Ալումյանը «ԻՄ քայլի» պատգամավորի գրառման համար դիմում է ՀՀ նախագահին և վարչապետին

Ալումյանը «ԻՄ քայլի» պատգամավորի գրառման համար դիմում է ՀՀ նախագահին և վարչապետին

«Իրավիճակը ծայրահեղ լարվել է։ Այսօր առավոտյան մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հորդոր-կոչ իրենց աջակիցներին, որն ունի հետևյալ տեսքը. «Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ»»,- ասաց Հայկ Ալումյանը՝ մեջբերելով Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը։

Նրա խոսքով՝ այդպիսիով պատգամավորը կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ «Նույնիսկ Հատուկ Քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին 10 մարդկանց կամ նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում։

Հայկ Սարգսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, իշխող կուսակցության խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով է հանդես գալիս։ Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում։ Սրանից հետո մեզ պետք է ասե՞ն, որ Հայաստանում այլևս բացառված են դատարանների նկատմամբ ճնշումներ։ Այս թեզը հեքիաթ է», - հայտարարեց Հայկ Ալումյանը