Արևադարձ շարքից
ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ
Քարտեզանկար մեր հոգիներում,
Առասպելներում` մեր հար-քարակիր,
Մեզ մի մամռապատ հեքիաթ էր գերում,
Թե իբր գիտենք հայրենիքն անգիր:
Բայց երբ օրհասի ճոճքը մեծացավ,
Հեքիաթը տեսավ իրականալին,
Լեգենդամլար մշուշը անցավ ,
Մեր ձեռքում թողած կյանքի բանալին:
Եվ խաչ բանալին` իբրեւ գաղտնատես,
Մեր վզից կախած, բայց եւ մեր ձեռքում,
Ելել ենք ոտքի որպես մաշված ծես,
Արդեն քանի դար դուռն ենք որոնում:
ԲԱՌԱՐԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Անորոշության սահմանի ափին
Դուք հայտնվեցիք թյուրիմացաբար,
Եվ պատմությունից գուցե թե անդին
Մեր վիզը ընկաք որպես հոգսի քար:
Հիմա ինչ անեմ իմ երկրի համար,
Հազարների հետ ես` մեղավորս,
Ինչով կառուցեմ հաղթական կամար,
Որ դուք պանծանաք, ես` ջնջեմ օրս:
Այսօրվա անցնող նկարում դուք կաք,
Հեռատեսության արվեստում անձիրք,-
Ես երազում եմ համազգային թագ,
Որ մեր երկիրը դառնա հայրենիք:
ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՂՁԱՎԱՆՋ
Մեզանից մեկը պետք է որ ասեր,
Թե լռությունը վաղուց ոսկի չի,
Եվ գրին տալով խոսքերն իր անսեր՝
Ներսից սպասեր մի ուրիշ կանչի:
Պտույտը նույնն է, դեմքերն են ուրիշ,-
Ո՞վ մղձավանջի դուռը կփակի.
Ջնջելով խոսքով մագաղաթ ու նիշ`
Հայտնվում է նա` աչքերն ապակի...
Ու քրքրվում է կյանքը էջ առ էջ,
Անհավատալի` հույժ քաղաքական,
Եվ նա հայելին մաքրում է անվերջ,
Որ խորքում տեսնի դեմքը սեփական:
ՍԻՐՈ ԶԳԵՍՏԸ ՓՆՏՐԵԼԻՍ
Տարտամ է կյանքս, օրերս` անդեմ
Վեր եմ ձանձրույթից այս քաղաքական,
Ես հայրենիքն եմ, բայց երկիրը չեմ,
Ուր սերը մաշված, խոստումներն` ունայն:
Սակայն ես կապրեմ սիրո զգեստում,
Ու սերը հագած դուրս կգամ աշխարհ,
Եվ աշնան մի օր, որ ձեզ չէր թվում,
Դուք ճամփա կելնեք` լույսին սիրահար:
Բայց լույսը ես չեմ, ես` լույսի մասին
Հին երազող եմ` թե սեր կհագնեմ,
Չխառնվելով ձեր մութ տարերքին,-
Քավության պահին ձեզ հետ կլինեմ:
ՉՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ
Իսկ չտեսներն այսօր այնքան շատ են տեսել,
Ավելորդ է նույնիսկ լինել գրաճանաչ,
Ո՜վ երկիր իմ տեսած, դու այս ո՞ւր ես հասել,
Եթե անարգում են տաճարներ ու խաչ:
Այսօր ոչ մի փրկիչ քո խաչն էլ չի տանի,
Որդիներդ չտես քո հոգին են լքել,
Իմ հայրենիք-երկիր, դու քեզ փոսից հանիր.-
Եվ սովորիր ինքդ` փրկիչներիդ փրկել:
ՏԵՍԱՐԱՆ` ՏԵՂ ԳՅՈՒՂԻՑ
Ապրել-չապրելու սահմանագծում,
Երբ տիրական է պահը վերհուշի,-
Քո դեմ քո ճամփան երկինքն է բացում,
Ուր գերվար էր քաղաքը Շուշի:
Տղերք գնացին, որ վերադառնան,
Եվ սրբագործեն առասպելը հին,-
Նրանք անհունի սահմանը անցան
Եվ հավերժացան պատմության թագին:
Հիմա ապրում ենք` բացական անդարձ,-
Նրանք գնացին նվիրյալ, անծես,-
Ճամփան անվերջ է. հայրենիքն հաղթած`
Փառքն իրենք հագան, ցավը թողին մեզ:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Լռվել են կյանքիս ջահել օրերը,-
Չի հոսում ժամը, չի անցնում տարին...
Ձեզ եմ նվիրում երկիրն ու սերը`
Անունս թողած բազալտե քարին:
Ձեզ հետ էի, բայց մենակ եմ արդեն,
Ոչինչ այլեւս չունեմ ձեզ տալու,-
Թողնում եմ միայն սիրով ու անքեն
Այն կյանքը, որ ես էլ չեմ ապրելու:
Առանց ինձ նորից անձրեւ կտեղա,
Զարթնող գարնան հետ կգան նորերը ...
Խնդրում եմ` միայն երգեք իմ տեղակ`
Չեն անցնում կյանքիս ջահել օրերը:
ՁԻ ՆՍՏԵԼՈՒՑ ԱՍՏԾՈՒՆ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ
Թողեք ապրենք, տղերք, թողեք մենք էլ ապրենք,-
Դուք էլ ապրեք` Աստծո հաշտությունը հագած,
Այս չհասկացված ցեղի առաջնորդը դուք չեք,
Դուք ցերեկվա աստղ եք` իրիկունը հանգած:
Եվ մի ուրախացեք, որ ուրիշն է լալու,-
Իբրեւ` արդարություն հրեշտակներ չկան,
Ինչ որ դուք արեցիք` ձեր դիմաց է գալու,
Եվ ձեր լացը լսող ուրիշ տղերք կգան:
Մերուժան
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Կարծիքներ