Դուք շահագրգռված եք հօգուտ հայցվորի․ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը՝ դատավորին

Դուք շահագրգռված եք հօգուտ հայցվորի․ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը՝ դատավորին

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի» քաղաքացիական գործով այսօրվա դատական նիստին Թորոսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Սարգիս Երիցյանին։ 

Գյոզալյանն իր միջնորդության մեջ նշեց․ «Դուք ձեր վարքագծով շահագրգռված եք հօգուտ հայցվորի»։

Հայցվոր կողմն առարկեց միջնորդության դեմ։ Մենք զրուցեցինք Արա Մինասյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ։ Նա ասաց․ «Որպես բացարկի միջնորդության հիմք իմ կոլեգայի կողմից ներկայացվել է այն, որ դատարանը մերժել է իրենց 2 միջնորդությունները, բայց դա ինքնաբացարկի հիմք չի կարող հանդիսանալ այն պայմաններում, երբ այդ 2 միջնորդությունները մերժելու մասին որոշումները եղել են օրինական եւ բխել են, ինչպես ՀՀ-ի ներքին օրենսդրությունից, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից, որը մենք գրավոր, մանրամասն դատարանին նեկայացրել ենք։ Պնդումը, որ շահագրգռվածություն ունի դատավորը դեպի հայցվորը, բացառապես հիմնավորվել է այն փաստարկով, որ պատասխանող կողմի երկու միջնորդությունները մերժվել են»։ ​​​​​​​

Դատարանը որոշումը կհրապարակի մարտի 11-ին, ժամը 09։30-ին։

Հիշեցնենք՝ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա հետախուզվում է: Արա Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված հետևյալ արտահայտությունների համար պահանջելով հերքում․

«- Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում։ Այսինքն, մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ՝ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու։

- Չի դադարում էդ թալանը և, այսպես ասած` վատնումը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն։ Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել:

- 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ։

- Ավելին ասեմ․ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից։ Տարատեսակ պատճառներով, իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց։

- Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ։ Նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է, ամեն մեկի համար՝ 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ։

- 99 %-ով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»:

Արա Մինասյանը գտնում է, որ այս արտահայտություններն ուղղված են իրեն, և պահանջում է հերքում, մինչդեռ Արսեն Թորոսյանի պաշտպանական կողմը պնդում է, որ նա ընդհանուր չարաշահումների մասին է խոսել և ոչ թե կոնկրետ անձի։