Սբ Նահատակաց եկեղեցու վերականգնումը համազգային օրակարգի հարցերից է

Սբ Նահատակաց եկեղեցու վերականգնումը համազգային օրակարգի հարցերից է

Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր տված հեռուստահարցազրույցների ընթացքում անդրադարձել էր նաեւ Սիրիայում տիրող իրադրությանն ու սիրիահայության խնդիրներին։ Մեծի Տանն Կիլիկիո գահակալը մասնավորապես ասել էր, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում այցելելու է Սիրիա, որի ընթացքում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ եւ քննարկելու է ինչպես Սիրիայի հետպատերազմական վերականգնման, այնպես էլ Դեյր էս-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման հարցը, որն առանձնահատուկ նվիրական նշանակություն ու արժեք ունի հայ ժողովրդի համար, քանի որ այնտեղ են պահվում Դեյր էս-Զորի անապատում նահատակված հայերի մասունքները։

Ուշագրավ է, որ Արամ Վեհափառն առանձնապես ոգեւորված չարտահայտվեց Հայաստանի կողմից Սիրիա զորախումբ ուղարկելու փաստի առնչությամբ՝ իր խոսքում ակնարկելով, որ նման քայլերը պետք է հավասարակշռել Մեծ քաղաքականության խաղացողների հետ։ Արամ Ա-ն նաեւ ասել էր, որ եկեղեցին եւս իր լուման է ունենալու այդ գործում։ Ամենեւին չի բացառվում, որ առաջիկայում հայտարարվի համահայկական կամ համազգային հանգանակություն հանուն Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման, ինչը նաեւ կլինի կարեւոր քայլ՝ որպես համազգային նշանակության օրակարգային հարցի ձեւակերպում։ 

Առհասարակ, եթե ուշադիր ուսումնասիրենք հայկական սփյուռքը, ապա կկարողանանք հստակ ասել, որ սփյուռքում, այսպես ասած, ազգային օրակարգի ձեւավորողներն ավանդական ինստիտուտներն են՝ ի դեմս եկեղեցու եւ ավանդական կուսակցությունների։ Նրանց վրա է դրված նաեւ հայապահպանության, ազգապահպանության բեռը, որը թեեւ փորձ արվեց թեթեւացնել Հայաստանում սփյուռքի նախարարության ստեղծմամբ, սակայն հիմա արդեն պարզ է դառնում, որ կրկին նրանք են այդ բեռը կրելու։

Սփյուռքյան օրակարգը ձեւակերպված է մի քանի բացառիկ կարեւորություն ունեցող գաղափարներով․ հայապահպանություն կամ ազգապահպանություն, հայախոսության ամրապնդում կամ վերականգնում ու պահպանում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցություն, Արցախի անկախության ճանաչմանն աջակցություն, ինչպես նաեւ վերանկախացած հայրենիքի հզորացում, ազգային ինքնության պահպանում, վերականգնում, ամրապնդում եւ այլն։ Սրանք այն հարցերն են, որոնք առաջ են մղում ե՛ւ ավանդական ազգային կուսակցությունները, ե՛ւ եկեղեցին՝ ըստ իրենց երկրորդ հայրենիքի երկրների թույլատրած սահմանների։ Արամ Ա-ն՝ որպես սփյուռքի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, կարելի է ասել, որ սփյուռքյան օրակարգի թելադրողն է դարձել, քանի որ հիմնականում ինքն է կազմակերպում ու կոորդինացնում վերը նշված հարցերի մի մասը՝ իրեն աջակից քաղաքական ու ազգային ուժերի հետ համատեղ։

Իհարկե, չենք նվազեցնում Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտի կարեւորությունը, սակայն գոնե վերջին ամիսներին նրա հեղինակությունն էականորեն սասանվել է, ինչը հանգեցրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ հատկապես սփյուռքում, դիրքերի ամրապնդման։ Եթե համահայկական հանգանակություն հայտարարվի, դժվար է ասել, թե Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որքանով կկարողանա աջակցել այս ծրագրին կամ Սիրիայի վերականգնմանը, որովհետեւ, որքան հասկանալի է, այդ հարցում կա աշխարհաքաղաքական հակադրություն, եւ Հայաստանը չի կարող հաշվի չառնել Մեծ քաղաքականության մեջ գլխավոր խաղացողների կարծիքները, որքան էլ որոշում կայացնելու հարցում ունենա սուվերենություն։ Կամ որոշում կայացնելիս էլ գոնե պետք է դրա աշխարհաքաղաքական եւ մյուս հետեւանքները գնահատի։ Սակայն կարելի է նաեւ արձանագրել, որ անձնային կամ անհատական մակարդակով, անշուշտ, այդ մասնակցությունը բավականին շոշափելի է լինելու։