Սևանին մոտենանք նորահարսի նման, մեզ չխաբենք․ վարչապետը պետք է ձեռքը խփի սեղանին

Սևանին մոտենանք նորահարսի նման, մեզ չխաբենք․ վարչապետը պետք է  ձեռքը խփի սեղանին

Ազգային ժողովում Սևանի հարցով քննարկման ժամանակ Սևանից ընտրված պատգամավոր Հրանտ Մադաթյանը սևանաբնակի իրավունքով պարբերաբար ընդհատում էր Սևանա լճի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին՝ ասելով․ «Բերեք գեղեցիկ պատկերներ չներկայացնենք, ես Սևանին Երևանից ասֆալտի վրայից չեմ նայում»։

Նրան զայրացրել էր Ջավադյանի այն հայտարարությունը, թե հաշվել են, որ 1 միլիոն 800 հազար դոլարով հնարավոր է 5 սարք գնել, մի քանի կետով ՝ Արփա-Սևան թունելով, նաև Հրազդան գետով, մաքուր ջուր բաց թողնել Սևան, նաև պլատֆորմներով մաքրել ջրածածկ անտառտնկարքները։

Մադաթյանը, նաև Միքայել Մելքումյանը ափսոսանք հայտնեցին, որ կառավարությունից ներկա մարդ չկա։ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե բննախից և ԱՆ-ից երկու պաշտոնյա՝ Նունե Բակունցը և ոմն Փիրումյան ներկա են։

«Բերեք չխաբենք։ Էդ տեխնիկան պետք է շարքից դուրս հանել, պարոն վարչապետը թող ձեռքը խփի սեղանին, հանձնարարի»,-առաջարկեց Հրանտ Մադաթյանը։ Նշենք,որ քննարկմանը «Իմ քայլից» գոնե առաջին հատվածում որևէ մեկը չկար։ Մադաթյանն ասում էր, որ վերոհիշյալ տեխնիկան այդ խորության վրա չի կարող աշխատել, չեն կարող որևէ գերան ջրից հանել։

Նա առաջարկեց այդ 100 միլիոնները ծախսելու փոխարեն տրամադրել ավազանի բնակիչներին, նրանք գնան մաքրեն, կոճղերն էլ տանեն տուն։ ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկեց բոլորին գնալ և տեսնել, որ ոչ ոք չի աշխատի։ 

Նաև Հրանտ Մադաթյանը հայտարարեց, որ երեկ 2 ժամ լողացել է Սևանում, դեռ անընդհատ էլ ջուր է խմել։
«Սևանին պետք է մոտենանք նորահարսի նման, հարցեր կան, որ չպետք է բարձրաձայնենք»,- հայտարարեց Մադաթյանը, որը նրա պատասխանն էր ԳԱԱ աշխատակցի այն հայտարարությանը, թե ջուրը տոքսիններ է պարունակում։

«Հարյուր տեսակի անուն տվեք, տոքսիններ, եսիմինչ, ո՞վ ա մահացել»,- հարցրեց նա։
ԲՀԿ խմբակցությունից էլ Միքայել Մելքումյանն էր հարցնում, թե պե՞տք է ֆիքսել՝ ո՞վ է մեղավոր Սևանի այս վիճակի համար։

«Նաև կառավարությանը պատասխանատվության չափը պետք  ա ճշտենք, որ իմանանք՝ ինչ անենք ազգային պարկի հետ»,- ասաց նա։ 

Ջավադյանն էլ նշեց, որ եթե Սևան ազգային պարկը նորմալ աշխատեր, 10 կայանի փոխարեն 100-ը կլիներ։

Սա հունից հանեց «SOS Սևան»  նախաձեռնության խմբի անդամ, էկոլոգ Սիլվա Ադամյանին, ով հայտարարեց, որ Ջավադյանը թող ամեն ինչ չգցի պարկի վրա։ Ասաց, որ ամեն տարի զգուշացրել են՝ չի կարելի նման ջրաբացթողումներ։ Հանձնաժողովը մշտապես անտեսել է։

«Պատասխանատվության մեծ բաժինը Սևանի ներկայիս վիճակի համար հենց հանձնաժողովինն է»,- ասաց նա։

Ջավադյանն էլ ասաց, որ այս տարիների ընթացքում իրենց չի տեսել։

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց միմյանց չվիրավորել, խոստացավ նաև որոշակի ինֆորմացիա ճշգրտելուց հետո հրապարակել այն օլիգարխի անունը, որը հատուկ ռեյսերով խեցգետին է արտահանում Գերմանիա։