Պուտինը պաշտպանել է Պեկինի «խաղաղության ծրագիրը»

Պուտինը պաշտպանել է Պեկինի «խաղաղության ծրագիրը»

Ուկրաինայի հարցով Չինաստանի առաջարկած «խաղաղության ծրագիրը» իրատեսական է և կարող է կարգավորման հիմք հանդիսանալ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը China Media Corporation-ին տված հարցազրույցում։

«Մենք բարձր ենք գնահատում այս առաջարկները («խաղաղության ծրագիր» - խմբ.): Կարծում եմ, որ դրանք միանգամայն իրատեսական են, ամեն դեպքում դրանք կարող են օգտագործվել որպես խաղաղության համաձայնագրերի հիմք»,- ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Կիևը «չի ցանկանում որևէ բանակցություն վարել», հետևաբար ուկրաինական կողմն է, որ պետք է հայտարարի բանակցությունների հարցում իր պատրաստակամության մասին։

«Մենք պատրաստ ենք, այդ թվում՝ օգտվելով մեր չինացի ընկերների առաջարկներից»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Պեկինը իր «խաղաղության ծրագիրը» ներկայացրել է այս տարվա փետրվարին։ Այն բաղկացած է 12 կետից։ Ծրագիրը ներառում է հրադադարի հաստատում, խաղաղ բանակցություններ, միակողմանի պատժամիջոցների դադարեցում և այլն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Չինաստանի առաջարկները խաղաղության ծրագիր չեն, այլ պատերազմի մասին իրենց մտքերի արտահայտում։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չինական պլանը ձեռնտու է միայն Ռուսաստանին։