Բաքուն փորձում է շահարկել Մհեր Եղիազարյանի մահվան գործը

Բաքուն փորձում է շահարկել Մհեր Եղիազարյանի մահվան գործը

Մհեր Եղիազարյանի մահվան մասին լուրը բավական  դարձել է ադրբեջանական լրատվամիջոցների քննարկման նյութ։ Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը կալանավորվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին։ Ըստ հայկական իրավապահ մարմինների հայտարարությունների, նա հանդիսանում էր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատուն, ով խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ։ Ադրբեջանական իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը, «Մինվալ» լրատվական կայքի հետ զրույցի ընթացքում որոշ ընդհանրություններ է նկատել Մհեր Եղիազարյանի եւ ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի դեպքերի միջեւ այն մասով, որ երկուսն էլ եղել են մեդիայի ներկայացուցիչներ։

Սակայն, եթե Մեհման Հուսեյնովի հանդեպ Եվրոպան պատշաճ ուշադրություն է դարձրել, ապա Մհեր Եղիազարյանի պարագայում պարզապես անուշադրության է մատնել։ Հիշեցնենք, որ Մեհման Հուսեյնովին էլ ներկայացվել է դրամաշորթության մեղադրանք, որի պատիժը կրելու վերջին ամիսներին փորձ արվեց նոր գոր կարել նրա վրա՝ իբրեւ թե ոստիկանի հետ կռիվ սարքելու եւ այլնի մասով, ինչը կարող էր ծանրացնել առկա պատիժը յոթ տարով։ Մեհմանը նստեց հացադուլի, իր ռադիկալ քայլով Բաքվում փողոց դուրս բերեց 10 հազար մարդու եւ նաեւ եվրոպական կառույցներին «ստիպեց» կոշտ արձագանքելու, ինչն իր հերթին պայմանավորեց, որպեսզի Իլհամ Ալիեւը նահանջի եւ դադարեցնի իր հանդեպ քրեական հետապնդումը։

«Մինվալ» լրատվական կայքի հարցին, թե արդյոք հայկական լրատվամիջոցներն էլ բավարար հետաքրքրվածություն չեն ցուցաբերել Մհեր Եղիազարյանի գործի հետ կապված, հատկապես միջազգային կառույցներին տեղ հասցնելու մասով, Զեյնալովը ասել է․ «Լիովին հնարավոր է, որ այդպես էլ կա։ Սակայն չի կարելի ասել, թե ինչ է կատարվել միջազգային կառույցներում։ Հնարավոր է, որ նրանք զբաղված լինելով Մեհմանի գործով, աչքաթող են արել այս գործը։ Սակայն մի բան կարող եմ հստակ արձանագրել, ամեն բան կախված է գործի «ռասկրուտկայից»։ Ադրբեջանցի փորձագետը փորձել է նաեւ օգտագործել առիթը եւ եվրոպական կառույցներին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։