ՔՊ-ն չէր կարող այդպիսի արդյունք գրանցել

ՔՊ-ն չէր կարող այդպիսի արդյունք գրանցել

Ընտրություններից առաջ MPG/GALLUP Intertational կազմակերպության հետազոտության 5-րդ ու վերջին փուլի արդյունքների համաձայն՝ «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է եղել քվեարկել 28,7 %-ը, ՔՊ-ի օգտին՝ 25,2 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 %-ը, ԲՀԿ-ի օգտին՝ 5,4 %-ը, ԼՀԿ-ի օգտին՝ 5,2 %-ը: Հետազոտությունն անցկացվել էր հունիսի 14-16-ը, սակայն ընտրության արդյունքներով լրիվ այլ պատկեր գրանցվեց․ ՔՊ-ն հավաքեց մոտ 54 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 21.5, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23, իսկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առհասարակ չանցան։ Հետաքրքիր է, որ առաջին անգամ գրանցվեցին «Գելափի» կանխատեսումներին հակառակ արդյունքներ, օրինակ՝ 2018 թվականին «Գելափի» կանխատեսումները քիչ տարբերությամբ իրականացել են, ըստ այդ հետազոտության՝ ընտրությունների մասնակցել պատրաստվող քաղաքացիների 69,4 տոկոսն իր ձայնը տալու էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 5,7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3,8 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը հավաքել էր 70.42 տոկոս, ԲՀԿ-ն՝ 8.26, ԼՀԿ-ն՝ 6.37 տոկոս։

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց՝ համաձայն չէ, որ ընտրությունների արդյունքները հակառակ են իրենց կանխատեսումներին, քանի որ նորմալ ընտրությունների պարագայում ՔՊ-ն չէր կարող այդպիսի արդյունքներ գրանցել։

«Եթե նկատել եք, հիմնական թվապատկերը, որը մենք տվել ենք, ուժերի դասավորվածությունը՝ եւ ոչ միայն առաջատար ուժերի, այլ ընդհանրապես փոքր տոկոսներ ստացած ուժերինը, եւ այս մասով մեր կանխատեսումները հիմնականում համընկել են։ 2 ուժի մասով՝ «Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմ» դաշինքի, կա որոշակի նվազում, եւ կա մեզ համար շատ անհասկանալի աճ՝ իշխող ուժի ցուցանիշի պարագայում։ Մենք չենք բացառում, որ մենք որոշ չափով կարող ենք շեղում ունենալ, բայց մենք վստահ ենք, որ նորմալ ընտրությունների պարագայում իշխող ուժը չէր կարող այդպիսի կտրուկ փոփոխություն գրանցել։ Մենք հարցումների միջոցով կարողանում ենք կանխատեսել ընտրությունների ելքը, թե ինչպիսին կլինի, բայց չենք կարող կանխատեսել եւ հաշվարկել, թե ինչպիսի լծակներ կարող է օգտագործել իշխող ուժը, դա մեր ուժերից դուրս է եւ մեր աշխատանքի մեջ չի մտնում։ Ընդհանուր պատկերը, մասնակցության տոկոսը մեր կողմից կանխատեսվել էին, եւ մենք մեր հրապարակումներում նշում էինք, որ մասնակցությունը գնալով նվազում է։ Այն 60 տոկոսը, որը հստակ նշել էր, որ մասնակցելու է, նվազել էր մինչեւ 51.1 տոկոս, ինչը խնդրահարույց է, եւ մենք բոլոր քաղաքական ուժերին կոչ էինք արել, որպեսզի հորդորեին, որ մարդիկ մասնակցեին ընտրություններին։

Կրկնում եմ՝ 2 ուժի մասով կա նվազում, դա «Հայաստան» դաշինքն է եւ «Պատիվ ունեմ» դաշինքը, իրենց մասով նվազումը բացատրելի է, բայց իշխող ուժի կողմից նման բարձր ցուցանիշ գրանցելը մեզ համար բացատրելի չէ։ Ի դեպ ասեմ՝ մենք հիմա կատարում ենք հետընտրական հետազոտություն, որը մշտապես իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես են ընտրել, եւ հույս ունեմ, որ շաբաթ կամ երկուշաբթի օրը մենք կհասցնենք ամփոփել եւ կներկայացնենք։ Մենք չենք վախենում սխալված լինել, բայց որ այսչափ սխալված լինենք, դա անհնար է։ Հետեւաբար, եթե մեթոդաբանորեն, գիտականորեն մենք նման աճը չենք կարողանում բացատրել, ապա պետք է իշխանությունը բացատրի, թե ինչ լծակներով ու ինչ մեթոդներով է այսպիսի բարձր ցուցանիշ գրանցել։

Մենք չենք տիրապետում, թե բանակում քվեարկությունն ինչպես է անցել, չենք տիրապետում, թե ինչպես է ոստիկանությունում անցել, այսինքն՝ կան բաներ, որոնք մենք չենք տեսնում, բայց այդ բաների վրա կարող է ազդել իշխանական ուժը։ Այնպես չէ, որ սա Նիկոլ Փաշինյանի «նոու-հաու»-ն է, այսպիսի բաներ եղել են նախկինում էլ։ Այստեղ խնդիրն այն է, թե որքանով են իրենք կարողացել դա օգտագործել, եւ դա մեզ համար չափելի չէ, մենք չենք կարող իմանալ, թե բանակում քանի տոկոսն ում է ընտրել, իսկ որ բանակում ընտրություններն ուղղորդված են եղել, կարծում եմ՝ Ձեզ համար էլ գաղտնիք չէ, մեզ համար էլ գաղտնիք չէ։ Ես՝ ինքս, բանակում ծառայել եմ, եւ ոչ մի բան այդ առումով չի փոխվել։ Ես հիմա չեմ կարող պնդել, որ բանակում համատարած այդպես է եղել, եւ փաստեր չունեմ, եւ դա մեր գործն էլ չէ։

Ես տեսնում եմ, որ վերջին օրերին հատկապես իշխանական ուժը փորձում է թիրախավորել, որ մենք սխալվել ենք։ Ես էլի եմ ասում, որ այնպես չէ, որ մենք չէինք կարող սխալվել, բայց այսքան սխալվե՞լ։ Այդպես չի լինում, որ մենք մյուս մասերով կանխատեսենք ճշգրիտ, բայց իրենց մասով 2 անգամ սխալվենք։ Ես չեմ կարող ասել, թե թվային առումով ինչքան կեղծիքներ են եղել, բայց այն, որ եղել են, ե՛ւ Դուք եք տեսել, ե՛ւ մեր հանրությունն է տեսել, եւ երբ ասում են, որ այնտեղ կեղծիքներ չեն եղել․․․ ասելով չէ, եթե ասելով է, մենք էլ կարող ենք ասել, որ Ամերիկայում ենք ապրում»,- ասաց Նավասարդյանը։