Մի բադի պատմություն, որ բադի մասին չէ

Մի բադի պատմություն, որ բադի մասին չէ

Երբ կարդացի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս լակոնիկ գրառումը` «Եվրասիա մայրցամաքի արեւմտյան ափից մինչեւ արեւելյան ափ: Այցելությունները համարում եմ կարեւոր եւ ստացված», ինձ մի պահ թվաց, թե հայտնվել եմ ծուռ հայելիների աշխարհում: Ակամա սկսեցի փորփրել հիշողությունս, որպեսզի մի դեպք հիշեմ համաշխարհային լիդերների կյանքից, որոնք իրենց որեւէ այց կամ շրջագայություն որակած լինեն «անկարեւոր եւ չստացված»: Եվ պատկերացրեք` նման դեպք չի եղել ոչ մի պետության ղեկավարի կյանքում: Նրանց այցերը «կարեւոր ու ստացված» են միշտ, եւ նրանք հարկ են համարում դրանց մասին խոսելիս այլ գնահատականներ տալ:

Փաշինյանի մեկտողանոց գրառման մեջ արտասովոր բան չկա, իհարկե, բայց կա զավեշտալի խոստովանություն այն մասին, որ նա իր ճանապարհորդությունը` «այցելությունները», ինչպես ինքն է ասում, համարում է «կարեւոր»: Այ, սա իսկապես քաղաքական անգրագիտություն է, որ գրեթե չի պատահում համաշխարհային քաղաքական պրակտիկայում: Ամբողջ հարցն այն է, որ երկրի ղեկավարի «այցելությունների» կարեւորությունը որոշվում է մինչեւ այցելությունը եւ ոչ թե այցելության ընթացքում կամ դրանից հետո: Տվյալ այցի կարեւորությունից, նշանակությունից ու նպատակներից ելնելով էլ կազմավորվում է համապատասխան պատվիրակություն` համապատասխան մարդկանցով: Դիցուք, այս դեպքում հնարավոր չէ ասել, որ «Եվրասիա մայրցամաքի արեւմտյան ափից մինչեւ արեւելյան ափ» Փաշինյանի այցելությունները նախապես են «կարեւորվել»: Ավելի հավանական է թվում, որ այցի կարեւորության մասին Փաշինյանը սկսել է մտածել միայն ինքնաթիռում, այլապես նրան ուղեկցող պատվիրակությունը բոլորովին այլ, առավել մասնագիտական կազմ կունենար: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե մեր պետության հաշվին Չինաստանում ի՞նչ կարեւոր գործ ունեին վարչապետին ուղեկցող գլխավոր խորհրդականը, օգնականը, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը, նույն բաժնի գլխավոր մասնագետը, արարողակարգային միջոցառումների պատասխանատուն, արարողակարգի բաժնի խորհրդականը, արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը, 7 թիկնապահները, Աննա Հակոբյանը, Աննա Հակոբյանի խորհրդականն ու վարսավիրը…

Մեր հեռուստատեսություններին կհորդորեի` ամեն անգամ՝ առիթ-անառիթ, «Սարոյան եղբայրներն» ու «Երաժշտախմբի տղաները» ցուցադրելու փոխարեն, ցուցադրեին «Հարսնացուն հյուսիսից»-ը եւ «Ոսկե ցլիկը», որոնք բավականին ուսուցողական կարող են լինել այս կառավարության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար: Չէ, դուք տեսեք` կառավարությունում ինչքան շաշկի խաղացող կա, Փաշինյանը հավաքել, հետը տարել է Պեկին` ցուցահանդես: Նաջարյանը, մինչդեռ, կբարկանար նրանց վրա` ես ձեզ աշխօր եմ տալիս, որ դուք շաշկի խաղա՞ք… Բա որ հորթերը սատկեն, ձեզ պիտի տանեմ ցուցահանդե՞ս… Դե իսկ Մուրադը համարյա կատաղեց, երբ իմացավ, որ գյուղի կեսը գյուղատնտեսական աշխատանքների, վարուցանքի այդ օրերին պատրաստվում է իր հետ շատ կարեւոր առաքելությամբ մեկնել Ռուսաստան` աղջիկ ուզելու: Ասում էր` այ մարդ, էլ էսքան մարդու ինչո՞ւ աշխատանքից կտրենք: Առավոտը կգնամ, իրիկունը կվերցնեմ, կբերեմ… Մուրադը նույնիսկ անհարմար էր զգում ասել` ես ու Արուսը կգնանք: Ներկաները պետք է գլխի ընկնեին, որ երբ նա ասում է «ես»` Արուսը հետն է: Հիմա մենք Աննայի շրջագայությունների մասին բան չասինք, որ Փաշինյանը շտապել է այդպես կարեւորել Բրյուսել-Պեկին երթուղով այս տուրը: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ «Բադ պեկինյան ձեւով» ուտեստը շատ է զիջում հայկական խորովածին, եւ հաստատ բադի համար չէ, որ Աննան մեկնել է Պեկին: Բայց մի՞թե կարելի էր ճոխ ու ոչինչ չասող այսպիսի պատվիրակությամբ Չինաստանի նման երկրի ղեկավարությանը ներկայանալ եւ անհեթեթության վերածել պետբյուջեի վրա միլիոններ նստած այցը:

Իսկ ի՞նչ է ուզում ասել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի անհաջողակ ուսանողը, երբ հայտարարում է` «այցելությունները համարում եմ ստացված»: Հրավիրեք աշխարհի բոլոր հայագետներին, ու թող նրանք մեզ բացատրեն, թե ինչ է նշանակում այցի մասին ասել` «ստացված», մանավանդ այցից հետո, երբ այն արդեն իսկ կայացել է: Ենթադրենք, ես գնում եմ Փաշինյանի տուն, Աննան մեզ բադ, ներողություն, սուրճ է հյուրասիրում, եւ ես վերադառնում եմ տուն: Դուրս է գալիս, որ իմ այցը «ստացվա՞ծ էր»: Չստացված այցը ո՞րն է այդ դեպքում: Հա, որ մի դյուժին հարեւան էլ հետս տանեի, գուցե Փաշինյանը նեղվեր, կամ Աննայի բաժակները չբավականացնեին: Բայց նույնիսկ այդ դեպքում չի կարելի ասել, որ այցը չստացվեց: Ասել կուզի` փաստ է, որ այցելել ես Չինաստան, եւ այնտեղ քեզ չեն ասել` ինչու ես եկել: Ուրեմն դրանից հետո ինչո՞ւ պարծենալ, թե այցը «ստացվացրել» եմ:

ՀԳ. Մնամ չինական խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» եւ MZTL-ի նույնքան խոշոր ներդրումներին սպասող…