90-ականների մեթոդներն այս ընտրությունների՞ն էլ կիրառեցին

90-ականների մեթոդներն այս ընտրությունների՞ն էլ կիրառեցին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից հետո՝ քվեաթերթիկները հաշվարկելու ընթացքում, մոտավորապես ժամը 21.50-ին հոսանքազրկվեցին Հայաստանի մի շարք համայնքներ, անջատվեցին ամբողջ Վանաձոր քաղաքի լույսերը, Արթիկն ու Գյումրին, Ապարանը, Դիլիջանն ու Արմավիր քաղաքը նույնպես հոսանքազրկվեցին: Պարզվում է, որ քվեաթերթիկները հաշվելու ընթացքում հոսանքազրկումների ավանդույթը գալիս է հեռավոր 90-ականներից, երբ ընտրատեղամասերում անջատում էին լույսերը, և լցոնումներ անում, արկղերը փոխում։ 1996 թվականի նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու եղած Արամ Գասպարի Սարգսյանին հարցրինք, թե ինչպե՞ս էր աշխատում հոսանքազրկումների մեխանիզմն այն ժամանակ․

«Այն ժամանակ իրավիճակը հետևյալն էր․ ատոմակայանը նոր-նոր էր սկսել աշխատել, նոր-նոր վերականգնվում էր էներգահամակարգը, բայց ես կարող եմ վստահ ասել, որ  նման հնարավորությունները օգտագործելը եղել է և՛ 1996-ին, և հետո։ Կարող էին հենց հաշվարկի ժամանակ միանգամից հոսանքազրկել։ Այս անգամվա հոսանքազրկումը շատ տարօրինակ էր, որովհետև իրենց ասելով Վրաստանի տարածքից էր, եթե դա Վրաստանի տարածքից էր անջատվել, ապա մենք պետք է այստեղ ունենայինք համապատասխան կարգավորիչ, որը շատ արագ, 5-7 րոպե չպիտի տեւեր, միանգամից պիտի հոսանքը վերականգներ։ Այստեղ տարօրինակն այն է, որ հենց այդ ժամին, իրար հետևից մի քանի մարզ միանգամից հոսանքազրկվում է, և պարզ չէ, թե այդ ընթացքում ինչ է կատարվել ընտրատեղամասերում։ Ես կարծում էի, որ նրանք, ովքեր բողոքարկել էին ընտրությունների արդյունքները, հատկապես նրանք, ովքեր ստացել էին բարձր տոկոսներ, այս հարցի վրա պիտի ուշադրություն դարձնեին, և հենց այդ մարզերում պետք է վերահաշվարկ կատարվեր»,- ասաց Սարգսյանը եւ հիշեց, որ 90-ականներին փոխում էին քվեատուփերը․

«Մենք այն ժամանակ Երևանում հաղթեցինք, որովհետև վերահսկողությունը ամբողջ քաղաքում էր, ցավոք սրտի շրջաններում մեզ դա չհաջողվեց, և որտեղ որ չկային վստահված անձինք, իրենց համար շատ հեշտ էր մանիպուլյացիա անելը, և ընդհանրապես իրենք կարող էին ամբողջովին փոխել՝ մի ամբողջ արկղ վերցնել և փոխել նոր արկղով, ճիշտ այնպես, ինչպես մենք տեսանք, թե ինչպես էին զինվորները վերցնում պատրաստի ծրարները և դրանք գցում քվեատուփի մեջ։ Այսինքն՝ ամեն ինչ հնարավոր է, երբ որ վերահսկողությունից դուրս է լինում, կարող են ամեն ինչ անել։ Ուղղակի այստեղ ենթադրություններով խոսել չի կարելի, պետք է հստակ լինի։ Սխեման մեկն է․ լույսն անջատվեց, եթե այդ կեղծիքի փաթեթը կամ տրցակը պատրաստ է, ապա կարող էին միանգամից կամ ավելացնել կամ փոխել, շատ պարզ սխեմա է աշխատել՝ կարող էին ամբողջը հանել և նորը լցնել՝ իմանալով, թե այնտեղ ինչքան է լինելու ընտրողների թիվը, կարող էին մի մասը լցոնում անել և դրանով ստանալ իրենց առավելությունը։ Այսինքն՝ կարելի է մի վթար ստեղծել, հետո ասել, որ վթար է և դրանով արդարանալ։ Շատ պրիմիտիվ մեխանիզմներ էին, բարդ բան չկար։ Կամ վթար ես ստեղծում կամ էլ ասում ես, որ Վրաստանն էր անջատել։ Եթե այդպես է, ուրեմն Վրաստանի հետ պայմանավորվածությո՞ւն է եղել։ Չեմ ուզում այդպես մտածել, բայց կարող է այդպես էլ լինել»,- ասաց Սարգսյանը։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը 96-ի նախագահական ընտրությունների թեկնածուներից էր, ևս հիշեց նմանատիպ դեպքեր․ «1996 թվականին, որպեսզի միասնականություն ձևավորվի, ես իմ թեկնածությունը հանել էի։ Այն ժամանակ շատ ընդունված էր, 1991 թվականին՝ առավել ևս ընդունված էին այդ տեսակ երևույթները։ Այն ժամանակ ես շատ չեմ խորացել այդ նրբերանգների մեջ, ավելի ակնհայտ և անառարկելի խախտումներ կային, բայց ասում էին, որ նպատակը մեկն է, որ պատրաստի լցված տուփը բերում էին, հինը տանում, տուփերն էին փոխարինում։ Հիմնական սխեման դա էր»։ Հարցրինք՝  ի՞նչ է կարծում՝ նույնը կարո՞ղ էր այս ընտրություններում լինել․ «Ես այն մարդկանցից չեմ, որ որևէ բանի մասին ասեմ, որ բացառված է, ես գիտեմ, որ երբեք չի կարելի ասել «դա հնարավոր չէ» և այլն։ Լսել եմ, շատ մարդկանցից, լսել եմ, որ դա որոշակի դեր է կատարել, թե ինչ դեր․․․ ես փաստերի չեմ տիրապետում, և եթե դրա մասին ինձ հազար հոգի էլ պատմի, ես դա փաստարկելու անհրաժեշտ նյութ չեմ համարում»,- պատասխանեց Հայրիկյանը։

1995-ին պատգամավորի թեկնածու Ավետքի Իշխանյանն էլ ասաց, որ հոսանքազրկումներով ընտրակեղծարարությունը սկիզբ է առել 1995 թվականից, կարող է անգամ կոնկրետ ընտրատեղամասերը հիշել․ «Շատ լավ եմ հիշում, դա 1996-ին էլ էր, 95-ին էլ էր, դա սկսել է 1995 թվականից։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հոսանքազրկում է եղել, և հոսանքազրկումից հետո քվեատուփը չի եղել, կամ քվեաթերթիկների ինչ-որ մի կույտ՝ ինչ-որ մեկի համար քվեարկած, անհետացած է եղել։ Այս վերջին ընտրությունների հետ կապված ես չգիտեմ, թե ինչպես է եղել, դա վստահված անձինք կարող են ասել, բայց ես չեմ բացառում, ավելի ճիշտ՝ հակված եմ այն բանին, որ այդ նույն 90-ականների մեթոդները կրկնվել են, առավել ևս, որ 90-ականների հեղինակներն ու ցուցարարներն այս ընտրություններում էին։ 1995-ին ես հիմարություն եմ ունեցել լինել  պատգամավորի թեկնածու, իսկ 96-ին ես հիշում եմ նման դեպքեր մամուլում և բազմաթիվ այլ տեղեր»,- ասաց Իշխանյանը։