Քաղաքացիական հորդորակ Լեզվի կոմիտեին

Քաղաքացիական հորդորակ Լեզվի կոմիտեին

րերս առիթ եղավ առնչվելու ուղղագրական մի խնդրի. ինչպե՞ս է «ճիշտ» գրել՝ Սանկտ-Պետերբո՞ւրգ (միացման գծիկով), թե՞՝ Սանկտ Պետերբուրգ (առանց միացման գծիկի): Թվում է՝ խնդիր, որպես այդպիսին, չկա, քանի որ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առնթեր  Տերմինաբանական կոմիտեի  համապատասխան որոշումը միանշանակ սահմանում է․ «․․․ կապակցությունները, որոնց առաջին բաղադրիչը արտահայտված է որոշչի դեր կատարող ածականով կամ գոյականով, գրվում են առանց գծիկի՝ անջատ»։ Բայց այս որոշմանը հնազանդ (թե՞՝ տեր (սա այն դեպքն է, երբ տերն ու հնազանդը նույն նշանակությունն ունեն․ բառերի ինչպիսի՛ «գենդերային» համերաշխություն)) լինելու դեպքում երկու խնդիր է ծագում՝ նախ՝ ժամանակի, ապա և՝ տրամաբանության: Վերոբերյալ որոշումն ընդունվել է 1976 թվականին՝ շուրջ կես դար առաջ, իսկ այդ ընթացքում իրողություններ են փոխվել, նաև՝ լեզվական, մասնավորապես՝ լեզու է մուտք գործել Սանկտ-Պետերբուրգ հատուկ անունը, որը նախկինում տասնամյակներ շարունակ գործածությունից դուրս էր։ Սակայն այս քաղաքանվան ուղղագրության առումով առավել կարևոր է տրամաբանության դերը։

Սանկտ Պետերբուրգ անվան մեջ երկու ինքնուրույն բաղադրիչ կա՝ Սանկտ և Պետերբուրգ, այնպես, ինչպես՝ Սան Ստեֆանո, Սան Ֆրանցիսկո, Սենտ Լուիս անուններում: Եվ ինչպես այս վերջիններն են գրվում առանձին բաղադրիչներով, թվում է՝ նույնը պետք է պահանջել նաև առաջինի համար: Բայց ահա այստեղ է, որ հրապարակ է գալիս տրամաբանությունը: «Սան» բաղադրիչը, որ հայերեն «սուրբ»-ն է, վերջին քաղաքանուններում միանգամայն տրամաբանական է հնչում, քանի որ խոսքը իսկապես սրբերի մասին է՝ Ստեֆանի, Ֆրանցիսկ/ոյ/ի, Լուիսի, այսինքն՝ «սուրբ»-ն իբրև որոշիչ դրված է անձնանունների վրա, որոնք կարող էին այդ որոշիչը «ընդունել» այնքանով, որքանով սուրբ էր թե՛ Ստեֆանը, թե՛ Ֆրանցիսկը և թե՛ Լուիսը: Բայց կարո՞ղ էր, համաբանությամբ, սուրբ լինել Պետերբուրգը: Պիտերը (Պյոտրը, Պետրոսը)՝ այո, բայց ոչ «բուրգ»-ը՝ քաղաքը:

Սանկտ-Պետերբուրգ անվանման մեջ առաջին բաղադրիչն առանձին գրելով՝ մենք նրան երկրորդ բաղադրիչին ամբողջ ծավալով վերագրելիության պոտենցիալ ենք հաղորդում այն դեպքում, երբ նա վերագրելի  է երկրորդ բաղադրիչի միայն առաջին մասին՝ Պետեր-ին: Հետևաբար, տրամաբանական չէ (ոչ թե՝ սխալ է կամ ճիշտ չէ) Սանկտ Պետերբուրգ հատուկ անվան բաղադրիչների առանձին գրությունը․ դրանք հայերենում ևս պետք է գրել գծիկով՝ Սանկտ-Պետերբուրգ, ինչպես ռուսերենում է: Կամ, առնվազն, ընդունելի համարել երկու ձևերն էլ։

Ի դեպ, վերոբերյալ բոլոր օտար տեղանունները բնագիր լեզվում (անգլերենում) գրվում են առանձին բաղադրիչներով, հետևաբար հայերենը հետևում է բնագրային ուղղագրությանը, ուրեմն ինչու՞ Սանկտ-Պետերբուրգի դեպքում շեղվել այդ սկզբունքից՝ չհետևելով ռուսերենի ուղղագրությանը։ Ճիշտ է, այդօրինակ շեղմամբ հայերենում ապահովվում է այդ կարգի հատուկ անունների ուղղագրության միօրինակությունը, բայց՝ տրամաբանությանը դեմ գնալու գնով։ 
Հետևաբար, կարծում ենք, տերմինաբանական կոմիտեի հիշյալ որոշումը պետք է երբեմն բացառելի համարել, մանավանդ այն դեպքում, երբ դա պահանջում է տրամաբանությունը: (Կեղծ տրամաբանության դրդմամբ մեր օրերում նույնիսկ սահմանադրություններն են բացառությունների ենթարկվում):

Հորդորում եմ Լեզվի կոմիտեին՝ խնդրո առարկայի վերաբերյալ հանդես գալ մեկնաբանությամբ, ինչպես նաև ձեռնամուխ լինել ուղղագրական ու կետադրական որոշ կանոնների բարեփոխումների. դրանք վաղուց, տրամաբանությունից բացի, պարտադրում է նաև ժամանակը:

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ