Արևմտամետեր ինչո՞ւ չեք դիմում Արևմուտքին՝ գազամուղի պայթեցման հետ կապված

Արևմտամետեր ինչո՞ւ չեք դիմում Արևմուտքին՝ գազամուղի պայթեցման հետ կապված

Ադրբեջանի կողմից վերջին օրերին սադրանքները սկսել են պարբերաբար բնույթ կրել։ Թշնամին նորից Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ հրաձգություն է կիրառում։ Արցախում տիրող իրավիճակի մասին Hraparak.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։

«Ցավոք սրտի, այո, արդեն պարբերաբար են դառնում Խրամորթի ուղղությամբ սադրանքները, և ոչ միայն Խրամորթի, այլ նաև Արցախի նկատմամբ։ Արցախի իշխանությունների այսօրինակ լռությունը հաշվի առնելով, չգիտենք՝ իրենք իրենց գործը թողել են միայն ռուս-խաղաղապահների՞ն, թե՞ իրենք ևս զբաղվում են այդ հարցով, որն այդքան էլ տեսանելի չի, համենայնդեպս, արցախցիների համար։ Իսկ Հայաստանից, ընդհանրապես, արձագանք չկա։ Այն  որ  յուրաքանչյուր օր խաղաղության կոչեր են արվում, Խաղաղության դարաշրջան բացելու մասին են խոսում Արևմուտքի շահերը սպասարկող անձինք, և ովքեր դատապարտում են ռուսական կողմի գործողություններն Ուկրաինայում, այ դրանց ձայնը չենք լսում, երբ  Ադրբեջանն է հայ ազգի, արցախցու նկատմամբ սադրանքներ իրագործում։ Իսկ մեր, այսպես ասած, քաղաքական գործիչները լուռ են, այդ լռությունը մտահոգիչ է ոչ միայն մեզ համար, այլև՝ ամբողջ հայության, Արցախում ապրող յուրաքանչյուր հայի համար»,- ասաց Դավիթ Գալստյանը։

Խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցինք՝ այսօր ադրբեջանական թելեգրամյան էջերով տարածվող տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների շարասյուները լքում Արցախը, իրակա՞ն են, Դավիթ Գալստյանն ասաց, որ դա ապատեղեկատվություն է։
«Ինչո՞ւ չէ՝ տեղեկատվական դաշտում, դա էլ է պայքարի մի միջոց։ Ադրբեջանն այսօր իր ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավոր միջոցներով, փորձում է արցախահայությանը կոտրել, սակայն, ի լուր աշխարհի մենք կարող ենք հայտարարել, որ մենք վճռական ենք։ Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Արցախը հայկական է և այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են Արցախի հայկականությունը կասկածի տակ դնել, նրանք պետք է աչքերը բացեն և զգան, որ ադրբեջանցու հետ խաղաղություն չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն։ Բացահայտ նրանց կողմից տեսնում ենք սադրանքներ՝  թե տեղեկատվական դաշտում, թե առօրյայում։ Ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը շարունակում են իրականացնել Արցախում։ Եվ չկա՝ հակառակը փաստող որևէ գործողություն։ Արցախցին ամեն րոպե շփվում և տեսնում է ռուս խաղաղապահի դերը, նշանակությունը և որ նրանք իրենց տեղում են։ Այլապես մենք կգտնեինք այդ շարասյունը, որը ադրբեջանցիները փորձում են ներկայացնել թե իբր լքում են Արցախը։ Այս պահին, իմ տեղեկություններով, ռուս խաղաղապահները պահանջ են դրել Ադրբեջանական կողմին, որ մինչև գազամուղի վրա աշխատանքները չսկսեն, թույլ չեն տալու Արցախի վերահսկողության տակ եղած ճանապարհներից օգտվեն, որը նաև խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար։ Եվ վերջիվերջո, Ադրբեջանը պետք է գնա ոչ թե զիջումների, այլ այդ հումանիտար աղետը վերացնելու ճանապարհով»,-ասաց զրուցակիցս։

Մեր այն հարցին, թե կարո՞ղ են անհամաձայնություններ և անգամ բախումներ լինել ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև, Դավիթ Գալստյանն ասաց․ այո՝ նոյեմբերի 9-ից հետո, յուրաքանչյուր օր կարող են բախումներ լինեն, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը։

«Այս վերջին իրադարձություններից հետո Ուկրաինայում կատարվող հատուկ օպերացիայի շրջանակում, ինչու չէ, Ադրբեջանը կարող է օգտվել առիթից և ավելի մեծ սադրանքների գնալ։ Դա արդեն քանի օր է՝ նկատելի է։ Ըստ իս, այս ամենը հաշվի առնելով, մեր ազգը պետք է օգտագործի խաղաղապահների ներկայությունը և հզորացնի, ուժեղացնի մեր բանակը։ Դա պետք է տեսանելի լինի, որպեսզի ադրբեջանցիները ինչպես նախկինում, երբ որ սադրանքների էին, դիվերսիոն գործողությունների էին գնում, համապատասխան ձևով պատասխան էին ստանում և լռեցվում էր իրենց կրակահերթերը։ Հիմա, ցավոք սրտի, ոչ թե լռեցվում է, այլ փորձում են բանակցությունների ընթացքում կանխել հետագա գործողությունները։ Դա պետք է մեր իշխանություններն ի գիտություն ընդունեն և հզորացնեն վերահսկողությունը։ Ոչ միայն ռուս խաղաղապահների միջոցով պետք  է լինի, այլ նաև մենք ինքներս  ուժեղանանք  և կարողանանք համապատասխան համարժեք արձագանք տալ և կանխել հետագա սադրանքները»,-ասաց Գալստյանը։

Մեր հարցին, թե ինչո՞ւ  այս սադրանքներին ի  պատասխան հայտարարությամբ հանդես չի գալիս Արցախի նախագահը, Դավիթ Գալստյանն ասաց, որ ցավոք սրտի, այսօրվա իշխանությունները կամ ի զորու չեն, կամ թույլտվություն չեն ստացել վերնախավից, որ նման հայտարարություն անեն։ «Իհարկե, մյուս կողմից, մենք պարտավոր ենք յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել այս սադրանքները կանխելու համար։ Ես չգիտեմ, թե ինչ հաշվարկներ ունեն՝ ինչո՞ւ չեն խոսում, ինչո՞ւ չեն դիմում Ռուսաստանի Դաշնությանը, բայց մի բան պարզ է, որ Արցախի իշխանություններն այսօր Հայաստանի իշխանությունների ածանցյալն են։ Եվ եթե չկա որևէ բառ Հայաստանի իշխանության կողմից այս ամենի վերաբերյալ, իրենք էլ են լռություն ապահովում։ Եվ բնականաբար չգիտենք, թե ինչ հիմնավորումներով։ Եթե իրենց խոսեցնենք, կարող է հիմնավորեն, որ ավելի կսրվի իրավիճակը, բայց, ցավոք սրտի մեր համոզմամբ դա պարտված իշխանություն լինելու պատճառով  է»,-ասաց Դավիթ Գալստյանը։
 
Վերջինիս խոսքով, Ադրբեջանը միշտ էլ փորձել է իր համար ավելի լավ պայմաններով բանակցի։ Եվ դա բացահայտ տեսանելի է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ պատերազմը կանգնեցնելու համար իրենց պայմանները պարտադրեցին։ «Հուսով ենք, որ ադրբեջանցիները գազամուղի աշխատանքներն իրականացնելու նպատակով, իրենց պայմանները չեն առաջարկելու և ուզած-չուզած համաձայնելու են, որպեսզի  ռուս խաղաղապահների ներկայությամբ այնտեղ աշխատեն մեր մասնագետները։ Արևմուտքը լուռ է, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ որ գնդակոծում էին եկեղեցիները, ծննդատունը։ Այսօր էլ Ադրբեջանը ամբողջ Արցախը գազազրկել է, հետևաբար նաև բնակչությունը զրկվել է ջեռուցման համակարգից։ Արևմտամետ  քաղաքական ուժերին կոչ կանեինք խոսել Արևմուտքի հնարավորություններից, որպեսզի զգանք, որ մեր փրկությունը կայանում է Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ։ Այդ լավ հարաբերություններ ստեղծողները թող կոչ անեն և Արևմուտքից  որևէ դատապարտող արձագանք, հայտարարություն լսենք՝ Ադրբեջանի հասցեին», ասաց Դավիթ Գալստյանը։

Պատգամավորի խոսքով, եթե Ադրբեջանն ու Թուրքիան զգան, որ իրենց սադրանքները հեշտությամբ մարսվում են, նրանք ավելի են մեծացնելու դրանք։ Քանի որ նրանք հարմար պահն օգտագործում են միայն իրենց  ցեղասպան գործունեությունը շարունակելու համար։