Լոռվա դատախազի սպանության վերաբերյալ նորություններ չկան

Լոռվա դատախազի սպանության վերաբերյալ նորություններ չկան

Մայիսի 10-ին Ազգային ժողովում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանում էր պատգամավորների հարցերին։ Ի թիվս բազում հարցերի, պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց Լոռվա դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի քննությամբ, որը մնացել է չբացահայտված։ 2007 թվականի օգոստոսի 25-ին տեղի ունեցած սպանությունը պարուրված է խորհրդավորության քողով, չնայած այս տարիներին մշտապես հույս է եղել, որ այն կբացահայտվի, եւ անգամ տարբեր վարկածներ են շրջանառվել, ու սպանության հետքերը տարել են տարբեր ուղղություններով։ Պատգամավորի հարցին ի պատասխան, գլխավոր դատախազն ասել էր՝ գործը մինչ օրս չբացահայտվածի կարգավիճակում է, բայց օպերատիվ-հետախուզական աշխատանքն ակտիվ է. «Ինձ տեղեկություն է հայտնի, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են արվում՝ որոշակի ուղղություններով: Մեր մոտեցումն այն է, որ եթե ի հայտ են գալիս դեպքեր, դրանք պարտադիր արձագանք են ստանում՝ անկախ նրանից, թե նախկինում ինչ արձագանքի են արժանացել»:

Մեզ զանգահարեցին Վանաձորից Ղազարյանի մերձավորները եւ խնդրեցին հետաքրքրվել, թե ինչ փուլում է այս գործի բացահայտումը։ Նրանք գլխավոր դատախազի խոսքից տպավորություն էին ստացել, որ գործի քննության հետ կապված նորություններ կան, եւ հույս ունեին, որ հնարավոր է սպանությունը բացահայտվի։ Ի դեպ, Ղազարյանի երկու որդիները, տարբեր պատճառներով, այս տարիներին հեռացել են Հայաստանից՝ ապրում են Ռուսաստանում, նաեւ դա է պատճառը, որ անմիջականորեն այս գործով զբաղվող այժմ չկա։ Մենք հարցում հղեցինք ՀՀ դատախազություն, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետեւյալ պատասխանն ուղարկեց․  

«Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործով վարույթը շարունակում է մնալ կասեցված՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց հայտնի չլինելու հիմքով: Չնայած գործով քննչական եւ դատավարական գործողություններ չեն իրականացվում, սակայն օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են, ինչի մասին ՀՀ ԱԺ-ում «Դատախազության 2018թ. գործունեության մասին» տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազը՝ ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած հարցի: Դեպքի հանգամանքների վերաբերյալ երբեմն ստացվում են տեղեկություններ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում դրանք չեն հաստատվում կամ նախաքննության շարունակման համար էական նշանակություն եւ հետաքրքրություն չեն ներկայացնում:

Ցանկացած պահի, երբ շարունակվող այդ գործողությունների արդյունքում կստացվեն այնպիսի տվյալներ, որոնք քրեական գործի վարույթը վերսկսելու բավարար հիմք կտան, ՀՀ դատախազության կողմից անմիջապես կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»:

Այսինքն՝ գործը վերսկսված չէ, քանի որ չկա շոշափելի արդյունք, ինչը հնարավորություն կտա վերսկսել գործը, սակայն «օպերա տիվ-հետախուզական միջոցառումներ» իրականացվում են։ Թե ինչ միջոցառումների մասին է խոսքը, բնականաբար, դատախազությունը չի հայտնում։ Սակայն պատասխանից ակնհայտ է, որ դրանք որեւէ արդյունք չեն տալիս։