Նոր Հայաստանում նոր 100 փաստեր չկա՞ն

Նոր Հայաստանում նոր 100 փաստեր չկա՞ն

2019 թվականի մայիսի 8-ին՝ վարչապետի աթոռին նստելու մեկամյակի առիթով, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին» մոնումենտալ աշխատությունը: Հետո եւս երեքը՝  2019-ի սեպտեմբերի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2, 2020-ի հունվարի 25-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 3, 2020-ի մայիսի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4: Այդ փաստերը լայնորեն լուսաբանվեցին եւ ներկայացվեցին մամուլի ասուլիսների ժամանակ։

Ըստ այս հրապարակումների, Հայաստանը դարձել էր համարյա Լաս Վեգասի նման լուսավոր եւ փողառատ, Դանիայի նման ապահով, Շվեյցարիայի նման ազատ տնտեսությամբ երկիր: Նիկոլ Փաշինյանը զինվորի, բանակի, զինված ուժերի սպառազինության մասին հրաշք թվեր էր ներկայացնում՝ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրքեր ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվի եւս 45 մարտական դիրք, 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր ժամանակակից տեսադիտարկման սարք, ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով, մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել են մեղր, ճարպ, սխտոր եւ սեւ պղպեղ, 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Հայաստանում եւ Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ եւ այլն:

Սա 2019 թվականին էր, եւ մենք, լսելով Նիկոլ Փաշինյանի այս հաշվետվությունները, վստահ էինք, որ բանակում ամեն ինչ կարգին է, եւ բանակն ամեն ինչով ապահովված է ու մարտունակ։ Իսկ 2020-ի պարտությունից հետո մոռացվեցին այս բոլոր փաստերը, եւ սկսեցին բոլորովին այլ բան ասել, որ բանակը 30 տարի թալանված է, ոչինչ չէին արել բանակի մատակարարման համար, ու նախկիններն էին պարտության մեղավորը։ Եվ մինչ օրս Փաշինյանը չի պարզաբանում, թե ինչու 2019 թվականին այսքան կուշտ ու ապահով բանակը պարտվեց: Ես կարող եմ պատասխանել այդ հարցին. իրականում՝ բանակը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը:

Օրինակ, Անդրանիկ Փիլոյանը, որ պատերազմի հենց առաջին փուլում ամենաշատ մարդկային եւ տարածքային կորուստներն է տվել, հետո Նիկոլ Փաշինյանի կամոք դարձել ազգային հերոս, հետո՝ արտակարգ իրավիճակների նախարար, իսկ հիմա կոռուպցիոն հանցագործության գործով է անցնում եւ հրավիրվում հարցաքննությունների, այնուհետև ձերբակալվում: Օրինակ, Դավիթ Տոնոյանը, որը եւս այսօր մեղադրյալի աթոռին է։ Վստահ ենք՝ մի օր պարզվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի մեղքի չափն այդ պարտությունում, որը, անշուշտ, շատ ավելին է, քան Տոնոյանի կամ Փիլոյանի մեղքը։

Վերադառնանք 100 փաստերին: Բացի բազմաթիվ հակասություններից, բազմաթիվ են նաեւ կեղծ տվյալները: Օրինակ՝ 2019-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2-ի 88-րդ կետում Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, թե պետական կառավարման համակարգում, բարձր պաշտոններում կանանց թիվն ավելացել է, մասնավորաբար՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կին է: Իսկ մեկ տարի անց՝ 2020-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4-ի 92-րդ կետում պնդում է՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանության բաժնի եւ բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել: Սա ոչ միայն սեփական խոսքի հերքում է, այլեւ՝ իրականության խեղաթյուրում, պարզ կեղծիք:

Միայն մեկ օրինակ՝ Նելլի Դուրյանը դեռեւս 1996-ին՝ Նիկոլ Փաշինյանի ասածից 23 տարի առաջ, եղել է ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, հետո՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ: Այսինքն՝ պատմության մեջ առաջին անգամ իր ժամանակ չէ, որ կին է նշանակվել ոստիկանությունում։

«100 փաստ Նոր Հայաստանի մասին» քառահատորյակը լիքն է նման ոչ ճիշտ փաստերով: Փաստ է նաեւ այն, որ 2020 թվականի մայիսից հետո այլեւս չեն հրապարակվել նոր «100 փաստեր Նոր Հայաստանի մասին»: Նոր Հայաստանում վերջին երկու տարում նոր ձեռքբերումներ չկա՞ն, եթե կան, ինչո՞ւ դրանք չեն ներկայացվում, եթե չկան, ինչո՞ւ չկան, Նիկոլ Փաշինյանը գիտի՞, թե ով է մեղավոր մեր առաջընթացը խափանելու համար, եւ ի՞նչ է մտադիր անել:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե նոր փաստեր չկան, մեղավորը հենց կառավարության ղեկավարն է, որը ձախողել է երկրի կառավարումը եւ այլեւս որեւէ հպարտանալու առիթ ու փաստ չունի։

Արեգ Մարգարյան