Հանրայինը կարիք ունի լուրջ վերափոխման․ Տիգրանի բաց նամակը քննարկվում է
Հանրային հեռուստաընկերությունում հասունացած փոփոխությունների մասին խոսակցությունները ուշ թե շուտ պետք է տեղափոխվեն այլ՝ պրոֆեսիոնալ հարթակներ, ուր կոնկրետ հարցերին էլ կտրվեն կոնկրետ պատասխաններ։
Հեռուստալրագրողներից, մշակութաբաններից, հանրային- հասարակական գործիչներից զատ՝ ի՞նչ են առաջարկում լրագրողական կազմակերպությունները, որոնք առավելապես զբաղվում են լրագրողների խախտված իրավունքների վերաբերյալ հայտարարություններ տարածելով։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համամիտ է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի՝ ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին հղված բաց նամակում արտահայտված մտահոգություններին։
«Մենք կարծում ենք, որ այո՛, Հանրային հեռուստառադիոընկերությունում կա լուրջ բարեփոխումների կարիք եւ պատրաստ ենք այդ առումով ցույց տալ անհրաժեշտ պրոֆեսիոնալ, խորհրդատվական օգնություն, ինչը եւ անում ենք։ Ինչ վերաբերում է ավելի լուրջ հարցերին, որոնք առնչվում են կադրերին, պաշտոնյաներին, դրանց համար դեռ բավարար նյութ չունենք, որ համաձայնվենք կամ չհամաձայնվենք Տիգրան Պասկեւիչյանի հետ»,- նշեց նա։
ԵՄԱ նախագահը հիշեցնում է, որ անհրաժեշտ փոփոխություններ են առաջարկում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծում, որը ներկայացվել է խորհրդարան եւ լրագրողական հանրության քննարկմանը։
«Այնտեղ արդեն նախատեսված են որոշակի մեխանիզմներ բարեփոխումների համար։ Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է պրակտիկ մակարդակը։ Հենց այս օրերին մենք միջազգային փորձագետների հետ քննարկում ենք Հանրային հեռուստաընկերության բարելավման հարցերը, այդ թվում նաեւ անդրադառնում ենք այն հարցերին, որոնք արծարծում է Տիգրան Պասկեւիչյանը։ Մասնավորապես մեզ հետաքրքրում է, թե ինչ արագությամբ պետք է իրականացվեն այդ քայլերը եւ ՀՌԽ ղեկավարությունը, որը մասնակցում է այդ քննարկումներին, հաշվի կառնի փորձագետների առաջարկած գաղափարները»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Բաց նամակում նշված է նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի՝ մրցույթով ընտրության մասին։
ԵՄԱ նախագահը հիշեցնում է, որ տնօրենի ընտրության հարցը որոշում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, բայց դա չի կարող իրականացվել կամավոր եղանակներով։
Մեր դիտարկմանը, թե Քննչական կոմիտեում գործ է քննվում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի չարաշահումների հետ կապված, ԵՄԱ նախագահն արձագանքեց․ «Այդ գործին մենք ծանոթ ենք մամուլի հրապարակումներից, բավականին անհստակ է, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրում դրանց համար։ Կարծում եմ, դեռ նախաքննություն մարմինը դեռ պետք է այդ մասին վերջնական տեղեկատվություն ներկայացնի, ինչի հիման վրա էլ կադրային հարցերի վերաբերյալ կկայացվեն որոշումներ»։
Կարծիքներ