ԲԴԽ շենքում գազ չկա, ջուր չկա 

 ԲԴԽ շենքում գազ չկա, ջուր չկա 

ԲԴԽ-ում հրաժարականներն ու դատական համակարգի այս խառնիճաղանջ, «վեթթինգային» վիճակը քիչ էր, հիմա էլ շենքի խնդիր է առաջացել։ Պարզվում է՝ Կորյունի փողոցում գտնվող ԲԴԽ-ի նոր շենքն այնքան էլ ԲԴԽ-ինը չէ եւ օդում կախված վիճակում է։ Խնդիրը պետք է լուծի Պետգույքի կառավարման կոմիտեն, բայց, չգիտես ինչու, չի կարողանում։

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը մեզ ասաց, որ Պետգույքը շինարարից պետք է ընդունի շենքը, որ հետո ըստ ենթակայության հատկացնի իրենց, բայց մինչ օրս այս գործընթացը տեղի չի ունեցել։ «Էս պահին շինարար-Պետգույքի կառավարման վարչություն տիրույթում է գտնվում գնդակը, եւ ունեմ տեղեկություն, որ օրերի մեջ խնդիրը պետք է հանգուցալուծվի»,-ասաց Փոլադյանը։ 

Կարո՞ղ է ֆինանսական չարաշահումների խնդիր կա, որ Պետգույքը չի ընդունում շենքը, Փոլադյանն ասաց, որ իր տեղեկությամբ՝ երկու անգամ ուսումնասիրություն է իրականացվել, եւ որեւէ խնդիր չի հայտնաբերվել։ Կարծում է՝ խնդիրը տեխնիկական է։

Ի դեպ, ԲԴԽ աշխատակազմի դեռ միայն մի փոքր մասն է տեղափոխվել այս շենք, որտեղ անգամ գազ չկա, լույսի ու ջրի հարցն էլ վերջնական լուծված չէ, քանզի շենքն իրենցը չէ, որ կարողանան դառնալ գազի, ջրի ու լույսի բաժանորդ։ Այնպես որ, Փոլադյանը ցավով նկատում է, որ խնդիր իսկապես ունեն։ «Այս պահին ջուրը սնուցվում է Ագրարային համալսարանից, հոսանքի համար վճարում կատարում է, եթե չեմ սխալվում, շինարարական կազմակերպությունը։ Ավելին ասեմ, խնդիրն ավելի խորանում է, քանի գնում ենք դեպի տարվա վերջ, որովհետեւ էստեղ չկա ջեռուցում, գազ, եւ մենք անհրաժեշտություն ունենք օր առաջ շենքը մեր բալանսում ունենալու, որպեսզի իրավական առումով հնարավորություն ունենանք դիմելու եւ դառնալու գազի բաժանորդ, որպեսզի կարողանանք մրցույթ հայտարարել եւ գազ քաշել էստեղ»,- ասաց Փոլադյանը։

ՀԳ․ Մենք խոսեցինք նաեւ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ։ Նա մեզ ասաց, որ իրենք պարզաբանումներ են խնդրել քաղշինկոմիտեից, քանզի տարբերություններ կան շինարարի ներկայացրած եւ իրենց ունեցած փաստաթղթերի միջեւ։

Պարզաբանումներն ստանալուց հետո թերեւս կորոշվի շենքի ճակատագիրը։