներ՝ «Չելսին» եւ «Արսենալը»: Կարծում եմ՝ այս եզրափակիչը մենք դեռ երկար կհիշենք՝ իհարկե, ոչ միայն ֆուտբոլի համատեքստում, այլեւ առաջին հերթին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, այս պահին հայկական ֆուտբոլի դեմքն ու հանուր դիմագիծը ներկայացնող Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի: 
Ցավալի է բոլորիս համար, բայց եկեք եւս մեկ անգամ ինքներս մեզ փաստենք՝ Հենոն չմասնակցեց եզրափակչին եւ գավաթային բաղձալի այդ հանդիպմանը կհետեւի էկրանների առջեւ նստած: Սրա համար պատասխանատու են (եւ հուսանք՝ պատասխանատվության կկանչվեն) ինչպես Ադրբեջանի իշխանությունները, այնպես էլ, ըստ իս՝ ՈւԵՖԱ-ն. մի կառույց, որի առասպելական հզորությունն ու ներգործությունը փաստացի օդում թափառող պղպջակ է, որն այս եղելության վրա ոչ միայն ի զորու չէ ներազդել իր անցյալի ու ներկայի պատմությամբ ու ներուժով, այլեւ իր վախկոտ նախազգուշացումներով մատ է թափ տալիս թե՛ «Արսենալի» երկրպագուների եւ թե՛ նույնիսկ Զինագործների վրա՝ որոնք կարելիության սահմաններում Հենրիխին աջակցող ակցիաների շուրջ են մտորում (ոչ միայն խոսքի մակարդակում): 

Իհարկե, ՈւԵՖԱ-ն նախեւառաջ իր կապիտալների եւ դրանց բարեհարմար մթնոլորտը որեւէ կերպ չխաթարող ծրագրերով է տոգորված, եւ նրանից կոշտ ու անակնկալ քայլեր սպասելը պատրանք էր: Խոսքի, ուղերձների մակարդակում Բաքվի, ինչպես ասում են, պորտը տեղը դնելը եւ Հենոյին անվերապահ աջակցություն հայտնելը մի անօրինակ խիզախություն չէ: Անշուշտ, առարկայական քայլեր էին անհրաժեշտ, որոնք ՈւԵՖԱ-ի եւ առհասարակ ֆուտբոլային ողջ էլիտայի կողմից այդպես էլ կյանքի չկոչվեցին (նրանք առաջնորդվեցին «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով): Սակայն սոցիալական կայքերի, նման մեդիաների ժամանակաշրջանում աչք զարնող իրողություններն ու բովանդակ իրականությունը ոչ միայն աղճատված տեսքով, այլ նաեւ հայելային հստակ անդրադարձումներով են պարզվում: 

Այս միջադեպն Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի բացառիկ ակնհայտ ազդանշան էր, ազդանշան էր ՈւԵՖԱ-ի նման կառույցի ամլության ու սեփական շահերից այն կողմ մնացյալի հետ գործ չունենալու ընդգծված փիլիսոփայության եւ ազդանշան էր այն ձեւավորված անուրջների, թե ֆուտբոլը վեր է քաղաքականությունից, ատելությունից, ռասիզմից, խտրականությունից: 
Մեծ հաշվով, ֆուտբոլը, իհարկե, որպես մոլորակի ամենասիրված մարզախաղ, վեր է ամեն ինչից, բայց միայն մեր գիտակցության մեջ: Այս միջադեպը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ նույնիսկ մեր սիրելի խաղն առարկայորեն ի վիճակի չէ հաղթել ատելությանը, միջամտել քաղաքականությանը, բարձր լինել նման երեւույթներից: Եվ աներկբա է՝ սոցիալական կայքերն ու մեդիաները ցուցանեցին ողջ իրականությունը, ու որքան էլ ադրբեջանական ուժերը մեծ ջանքեր ներդնելով փորձեցին (եւ դեռ փորձելու են) խեղել ու փոխակերպել ճշմարտությունը, միեւնույն է՝ դա չստացվեց եւ ապագայում էլ չի ստացվելու: 

Անկախ ամեն ինչից, Հենրիխ Մխիթարյանն արդեն հաղթել է, քանզի նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ատելությունը, ռասիզմը, խտրականությունը տեղ չունեն մեր կյանքում:

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ