Խառնակ ժամանակներ են
Հայաստանում խառնակ ժամանակներ են: Սերժ Սարգսյանի կառավարման լճացմանը հաջորդած հեղափոխական ժամանակներին փոխարինելու են գալիս հակասություններով եւ վայրիվերումներով, խարդավանքներով եւ սպառնալիքներով, անկանխատեսելիությամբ եւ անորոշությամբ առլեցուն ժամանակները: Եվ չնայած աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ խառնակ այս ժամանակներում եւս, ինչպես նախկինում, Հայաստանը շարունակում է ապրել փոքր խնդիրներով, ճղճիմ հասարակական-քաղաքական օրակարգով, կարճաժամկետ նպատակներով եւ դիվադադարի մատնված պետականությամբ:
Մի կողմից՝ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կամ չի ցանկանում ավարտել հեղափոխությունը՝ վերջապես կայունություն հաստատելու երկրում, մյուս կողմից՝ հեղափոխությունը չի ավարտվում, քանի որ քաղաքական վերափոխումներն անկատար են մնում՝ Հայաստանն անվերջ պահելով ներքին ցնցումների եռացող կաթսայում:
Խառնակ այս ժամանակներում Հայաստանի ներքին ու արտաքին օրակարգը՝ հասարակական-քաղաքական-պետական նպատակների, խնդիրների պարզունակությամբ եւ խեղճությամբ, ոչ այնքան շփոթ է առաջացնում, որքան ափսոսանք, որ իրականում մեծ ներուժի տեր մեր երկիրն ու ժողովուրդը պարփակվել են մարտնչող հետադիմության, քաղաքական լուսնոտության եւ դիվադադար եղած պետականության խարխուլ խորդանոցում, որտեղից ոչ միայն հայկական ներուժը չի երեւում, այլեւ՝ աշխարհը:
Հայաստանն այսպես մուտք գործեց 2020 թվական՝ աննպատակ ու անծրագիր, խառնակ ու պառակտված:
Եվ երբ նոր տարվա՝ 2020թ. հունվարի 8-ին, ՀՀ «ռազմավարական բարեկամ» Ռուսաստանը Հայաստանի «հավերժական թշնամու» քաղաքում՝ Ստամբուլում, բացեց ռուսական գազի «Թուրքական հոսքը», Հայաստանում բոլորը ձկան նման լուռ էին՝ «տնայնագործ գեոպոլիտիկները», հոխորտացող իշխանությունը, այդ իշխանությունների քաղաքական մտքի հսկաները, ինքնահռչակ ընդդիմությունը, ավանդական եւ նոր կուսակցությունները, Հայաստանում ռուսական արեւածագին սպասողները, ԿԳԲ-ի գործակալները, «սորոսական» կեղծ արեւմտամետները, պաշտոնազրկվածները եւ նոր պաշտոնների սպասողները: Նրանք բոլորը մեկեն կորցրեցին խոսելու, տեսնելու եւ մտածելու ունակությունը:
Ռուսաստանի ֆորպոստ Հայաստանում մոռացան պատմության կրկնության չարաղետ դասերը, անտեսեցին հայ ժողովրդի «հավերժական բարեկամի եւ հավերժական թշնամու» նոր բարեկամության վտանգները թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար: Հայաստանում լռում էին բոլորը, թեպետ գառների այսօրինակ լռությունը սրում էր գայլերի տեսողությունն ու մեծացնում՝ ախորժակը:
Հայկական «ազգային իղձերի» դրոշը դանդաղորեն հավաքվում-իջեցվում էր ռուս-թուրքական տաք քամիներից: Հայաստանը ոչ թե նոր աշխարհաքաղաքականության շենքն էր կառուցում, այլեւ կարկատում էր սեփական քաղաքական խեղճության հյուղակը:
Եվ անհասկանալի մնաց, թե ռուս-թուրքական բարեկամության այս նորափայլ ժամանակներում ի՞նչ է անում Հայաստանի հարավային սահմաններին տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետը: Անկարայի նոր բարեկամ Մոսկվան ումի՞ց, ինչպե՞ս, ինչո՞ւ է պաշտպանելու Հայաստանը թուրքական հարձակման դեպքում:
Մոսկվայի հանգույն Հայաստանին սպառնաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ «Արմնյուզի» հեռուստաեթերից հայտարարելով, որ եթե ՀՀ Ազգային ժողովը վաղն օրենք ընդունի այդ ռազմահենակետերի դուրս բերման մասին, ապա Ռուսաստանը «երկու ժամում բազան կհանի. տենց չի, որ Ռուսաստանը լռվել-մնացել ա Հայաստանում. ինչի՞ն ա պետք»՝ արհամարհանքով նետեց նորանկախ Հայաստանի նախկին վարչապետը՝ մոռանալով, որ նոր էր լրացել ռուս զինծառայող Վ. Պերմյակովի կողմից գյումրեցի ընտանիքի արյունալի սպանդի 5-ամյա տարելիցը: Հիշյալ հարցազրույցում Հրանտ Բագրատյանը մոռացավ ոչ միայն քաղաքական ընդունելի բառապաշարի մասին, այլեւ հեքիաթի կախարդված հերոսի պես մեկեն կերպարանափոխվեց: Երբեմնի ազատական եւ արեւմտամետ արժեքներ դավանող նախկին վարչապետը, խարխափելով աշխարհաքաղաքականության խորխորատում, սկսեց արդարացնել Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը. «Տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ շեֆություն է ուզում անել Ռուսաստանը: Շատերն ասում են՝ Ադրբեջանին զենք ա տալիս: Ախպե՛ր, Ռուսաստանը մեզ էլ ա զենք տալիս»: Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման արդարացմամբ Բագրատյանը մոռացավ ապրիլյան պատերազմում ռուսական զենքից զոհված ՀՀ քաղաքացիներին:
Խառնակ ժամանակներ են, ոչ ոք չգիտե, թե վաղը քաղաքական որ ուղղությունը կամ որ պետության շահերն են սպասարկելու նախկիններն ու ներկաները:
Տարածաշրջանային խառնակչության վերջին տասնօրյակում, ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում, երբ Հայաստանի հանրության մի մասը սրտատրոփ սպասում էր ԱՄՆ-ի կործանմանը եւ ջերմեռանդ կանխատեսում այդ կործանումը, ահա այդ օրերին իրանական կողմը սխալմամբ խոցեց ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռը՝ դառնալով 176 մարդու մահվան պատճառ: Հայկական կողմը «իմաստալից» լռություն պահպանեց, թեպետ մի քանի օր շարունակ հանրության մի մասն ագրեսիվ պահանջում էր պաշտոնապես ցավակցել եւ դատապարտել իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունը: Հայ հանրության այդ մասի համար Սոլեյմանիի սպանությունն ավելի ցավալի էր, քան 176 մարդու սխալմամբ արված սպանությունը: Քաղաքական մտքի խեղճությամբ, օտար պետությունների շահերի սպասարկմամբ, ներքին խառնակչությամբ գոյատեւող Հայաստանում «հայկական գործոնը» վեջնականապես պատանքավորվեց եւ թաղվեց:
Տարածաշրջանային եւ ներքին խառնակչության այդ օրերին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը նախ հայտարարեց, որ «low cost ավիաընկերություն չի նշանակում ցածր գին առաջարկող», ապա բացատրեց, թե ինչպես պետք է առցանց պատվիրել Հայաստան մուտք գործած բյուջետային ավիաընկերության տոմսերը, եւ «մոռացավ» անդրադառնալ հայկական ավիացիայի հիմնախնդրին՝ ազգային ավիափոխադրողի բացակայությանը:
Խառնակ այս օրերին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ, հավանաբար, նրան սատարող կրոնական կազմակերպությունը, ասպարեզ նետեցին սեփական մտադրությունը՝ ՀՀ գործող վարչապետի հեղինակազրկման պայմաններում վարչապետի ամերիկահաճո հաջորդ թեկնածուն Տիգրան Ավինյանն է:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ծախսերի խնայողության պատճառաբանությամբ, փակեց մարզային ծննդատունը՝ չմոռանալով մեկ տարվա ընթացքում ինքն իրեն պարգեւատրել 15 մլն դրամով:
Բաց հասարակության հիմնադրամի՝ «Սորոսի», դրամաշնորհների ցանկից պարզ դարձավ, որ տարիներ շարունակ նույն ՀԿ-ները եւ ԶԼՄ-ներն են ստացել-ստանում դրամաշնորհները:
Հայ ավանդական քաղաքական օրակարգի հարց դարձավ ընտանիքը, որի շուրջն էլ կառուցվեց հայկական «մեծ քաղաքականությունը»:
Այս պարզունակությամբ էլ, խառնակ այս ժամանակներում, հայկական այս օրակարգը դարձավ սպառնալիք Հայաստանի առաջընթացի, զարգացման եւ անվտանգության ճանապարհին:
Խառնակ այս ժամանակներում, երբ աշխարհաքաղաքական գնացք են բարձրանում եւ իջնում, գնացքից թռչում կամ գնացքի տակ հայտնվում անհատներն ու պետությունները, գնացքի հայկական միակ վագոնում ռեստորան են կառուցում, զուգարան նորոգում եւ խմում ընտանիքի կենացը:
Կարծիքներ