Արդարության հայկական տարբերակը

Արդարության հայկական տարբերակը

«Եթե մարդկությունն իրապես ձգտեր արդարության, ապա նա վաղուց հասել էր դրան»,- հեգնում էր 19-րդ դարի իռլանդական բողոքական ընտանիքից սերված էսսեիստ եւ փիլիսոփա Վիլյամ Հազլիթը:
Մարդկության պատմության մեջ արդարության ձգտումներն արտահայտվում են իրականացված բազմաթիվ հեղափոխություններով: Հեղափոխությունները ծնվում են անարդարության դեմ պայքարում՝ որպես արդարության ձգտումների խտացում եւ անարդարության պայթյուն:

Համաշխարհային պատմության մեջ, անգամ հաղթանակած հեղափոխությունները, պայքարել են անարդարության դեմ, գլխատել արտոնյալներին եւ հեղափոխության թշնամիներին, սակայն, որպես կանոն, արդարություն չեն կարողացել հաստատել: Արդարության ձգտումները պակասել են հեղափոխական իշխանությունների ավելացող արտոնությունների հետ՝ սկիզբ դնելով նոր հեղափոխությունների: Հեղափոխության բոլոր նախադրյալները մեկ նախասկիզբ ունեն՝ անարդարություն, եւ կարող են հաղթահարվել մեկ ճանապարհով՝ արդարությամբ: Հենց այդ ճանապարհին էլ կատարվում են հեղափոխական իշխանությունների ամենածանր սխալները:   
Արդարությունը հասարակական, բարոյական, սոցիալական անանց արժեք է, բարձր եւ վեհ գաղափար, որի հաղթանակը կարող է հարվածել ոչ միայն նույն հանրության մեծաթիվ անդամների, այլեւ հեղափոխության կարգախոսներով իշխանության եկածներին: Միաժամանակ, արդարության ձգտումները, դրա ընկալման ազգային առանձնահատկությունները, մտածողությունը եւ կողմնորոշիչները կարող են տարբեր լինել՝ երբեմն փակուղի մղելով արդարությունը:
Հայ ժողովուրդն իրեն համարում է արդարության ձգտող ժողովուրդ:

Պատմական անարդարությունից հոգնատանջ՝ նա արդարություն է փնտրում ամենուր՝ օտար ափերում, բայց ո՛չ իր հայրենիքում, ուր արդարություն հաստատելու հայ ժողովրդի ձգտումները բախվել եւ բախվում են ոչ միայն անօրինականությանն ու անարդարությանը, այլեւ սեփական կրավորականությանն ու զգուշավորությանը, հասարակական պարզամտությանը եւ քաղաքական կարճատեսությանը: 

2018թ. հայկական թավշյա հեղափոխությունը անարդարության սարդոստայնից դուրս գալու Հայաստանի հասարակության ձգտումների իրացման հնարավորությունն էր: Անարդարություն, որը հանրությանը եւ պետությանը հասցրել էր քայքայման՝ չդադարող արտագաղթով, սոցիալական կեղեքմամբ, անօրինականությամբ եւ անպատժելիությամբ, կոռուպցիայով եւ կաշառակերությամբ:
Հայկական հեղափոխությունը, ինչպես բոլորի հեղափոխությունները, ծնվեց անարդարության դեմ պայքարից, թեպետ արդարությունն այդպես էլ չդարձավ հեղափոխական հարթակի կարգախոսը եւ հետհեղափոխական իշխանության ուղենիշը:

Հայկական հեղափոխության պարադոքսն այն էր, որ այն մերժում էր անարդարությունը՝ ի դեմս դրա խտացում հանդիսացող Սերժ Սարգսյանի, սակայն արդարություն չէր փնտրում, առավել եւս՝ չէր հաստատում: Հեղափոխական հարթակն արդարության օրակարգ եւ պահանջ չէր առաջարկում, այլ գծում էր «սեւերի եւ սպիտակների» ջրբաժանը: Թեպետ անհայտ էր, թե ջրբաժանի որ կողմում են հայկական արատավոր ընտրությունները, իշխանության պարբերական բռնազավթումները հավերժացնող ՍԴ երկարամյա նախագահ, այժմ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատմական Երեւանը հիմնահատակ ավերած նախկին գլխավոր ճարտարապետ եւ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը եւ բոլոր նրանք, ովքեր անասելի վնաս են հասցրել Հայաստանին եւ նրա մայրաքաղաքին:  

Հայկական հավաքական մտածողության մեջ արդարությունն իրականում ասոցացվում է այն ամենի հետ, ինչն իրականում մերժում է արդարությունը: Հայ ժողովուրդը սոցիալական հավասարություն է երազում՝ սոցիալական արդարության փոխարեն, սեփականության վերաբաշխում է պահանջում՝ հանրային բարիքի արդար բաշխման փոխարեն, արդարադատություն է պահանջում՝ նախընտրելով ընտրովի արդարադատությունը, անդադար եւ անպատիժ խախտում է երթեւեկության կանոնները՝ ընդունելով դա որպես հեղափոխությամբ հաստատված արդարության արժեք, կաշառք է տալիս եւ վերցնում՝ անկաշառությունը համարելով տմարդություն, ազնվությունն ու պարկեշտությունը՝ անկարողություն: Հայկական հանրային ընկալումների համաձայն, արդարությունը պետք է բախի բոլորի դարպասները, սակայն ոչ իրենը:

Նման հանրության համար պետության մեջ արդարության եւ արդարադատության հաստատումը կարող է պայմանավորված լինել մեկ անձի կամքով, այլ ոչ թե իրավական, բարոյական եւ քաղաքական զսպումներով: Նաեւ այդ պատճառով  ձեւավորվեցին «հեղափոխության աջակիցների» խմբեր, որոնք անհանդուրժողականության դրոշը պարզած՝ միակարծություն են պահանջում՝ չգիտակցելով, որ արդարության ծառը կարող է ոռոգել միայն բազմակարծության անձրեւը, այլ ոչ թե միակարծության քաղաքական երաշտը: 

Հեղափոխությունն ավելի խորացրեց արդարության մասին հայկական աղավաղված ընկալումները: Այսպես: Արդարության հաստատման գրավականներից մեկը պայքարն է երբեմնի արտոնությունների եւ արտոնյալների դեմ: Սակայն հեղափոխությունը ձեւավորեց արտոնյալների նոր խավ՝ ի դեմս պետական կառավարման բարձրագույն մարմինների, դեպի ուր սկսեցին ուղղվել պետեկամուտները՝ անարդարացի բարձր, պարբերական տրվող պարգեւավճարները, թանկարժեք պետական գնումները, ծառայողական ավտոմեքենաները եւ այլն: Զանազան հայտնի եւ անհայտ «բարերարներ» սկսեցին մեծաթիվ եւ պարբերական «նվիրատվություններ» կատարել ՀՀ վարչապետի տիկնոջ հիմնադրամներին: Թեպետ հանրային իրական արժեքներ ստեղծող կառույցները, միտք ու գաղափար կրող եւ առաջարկող անհատները, մտավորականները զուրկ են ամենաչնչին աջակցությունից եւ ուշադրությունից: 

Արդարության մասին հայ հանրության կողմնորոշիչները կորսված են, նաեւ այդ պատճառով է պետական դրոշը ոտնատակ տվող մաքսավորը համարվում անարդարության զոհ: Այդ հանրությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ՊՎԾ նախկին պետ, հեղափոխական իշխանության կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը դավաճանե՞լ է հեղափոխության սկզբունքներին, չարաշահե՞լ է իշխանությունը՝ ապօրինի եւ արագ հարստանալով: Իրականում այդ հանրությունը չի վստահում ո՛չ Դավիթ Սանասարյանի անմեղությանը, ո՛չ էլ հայաստանյան արդարադատությանը: Հետհեղափոխական Հայաստանում, ուր անարդարության ավերակների վրա այդպես էլ չի բարձրանում արդարության շենքը, հանրության համար Դավիթ Սանասարյանը ե՛ւ անմեղ է, ե՛ւ մեղավոր: Այդ հանրությունը Սանասարյանին չի հարցնում, թե ինչու էր 365 օր շարունակ նա համեստորեն լռում Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի սխալների, քաղաքական հավատաքննությունների, չկայացած եւ ընտրովի արդարադատության,  կոռուպցիայի դեմ ցաքուցրիվ պայքարի, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող արտաքին քաղաքական ուղեգծի մասին: Հայկական արդարության ընկալումներում Դավիթ Սանասարյանը դեռ երկար կմնա ե՛ւ որպես անարդարության զոհ, ե՛ւ որպես արդարության դահիճ: 

Հետհեղափոխական Հայաստանում անարդարության ամենամեծ օջախը շարունակում է մնալ կադրային քաղաքականությունը, որը գոցում է արդարության եւ առաջընթացի ճանապարհը: Հեղափոխությունը Հայաստանում օրինականություն եւս չհաստատեց:

Հայկական թավշյա հեղափոխությունը թեպետ քանդել է անարդարության պատը, սակայն այդպես էլ արդարության ամբարտակներ չի կառուցել: Հայկական միջավայրի խարխլված հանրային ընկալումներում արդարության պակասը, դեֆիցիտն ու մարող հույսերը լցվում են ամեն ինչով, սակայն ո՛չ արդարությամբ:

Արդարությունը երբեք միայնակ չի գալիս. այն միշտ գալիս է ճշմարտության հետ: Եվ եթե հեղափոխությունը արդարություն չի հաստատում երկրում, ապա ճշմարտությունը կա՛մ հալածվում է, կա՛մ ծնում է նոր հեղափոխություն: