Կարևորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին․ Ն․ Փաշինյան

Կարևորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին․ Ն․ Փաշինյան

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:

Վերջինս նշել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և պատրաստ է նպաստելու տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Յոհանես Հանը քննարկել են նաև տնտեսական գործակցության հետագա ընդլայնման, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, երկուստեք հեռանկարային է համարվել ենթակառուցվածքների, կրթության, էներգետիկայի և այլ ուղղություններով նոր նախաձեռնությունների իրագործումը: Այս համատեքստում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է բոլոր գործընկերների հետ և ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության հետևողական զարգացումը՝ ընդգծելով Հայաստան-ԵԱՏՄ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է 2018-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ «Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին»,- իր խոսքում ասել է Փաշինյանը։