Անանյանը լեգիտիմացնում է «գլխին սարքելով» տուգանելու մշակույթը

Անանյանը լեգիտիմացնում է «գլխին սարքելով» տուգանելու մշակույթը

Վերջին շրջանում տարբեր տնտեսվարողներ հաճախ են դժգոհում ՊԵԿ աշխատակիցների գործելաոճից, որ նրանք նորից սկսել են մարդկանց տուգանել հին, ավանդական մեթոդներով։ Այսինքն՝ մարդկանց «գլխին սարքելու» տարբերակով, երբ տարատեսակ «ագենտների» միջոցով արհեստականորեն այնպիսի իրավիճակներ են ստեղծում, որ տնտեսվարողն ինքնաբերաբար խախտում կատարի, հետո հարկայինի տեսուչները մտնեն-բռնեն փաստի վրա եւ տուգանեն։ Սրանց մի զգալի մասը հետո բողոքարկվում է, եւ պարզվում է՝ ՊԵԿ տեսուչները սխալ են վարվել ու անհիմն  տուգանել, բայց մեկ է՝ ՊԵԿ-ն իր այս ոչ մարդկային աշխատաոճից ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ մեզ հետ զրույցում, ըստ էության, նորմալ համարեց այս գործելաոճը՝ հարկայինը կարող է արհեստական իրավիճակներ ստեղծել ու մարդկանց տուգանել։ Կարելի է ասել՝ պարոն Անանյանն իր խոսքերով լեգիտիմացրեց «մարդկանց գլխին սարքելով» տուգանելու մշակույթը, որի անունը դրել են հսկիչ գնում։

«Ես չեմ էլ բացառում, որ մեր մասնագետները, մեր տեսուչները, երբ գնում են հսկիչ գնում իրականացնելու, հնարավոր է, որ էդ պրոցեսում իրենք որոշակի իրավիճակներ փորձեն ստեղծել։ Չեմ էլ բացառում, բայց էդ իրավիճակներ ստեղծելը նաեւ իրենց գործառույթներից է գալիս։ Եթե մեր հայրենակիցները, օրինակ, ասում են՝ մարդկային առումով ճիշտ չէ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ինքն անպայման շփոթվի, է, թող ինքն էլ չշփոթվի»,-ասաց Անանյանը։

- Այնպիսի տպավորություն է, որ փորձում են արհեստական խնդիր առաջացնել, որ տուգանեն մարդկանց։ Իմա՜ստը։

- Իմ կարծիքով՝ էդտեղ կա սուբյեկտիվ դատողության պահ։ Ես ասում եմ, որ էդտեղ արհեստական բան չենք ստեղծում, մեր հայրենակիցներն ասում են՝ դուք ստեղծում եք։ Հիմա էդտեղ ամեն մի տեսակետ պիտի ունենա իր հիմնավորվածությունը, ընդ որում՝ իրավական տեսանկյունից։ Եթե մեր գործողություններն իրավունքի շրջանակում չեն, մեր հայրենակիցները հնարավորություն ունեն բողոքարկելու։ Եթե իրենք բողոքարկման եզրեր չունեն ու ասում են՝ մարդկային տեսանկյունից սխալ վարքագիծ են դրսեւորում տեսուչները, ապա մարդկային տեսանկյունից սխալ վարքագիծ դրսեւորելը կատեգորիա չէ։

- Արհեստականորեն ստեղծել այնպիսի իրավիճակ, որ տուգանեն, կասե՞ք՝ ո՞րն է դրա նպատակը։

- Այդպիսի նպատակ մենք չենք հետապնդում։ Ես մի առիթով ասել եմ, որ մենք ունենք շուրջ 60 հազար հսկիչ դրամարկղային մեքենա, բայց մեր հսկիչ գործողություններ կատարելու իրավասություն ունեցող պաշտոնյաների թիվը շուրջ 5 հարյուր է։ Դա նշանակում է, որ մենք հասցեական հսկողություն ենք իրականացնում։ Այնտեղ, որտեղ կա ռիսկ, մեր համակարգը հայտնաբերում է ռիսկեր, մենք գնում ենք ռիսկային հարկ վճարողների մոտ։ Եվ, այո, կարող է տեսուչը, որը գնացել է ռիսկային որակված հարկ վճարողի մոտ՝ որոշակի հսկողական գործառույթներ իրականացնելու, հնարավոր է ինքն ինչ-որ իրավիճակներ ստեղծի, բայց էդ իրավիճակները սուբյեկտիվ դատողության դաշտում են։ Ձեր տեսանկյունից դա կարող է լինել «ոչ մարդկային», իմ տեսանկյունից կարող է ուղղակի որակվել, որ մարդն իրականացնում է իր գործառույթները։

- Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ հատուկ ուղարկված անձը մտնում առեւտուր է անում ու ՀԴՄ-ին չսպասելով կամ ինչ-որ խառնաշփոթ առաջացնելով՝ արագ դուրս է գալիս, որ հետո տեսուչները մտնեն ու խախտում արձանագրեն։

- Տեսեք՝ դրա համար կա բողոքարկման հանձնաժողով, ու շատ դեպքերում եղել է, որ ՀԴՄ-ի էդ ակտը բողոքարկվել է, եւ բավարարվել է բողոքը։ Որովհետեւ, այո, կարող են լինել տարբեր իրավիճակներ, երբ մեր գործողությունը մենք չկարողանանք իրավունքի տեսանկյունից հիմնավորել։

- Ստացվում է՝ դուք ընկել եք ձեր հետեւից․ գնում արհեստականորեն խնդիր եք ստեղծում, որ տուգանեք, հետո բողոքարկեն ու ձեզ սխալ հանեն։

- Էդպես չէ։ Ես ասում եմ՝ մեր մասնագետներն իրենց գործառույթն են իրականացնում։ Եկեք էսպես պայմանավորվենք․ եթե գործողությունները բողոքարկելու հիմք կա, ես հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ բողոքարկեք։ Ես ուզում եմ կրկնել՝ գործող 60 հազար ՀԴՄ կա, իսկ մենք 500 հոգանոց թիմ ունենք՝ էդ գործառույթն իրականացնող։ Հնարավոր չէ ու խելամիտ էլ չէ, որ միեւնույն տեղը գնաս մի քանի անգամ, ուզենաս տուգանել։ Եթե մենք որոշում ենք կայացրել, որ մի քանի անգամ էդ նույն տեղը պիտի տուգանվի, ուրեմն էդ հարկ վճարողը սխալ վարքագիծ է դրսեւորել։ 

- Տարբերություն կա՞ ձեր մոտեցումներում՝ տնտեսվարողն աշխատում է ԱԱՀ-ի՞ դաշտում, որտեղ ՀԴՄ-ի գործոնը կարող է էական նշանակություն չունենալ հարկերի ձեւավորման հարցում, թե՞ շրջանառության հարկի։

- Էդ երկու դաշտերում կա խոշոր, միջին ու փոքր տնտեսվարող։ Հարկային վարչարարության արդյունավետությունն այն է, որ դու հսկողական գործառույթներն իրականացնես առավելապես միջինից խոշորների մոտ, որովհետեւ ավելի ռիսկային են դրանք արդյունքային տեսանկյունից։ Հետեւաբար, եթե ԱԱՀ վճարող է, ինքը մեր դիտակետում շատ ավելի հավանական է, որ կընկնի, քան փոքրը։

- Պարզապես տպավորություն է, թե ՊԵԿ-ը նման վարչարարության միջոցով է փորձում բյուջե լցնել։

- Ոչ, չի կարող էդպիսի բան լինել։ Դուք կարծում եք, որ հարյուրավոր միլիարդների հարկերը, որ վճարվում են, ՀԴՄ-ի շնորհի՞վ է։ ՀԴՄ-ն, այո, շատ մեծ արդյունք է տվել։ Օրինակ՝ առաջին չորս ամիսների ընթացքում 55 միլիարդով շրջանառությունն ավել է հայտարարագրվել։ Բայց 55 միլիարդի հարկային էֆեկտը մոտավորապես 3-4 միլիարդ է։ Եթե այս չորս ամիսներին, օրինակ, 580 միլիարդի հարկ է վճարվել, էդ 580 միլիարդի մեջ, այ, էդ ՀԴՄ-ի մասը 3-4 միլիարդ է։ Մենք չենք շեշտադրում էդ գործիքը որպես հարկահավաքագրման գործիք։ Մենք շեշտադրում ենք էդ գործիքը, որ հասարակության մոտ լինի ՀԴՄ-ն ստանալու պահանջ, մեր տնտեսվարողների կողմից էլ էդ պարտականությունը լինի գիտակցված։