Դաշնակցությունը «ստուգում է»

Դաշնակցությունը «ստուգում է»

Մայիսի 7-ին Արցախում Դաշնակցությունը նախաձեռնում է միջոցառում, որին հրավիրված են այլ կուսակցություններ եւս: Կքննարկվի Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագրի խնդիրը, Դաշնակցությունը կհրապարակի իր ռազմավարությունը: Այդ մասին տեղեկացրել է Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:

Նա ասել է, որ ժամանակին Դաշնակցությունը պահանջում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճանաչի Արցախի անկախությունը, ինչը տեղի չունեցավ, եւ դա կոպտագույն սխալ էր, այնուհետեւ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ, «մարտավարության որոշակի նրբություններից ելնելով, այդ քայլին չէին գնում»: Նա կարծում է, որ հիմա ժամանակն է, որպեսզի կնքվի այդ դաշինքը, ինչը կնշանակի, որ Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը: «Կա իրավական հիմք, եւ Հայաստանն արդեն անկաշկանդ կարող է գործել»,- ավելացրել է դաշնակցական պատգամավորը` նկատի ունենալով այն պարագան, երբ Հայաստան-Արցախ դաշինքն արդեն ստորագրված կլինի:

Ընդսմին, Արմեն Սարգսյանը չի բացառել, որ Դաշնակցությունը կարող է Հայաստանում եւ Արցախում այդ հարցով ստորագրահավաք սկսել: Կարելի է ենթադրել, որ Արցախում մայիսի 7-ին կտրվի գործընթացի մեկնարկը, եւ պարզ կլինի, թե նպատակին հասնելու համար ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել ՀՅԴ-ն: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նույն տեղում ասել է, թե «բոլորն էլ գիտեն, որ Մայր Հայաստանն ու Արցախը գտնվում են մեկ ընդհանուր անվտանգության համակարգում»:

Փաստացի պաշտոնական Ստեփանակերտն իրողությունները ֆորմալացնելու խիստ անհրաժեշտություն չի տեսնում: «Փաստաթուղթը կարեւոր է, բայց մենք ոչ թե զգացմունքներով պետք է առաջնորդվենք, այլ տեսնենք, թե ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ դա»,- ասել է Դավիթ Բաբայանը` ակնհայտորեն նկատի ունենալով միջազգային հավանական արձագանքը: Դաշնակցությունը, մինչդեռ, գտնում է, որ ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը ոչ միայն չի խոչընդոտի Արցախի հարցի կարգավորմանը, այլեւ անգամ կխթանի ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը: Դաշնակցական գործիչներից Կարո Մադենլյանը նույնիսկ տեսակետ է հայտնել, որ ԱՄՆ-ում իրենց համար դժվար է Արցախի ճանաչման լոբբինգ անել, քանի որ ամենուր հանդիպում են հարցի` իսկ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում:

Ավելի անկեղծանալով` Մադենլյանն ասել է, որ Արցախ-Հայաստան ռազմական փոխօգնության պայմանագրի խնդիրը կերեւակի Հայաստանի իշխանությունների իրական մոտեցումներն այդ հարցում: Ստացվում է, որ Դաշնակցությունը նախաձեռնում է, այսպես ասած՝ «ստուգողական» գործընթաց. եթե Հայաստանի իշխանությունները չգնան Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրման, ուրեմն անկեղծ չեն իրենց հրապարակային հայտարարություններում: Մադենլյանն ուղղակի ասում է, որ Դաշնակցությանը պետք է համոզվել, որ Հայաստանը լիովին եւ բոլոր հարցերում սատարում է Արցախին ոչ թե խոսքով, այլ` իրական քայլերով:

Դաշնակցությունն իր վերջին Ընդհանուր ժողովը գումարել է Ստեփանակերտում: Իսկ մայիսի 7-ին նույն տեղում տալիս է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջի մեկնարկ` ակնարկելով, որ կարող է գնալ ստորագրահավաքի եւ խնդիրն առարկայորեն դնել իշխանությունների սեղանին: ՀՅԴ Ընդհանուր ժողովում Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ Դաշնակցությունը պատրաստվում է տուն ուղարկել Հայաստանի օրվա իշխանություններին: Արցախի ճանաչման հարցում իշխանությունների հավանական զգուշավորությունը, հավանաբար, ՀՅԴ-ի կողմից դիտվում է նրանց տուն ուղարկելու ամենահարմար առիթը: Իրավիճակի հետագա զարգացումներում, ըստ երեւույթին, վճռական կարող է լինել պաշտոնական Ստեփանակերտի կեցվածքը: Բացառված չէ, որ Դաշնակցությունը մայիսի 7-ի միջոցառմամբ կազմակերպում է եկող տարի Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին իր քարոզչության գլխավոր թեզերի քաղաքական շնորհանդեսը եւ տալիս մրցապայքարին մասնակցության մեկնարկը: