ԱԳՆ-ն ավելի փակ հիմնարկ է, քան ԱԱԾ-ն

 ԱԳՆ-ն ավելի փակ հիմնարկ է, քան ԱԱԾ-ն

Մենք հարցեր էինք ուղղել արտաքին գործերի նախարարությանը եւ մեկ շաբաթից ավելի սպասում էինք այդ հարցերի պատասխաններին։ Հետաքրքրվել էինք, թե որքան է կազմում արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների աշխատավարձը՝ ըստ տարբեր երկրների, ընթացիկ ծախսերի համար ինչքան գումար է հատկացվում դեսպանատներին, համայնքներն ինչ չափով են մասնակցում մեր դեսպանատների ֆինանսական հարցերի լուծմանը, եւ վերջապես՝ «ովքեր են համարվում պրոֆեսիոնալ դիվանագետներ, ինչ չափանիշների պետք է համապատասխանեն նրանք»։

Մեր բոլոր հարցերին ԱԳՆ-ից ստացել ենք իրենց շատ բնորոշ՝ ոչինչ չասող պատասխան, որից հասկացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենափակ կառույցն ԱԳՆ-ն է։ Անգամ բանակի եւ անվտանգության ծառայության մասին հանրությունն ավելի շատ եւ ավելի հեշտ է ինֆորմացիա ստանում, քան ԱԳՆ-ի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների մասին։ Եվ սա նոնսենս է՝ ժողովրդավարական բոլոր կանոնների խախտում, ինչը որեւէ բացատրություն չունի։ 
Մեր հարցերին պատասխանելիս ԱԳՆ լրատվական վարչությունն ուղղակի վկայակոչել է օրենքի եւ կառավարության որոշումների ինչ-որ հոդվածներ՝ առանց հոդաբաշխ բովանդակային պատասխաններ տալու։ Իսկ ամենահետաքրքիրը «պրոֆեսիոնալ դիվանագետ» հասկացության բացատրությունն է․ ««Պրոֆեսիոնալ դիվանագետ» եզրույթը չունի իրավական սահմանում եւ կարող է կիրառվել կոնկրետ գործառույթների շրջանակում դիվանագետի աշխատանքը գնահատելիս: Ձեր կողմից կիրառվող եզրույթը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է պայմանականորեն կոչվող «կադրային դիվանագետ»-ին․ նրանք այն դիվանագետներն են, որոնք ԱԳՆ համակարգում աշխատելիս ձեռք են բերել բազմաոլորտ եւ բազմաբնույթ մասնագիտական փորձառություն, կադրային աճի ընթացքում զբաղեցրել են դիվանագիտական ծառայության տարբեր պատասխանատու պաշտոններ»:

Այս պատասխանից պարզ է, որ «պրոֆեսիոնալ դիվանագետ» հասկացություն պարզապես գոյություն չունի՝ կան «կարիերային» կամ, ինչպես ԱԳՆ-ն է ասում՝ «կադրային դիվանագետներ», որոնք այդ որակավորումը ստացել են աշխատանքային կենսագրության ընթացքում՝ զբաղեցնելով դիվանագիտական պաշտոններ։ Բայց հարց է ծագում՝ ինչպիսի՞ դիվանագետներ են, օրինակ, Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում, Ռուբեն Սադոյանը՝ Վրաստանում, Աշոտ Գալոյանը՝ Բրազիլիայում, Հրանտ Պողոսյանը՝ Ճապոնիայում, Գեղամ Ղարիբջանյանը՝ Քաթարում, Արտաշես Թումանյանը՝ Իրանում եւ այլք, որոնք այս ոլորտում հայտնվել են ոչ թե աշխատանքային կենսագրության, այլ քաղաքական որոշումների արդյունքում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նրանք այլեւս տեղ չունեն դիվանագիտական ասպարեզում՝ եկել է պրոֆեսիոնալ դիվանագետների ժամանակը։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ վերին ղեկավարության քիմքին հաճո չէին ոչ պակաս աշխատանքային ճանապարհ անցած եւ կենսագրություն ունեցող Օլեգ Եսայանը՝ Բելառուսի դեսպանը, Վլադիմիր Բադալյանը՝ Թուրքմենիայի դեսպանը, Արա Սահակյանը՝ Ղազախստանում եւ Միջին Ասիայի մյուս պետություններում ՀՀ դեսպանը, Անդրանիկ Մանուկյանը՝ Ուկրաինայում մեր դեսպանը, Գարեգին Մելքոնյանը՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանը։ Ինչպե՞ս եւ ինչո՞վ է տարբերվում առաջին խումբը երկրորդից։ Դեսպանների ընտրյալ խմբից ոչ ոք իր գործունեությունը չի սկսել ԱԳՆ-ից։ Ի դեպ, նաեւ պատերազմին չի մասնակցել, բանակում չի ծառայել։

Այժմ դառնանք դեսպանությունների բյուջեի հարցին։ Մենք այդքան չփորփրեցինք ԱԳՆ նշած օրենքները, որոնց վրա հենվելով՝ ծախսերի հաշվարկը դժվար կլիներ անել։ Ուղղակի ճշտեցինք, որ մեկ դեսպանի գումարած մեկ դիվանագետի (սրանք էկոնոմ դասի դեսպանություններն են, որոնք մեծամասնություն են կազմում) աշխատավարձը կազմում 4,5-5 հազար դոլար՝ երկու անձի հաշվով, ամսական։ Օժանդակ անձնակազմ՝ վարորդ, գործավար, օգնական՝ 2-3 հազար դոլար։ Դիվանագետների բնակարանների վարձակալության գումար՝ 2-4 հազար դոլար։ Դեսպանատան վարձակալություն՝ 5 հազար եւ ավելի, եթե սեփական շենք չկա։ Ամենամսյա ընթացիկ ծախսեր՝ 5 հազար եւ ավելի։ Դիվանագետների երեխաների ուսման ծախս՝ հազարավոր դոլարներ։ Ինչպես նաեւ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար դիվանագետի աշխատավարձի 10 տոկոսի չափով բոնուս։ Այսինքն, մեր հարկատուների վրա յուրաքանչյուր դեսպանատան ծախսը, միջին հաշվով, նստում է տարեկան առնվազն 250 հազար դոլար։ Ի դեպ, պետգնումների մասին օրենքը չի տարածվում դեսպանատների վրա, եւ նրանք նաեւ տարվա ընթացքում լրացուցիչ գումարներ են ստանում պետությունից։ 

Առաջարկում ենք, որ պոլիկլինիկաների եւ դպրոցների աշխատողները համեմատեն, թե ԱԳՆ-ն՝ իր կառույցներով, ինչքան փող է տանում պետական բյուջեից եւ որքան օգուտ է տալիս մեր հանրությանը։ Այս հաշվարկից հասկանալի է դառնում, թե ինչու են թաքնվում մամուլից եւ հանրությունից՝ չտրամադրելով անգամ տարրական տեղեկատվություն։